ՀՅԴ հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումի մասին
Սիրելի’ հայրենակիցներ
2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններով Հայաստանի ստանձնած պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Այսպիսով մեկնարկեց մեր ազգային պետական շահերը վտանգող` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքներին եւ համազգային նպատակներին հակասող դրույթներ ներառող արձանագրությունների վավերացման ներպետական ընթացակարգը:
ՀՅ Դաշնակցության համար ի սկզբանե անընդունելի էր արձանագրություններում թուրքական կողմի երեք նախապայմանների իրականացմանը ծառայող նախադրյալների առկայությունը, որոնց նպատակն էր ձախողել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ձեւավորել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գործող սահմանը ամրագրող իրավական հիմքերը, փոխկապակցելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները` հասնել հիմնահարցի` Ադրբեջանին ձեռնտու լուծման:
Մենք համոզված էինք եւ ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը, հանգամանորեն վերլուծելով գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, բավարար հիմք ուներ Հայաստանի կողմից այս արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները ճանաչել ՀՀ սահմանադրությանը չհամապատասխանող:
Ցավոք, դա տեղի չունեցավ: Այդուհանդերձ մենք գտնում ենք, որ ե’ւ Հայաստանում, ե’ւ Սփյուռքում ազգային-պետական շահերը վտանգող արձանագրությունների դեմ ծավալված ընդվզումը օր օրի տալիս է իր դրական արդյունքը:
Առաջին փաստն այն է, որ Սահմանադրական դատարանի որոշումը նույնպես ապացուցում է` այս արձանագրությունները ՀՀ արտաքին գործերի նախարարի վատ աշխատանքի արդյունքն են: Հաջորդը` Սահմանադրական դատարանը իր արտահայտած իրավական դիրքորոշումների մեջ արձանագրությունների առարկա է ամրագրել բացառապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ ընդհանուր` փաստացի սահմանի բացումը: Բացի դրանից, Սահմանադրական դատարանն անդրադարձել է առկա հիմնական մտահոգություններին եւ բավարար հիմքեր է ստեղծել Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան վերապահումներ կատարելու համար:
Մասնավորապես` Սահմանադրական դատարանը ամրագրել է, որ այս արձանագրություններն ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ եւ Հայաստանի Հանրապետությունը չի կարող ստանձնել երրորդ երկրին վերաբերող որեւէ պարատավորություն: Սա Արցախի հարցով:
Հայոց ցեղասպանության հետ կապված` Հայաստանի կողմից ստանձնվելիք որեւէ պարտավորություն չի կարող հակասել ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետի պահանջներին: Այսինքն` Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական սահմանների իրավական ամրագրումը այս արաձանագրություններով չի կարող տեղի ունենալ: Սահմանների հարցը բաց է մնում: Այն կարող է լուծվել բացառապես ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված, հետագայում քննարկվելիք առանձին միջպետական պայմանագրի միջոցով:
ՀՅ Դաշնակցությունը, կարեւորելով այս իրավական գնահատականները, հաստատում է, որ դրանք կարող են լիարժեքորեն չեզոքացնել առկա վտանգները, եթե վավերացման փուլում Սահմանադրական դատարանի այս որոշման ուժով, միջազգային իրավունքին համապատասխան, վերածվեն արձանագրությունների անբաժան մասը կազմող վերապահումների:
Սիրելի’ հայրենակիցներ, մենք կարող ենք եւ իրավունք ունենք Սահմանադրական դատարանի այս որոշումը մեր համահայկական պայքարի, այդ պայքարին միացած քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, մեր ամբողջ ժողովրդի որոշակի ձեռքբերումը համարել:
Բայց հիմնական պայքարը առջեւում է: Բազմապատկելով ընդհանուր ջանքները` մենք պետք է ՀՀ իշխանություններին մղենք ու պարտադրենք` ամբողջացնել ու տրամաբանական ավարտին հասցնել գործընթացը:
Մեր վերջնական նպատակն է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել այնպես, որ չվտանգվեն մեր ազգային-պետական շահերը, եւ չզիջվեն մեր եւ մեր սերունդների արդարացի իրավունքները:
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
12 հունվար 2010 թ.