ՍԴ-ն հայ-թուրքական արձանագրությունները կքննարկի փակ դռների հետեւում
Երեւան (Երկիր) – Հայաստանի Սահմանադրական դատարանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների սահմանադրականության հարցը կքննարկի փակ դռների հետեւում. այսօր` նախքան քննարկումը սկսելը, հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ վճիռ կայացնելու համար առավելագույն ժամկետ է սահմանված` երեք ամիս:
ՍԴ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ հունվարի 11-ին ՀՅԴ եւ այլ քաղաքական ուժերի կողմից ՍԴ-ին ուղղված նամակը բաժանվել է դատարանի բոլոր անդամներին։
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով փակ քննարկում անցկացնելու որոշումը` ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ դա չի հակասում օրենքին, սակայն, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, ՍԴ-ն կարող էր բաց քննարկում անցկացնել: «Հուսով եմ` որոշում կկայացվի ի շահ մեր ժողովրդի եւ եղած փաստարկների ամբողջական գնահատման հիման վրա»,- ասաց Ա. Ռուստամյանը։