ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը
Քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկամյա գործընթացը եւ այդ ասպարեզում ստեղծված ներկա կացությունը` Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը գտնում է, որ, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտությունը ըստ էության ձախողվել է: Մենք հաստատում ենք.
-Մինչեւ այժմ կարգավորման գործընթացը ծառայել եւ ծառայում է բացառապես Թուրքիայի շահերին: Մի կողմից Թուրքիան միջազգային հանրության ուշադրությունը շեղում է իր ներքին խնդիրներից եւ երեսպաշտորեն հանդես է գալիս իբրեւ հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու կողմնակից, մյուս կողմից` միջազգային ասպարեզից քայլ առ քայլ դուրս է մղվում հայկական օրակարգը:
-Կոպտորեն խախտելով պայմանավորվածությունները` Թուրքիան փաստորեն չի հրաժարվում նախապայմաններից: Ավելին` նա փորձում է պայմաններ թելադրել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում` բացահայտ կանգնելով Ադրբեջանի թիկունքին եւ գլխիվայր ներկայացնելով հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքը:
-Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանները իրենց բնույթով ոչ միայն անընդունելի են, այլեւ` անօրինական: Դրանք վիրավորում են մեր ազգային արժանապատվությունը եւ վտանգում հայկական երկու պետությունների ու մեր ժողովրդի ապագան:
-Իրականությունն այն է, որ Թուրքիան շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը` միաժամանակ փորձելով մոլորեցնել միջազգային հանրությանը: Ակնհայտ է, որ իր կողմից փակված սահմանի բացումը Թուրքիայի միջազգային պարտավորությունն է եւ չի կարող ծառայել իբրեւ Հայաստանին նախապայմաններ թելադրելու լծակ կամ միջոց:
-Այս շրջափուլում Հայաստանը եւ հայությունը պարտավոր են ապացուցել, որ Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում էլ կարող են առաջադրել քաղաքական ու տնտեսական բարձր նպատակներ ու իրականացնել դրանք` տարածաշրջանում դառնալով հաշվառելի գործոն ու զարգացած պետություն` առանց զիջելու մեր համազգային շահերը:
Մեկնելով այս հաստատումներից` Հայաստանի Հանրապետության նախագահին կոչ ենք անում վերանայել իրականացվող քաղաքականությունը եւ կասեցնել ընթացող բանակցությունները:
Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է առաջնորդվի հետեւյալ մոտեցմամբ. երկու պետությունների միջեւ հարաբերությունները կարգավորելու, առկա խնդիրները լուծելու ճանապարհի մեկնակետը Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման անհապաղ վերացումն է եւ միջազգային պրակտիկայում կիրառվող ընդհանուր կարգով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին
27 մայիս 2009թ.