Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Դավութօղլուի հետ
Ռուզաննա Ստեփանյան
Հունվարի 20-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) հունվարի 12-ի որոշման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարության հնչեցրած դժգոհությունները։
Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը քննադատել էր հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի սահմանադրությանը չհակասելու մասին Հայաստանի ՍԴ-ի որոշումը` պնդելով, թե դրանում կան նախապայմաններ, եւ այն վտանգում է հայ – թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը:
Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը տարակուսանք է հայտնել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման առիթով Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից հունվարի 18-ի հայտարարության կապակցությամբ: Նախարարը նշել է, որ ՍԴ-ի որոշման մեջ նախապայմաններ եւ հիմնարար նպատակի հետ հակասություն տեսնելը առնվազն զարմանք է հարուցում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել առ այն, որ Թուրքիայում 2009 թվականի հոկտեմբերից ի վեր վավերացման գործընթացում որեւէ առաջընթաց չի նկատվում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ ընդգծել է, որ թուրքական կողմը շարունակաբար փորձում է նախապայմաններ առաջ քաշել՝ ստեղծելով արհեստական պատրվակների փնտրտուքի տպավորություն եւ վտանգի տակ դնելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը:
Նախարար Նալբանդյանը հավելել է, որ Հայաստանում վավերացման գործընթացը ընթանում է սահմանված կարգով եւ առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայությունն է Սահմանադրական դատարանի որոշումը` սահմանված ժամկետից առավել քան մեկ ամիս շուտ:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է, որ անհրաժեշտ է, համաձայն ստանձնած հանձնառությունների, հետամուտ լինել արձանագրությունների անհապաղ վավերացմանն ու իրագործմանը` ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղված մտացածին պատրվակներ առաջադրելու գործելաոճից։
Նույն օրը Հայաստանի ՍԴ-ի որոշմանն է անդրադարձել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Էրդողանը ընդգծել է, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը կարող է վնաս հասցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացին։
Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյան
«Ուզում են այս պահին մեղքը գցել Հայաստանի վրա», – չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը, մենկաբանելով ստեղծված իրավիճակը, հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Դաշնակցական գործչի համոզմամբ, թեեւ արձանագրությունների վավերացումը բխում է Թուրքիայի շահերից, այս պահին դրանք Անկարայի համար առաջնահերթություն չեն։ Հնարավորինս ձգձգելով արձանագրությունների վավերացման գործընթացը` Թուրքիան, ըստ Մանոյանի, փորձում է Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնել։
«Սահմանադրական դատարանի որշումը իրենց համար առիթ էր, չեմ կարծում, որ իրական պատճառ էր», – ընդգծեց Կիրո Մանոյանը։