Հայ-թուրքական արձանագրությունները ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող
Անուշ Մարտիրոսյան, Ռուզաննա Ստեփանյան
2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող: Նման վճիռ կայացրեց Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը կայացած նիստում:
Դատարանի որոշումը հրապարակեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Դահլիճում ներկաները՝ հիմնականում ՀՅԴ-ի անդամները, արձագանքեցին՝ «Ամոթ», «Բոլորդ կատարածու եք» բացականչություններով», ինչին Գագիկ Հարությունյանը հակադարձեց. – «Փորձեք ուսումնասիրել, հետո արտահայտվել»:
Ըստ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, Սահմանադրական դատարանի ներկայացրած իրավական դիրքորոշումները «դրսի համար իրավական ուժ ունենալ չեն կարող». – «Այս բոլորը ուղղված է ներքին սպառման համար: Եթե ուզում ենք սա միջազգային իրավունքի տեսակետից ուժ ստանա, սա պետք է համապատասխան վերապահումով փոխանցվի թուրքերին»:
Ռուստամյանի կարծիքով, խնդիրը լուծելու երկու ճանապարհ կա. կա՛մ Ազգային ժողովը պետք է փոփոխություններ կատարի Կանոնակարգում եւ փոփոխություններ կատարելու իրավունք ձեռք բերի, կա’մ նախագահ Սերժ Սարգսյանը ինքը այդ վերապահումները պետք է անի՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի՝ այսօր ներկայացրած դիրքորոշումները:
«Նախագահը այդ հնարավորությունն ունի: Ես կարծում եմ, այս իմաստով, նախագահն ունի այս քայլը կատարելու պատմական առիթը», – ասաց Ռուստամյանը:
Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կա արդյոք վերապահումներ կատարելու անհրաժեշտություն, արձագանքեց. – «Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ»:
«Ես արձանագրությունների մեջ նախապայմաններ չեմ տեսնում», – շարունակեց Շարմազանովը: – «Ավելին՝ առաջինը պետք է վավերացնի թուրքական կողմը, որը մշտապես խոսել է նախապայմանների եւ ուլտիմատումների լեզվով»:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց, թե Սահմանադրական դատարանը «ընդամենը կատարել է նախագահ Սերժ Սարգսյանի պարտադրանքը»:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը «վաղուց է կայացվել», իսկ Դաշնակցության բողոքի ակցիաները «ձեւական բնույթ են կրում»:
«Մենք ունենք խամաճիկային ընդդիմություն, որը իբր թե բողոքում է, մենք ունենք խամաճիկային Սահմանադրական դատարան, որը արդեն գիտի ինչ է որոշելու, որովհետեւ որոշումը հրահանգով արդեն դրված է», – ասաց Զուրաբյանը:
Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո դատարանի շենքի մոտ վաղ առավոտից հավաքված ցուցարարներին մոտեցավ Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ առաջարկեց գնալ տուն:
Ցուցարարներից մեկի դիտարկմանը, թե «իշխանություններին պետք է փոխել», Հովհաննիսյանը արձագանքեց. – «Շուտ է: Պայքարը առջեւում է»: