Գոլը, Գյուլը, Արարատն ու տշոցին

Վերջին շաբաթվա ընթացքում հեռուստաէկրանին ու տպագիր մամուլում ամենաշատ երեւացող դեմքերից մեկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Պատճառը հասկանալի է` վաղը «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն է, եւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի այցը Երեւան:

Ամեն անգամ Ռ. Հայրապետյանը կոչ է անում չքաղաքականացնել մարզական միջոցառումը: Այնուհանդերձ, ֆուտբոլասերներին ուղղված նրա կոչերի գերակշիռ մասը քաղաքական կոնտեքստ ունի: Պետք է նկատել, որ ֆուտբոլային այս մրցախաղն ու Թուրքիայի նախագահի այցը հենց սկզբից քաղաքականացվեցին ո՛չ Հայաստանում, այլ` Թուրքիայում:

Ֆուտբոլային խաղ դիտելու հնարավորությունը Թուրքիայի նախագահի հանձնարարականով շուրջ մեկ ամիս քննարկման է ենթարկվում, ծանր ու թեթեւ է արվում երկրի արտգործնախարարությունում, ազգային անվտանգությունում, նախագահի աշխատակազմում:

Միասնական դրական եզրակացության հիմնավորումները քաղաքական են ամբողջապես: Համապատասխան գերատեսչությունները հնարավոր, նույնիսկ ցանկալի են համարում իրենց նախագահի ֆուտբոլ դիտելը Երեւանում մեկ հիմնական կռվանով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը մերժելու պարագայում Թուրքիայի իշխանությունները միջազգային հանրության կողմից կընկալվեն որպես հարեւան երկու երկրների համագործակցության խափանման հիմնական մեղավոր: Որ դա այդպես է երկար տարիներ` գիտեն բոլորը:

Սակայն Թուրքիան կարողացել է մինչ օրս խուսափել նման պիտակից: Այսինքն` սպասվելիք այցն էլ այս գործընթացի շարունակությունն է ընդամենը: Մարզական միջոցառման սրանից ավելի քաղաքականացումն ուրիշ ի՞նչ կերպ է լինում:

Այցի հաջորդ հիմնավորումը նույնպես խիստ քաղաքական է: Բոլոր վերը նշված գերատեսչությունները հաստատում են, որ իրենց նախագահի այցը Հայաստան չի վնասի թուրք-ադրբեջանական հարաբերություններին:

Սա էլ քաղաքականացման երկրորդ փաստարկը: Այսինքն` աներկբա է, որ Թուրքիայում ֆուտբոլային խաղին վերաբերվում են ոչ պարզ սպորտային մրցապայքարի ենթատեքստում: Իսկ ի՞նչ է կատարվում այդ ընթացքում Հայաստանում:

Անհասկանալի հրճվանքի մի ալիք է պարուրել մեր իշխանություններին: Շատերին թվում է, թե Թուրքիայի նախագահի այցից հետո մեր երկիրը հաջորդ իսկ առավոտյան արթնանալու է ավելի անվտանգ, ապահով ու բարգավաճ:

Նրանց լիակատար էյֆորիային կարծես թե խանգարում է միայն մեկ ուժ` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որը պատրաստվում է առիթն օգտագործել եւ արդար պահանջատիրության ու բողոքի մի քանի ցուցապաստառներ պարզել մարզադաշտում կամ Թուրքիայի նախագահի անցնելիք ճանապարհին:

Այս ակցիաները ավելի շատ բարոյական շեշտ են կրում, քան քաղաքական: Սակայն հեռուստատեսությունն ու մամուլը ափիբերան փորձում են ՀՅԴ այս մտադրությունը ներկայացնել որպես չափից ավելի քաղաքականացում, չափից ավելի անբարեկիրթ, անքաղաքավարի եւ անգամ անքաղաքակիրթ:

Ավելին` թե՛ իշխանամետ եւ թե՛ ընդդիմադիր մամուլն այս առիթով փորձում է Դաշնակցության կեցվածքը խիստ սպառնալից ներկայացնել ինչպես առհասարակ աշխարհաքաղաքական, այնպես էլ բուն ֆուտբոլային խաղի ընթացքի իմաստով: Այդպիսի քարոզչության արդյունքում փորձ է արվում վախ ներշնչել հասարակության մեջ, ու պատահական չէ, որ 50 000 տոմսից խաղից մեկ-երկու օր առաջ վաճառվել էր ընդամենը 12 000-ը:

Որդու անկոտրում պնդումներին, թե ինքն անպայման գնալու է «Հրազդան»` խաղը դիտելու, վախեցած ու ըստ երեւույթին բառախաղի հետ սեր ունեցող մայրը պատասխանում էր, թե երեխա չունի «Գյուլի» բերան ուղարկելու:

Անհանգստությունն այնքան մեծ է, որ ֆեդերացիայի նախագահը հայտարարեց, թե բացի մարզական պաստառներից, այլ ցուցապաստառներ չեն թույլատրելու մարզադաշտ տանել:

Հետաքրքիր է, թե ինչ հիմնավորումով է խախտվելու արտահայտվելու կամ ինչպես վերջին ամիսներին էր ընդունված ասել` «ինքնաբխվելու» մարդկանց իրավունքը: Ռուբեն Հայրապետյանն ունի իր յուրօրինակ հիմնավորումը. աշխարհի բոլոր մարզադաշտերում էլ արգելվում են ռասայական կոչեր հնչեցնել կամ նման պլակատներ պարզել: Հասանք այդ օրվան, որ պահանջատիրությունը նույնացվեց ռասայական խտրականության դրսեւորման հետ:

ՀՀՖ նախագահը նաեւ համոզում է հայ երկրպագուներին` լինել քաղաքակիրթ ու անպայման ոտքի կանգնել Թուրքիայի օրհներգի ներքո: Հազարավոր ֆուտբոլային մրցախաղեր ենք դիտել, երբ ֆուտբոլասերները ոտքի չեն կանգնում մրցակցի հիմնի հնչելու պահին, եւ սարսափելի ոչինչ չի կատարվում: Իր մամլո ասուլիսի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, թե հայ ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայի Արարատը հանվել է ոչ թուրքական կողմի պահանջով:

Սա չի՞ նշանակում, արդյոք, որ զինանշանի վրայից Արարատը հանվել եւ տեղը գնդակ է տշվել Թուրքիային չնեղացնելու սեփական անպատվաբեր նախաձեռնությամբ: Այս տրամադրության շարունակությունը չէ՞ միթե Հայոց Ցեղասպանության փաստին նրա տված գնահատականը, թե` հարյուր տարի առաջ մի բան է եղել… Այդ «մի բանը» նրանք էլ են ասում, նույնիսկ ավելի խիստ են բնորոշում, քան մեր մարզական պատասխանատուները: Նրանք գոնե ցավալի դեպքեր են անվանում:

Լավ է, որ սուպերքաղաքակիրթ երեւալու ձգտմամբ չի առաջարկվում գոլի փոխարեն տրիբունայից Գյուլ գոռալ, երբ գնդակը հայտնվի հակառակորդի դարպասում: Մինչդեռ ՀՅԴ-ն ոչ մեկ անգամ հայտարարել է, որ ոչ մի անկարգություն ոչ միայն չի նախաձեռնելու, այլեւ թույլ չի տալու, եւ զուր են վախեցած խաղի պատասխանատուներն ու զուր են վախեցնում մեր ֆուտբոլասերներին:

Կանցնի այս ֆուտբոլային հանդիպումը, հուշ կդառնա նաեւ Թուրքիայի նախագահի այցը Հայաստան: Այո, հնարավոր է, որ խաղում հաղթենք, հնարավոր է նաեւ, որ այցը որոշակի բարելավում մտցնի հայ-թուրքական հարաբերություններում, բայց չլինի այնպես, որ օրեր անց հայերս մեզ նվաստացած զգանք, թե ինչի՞ էինք էդքան իրար խառնված, էդքան ծուռվիզ ու շողոքորթ:

Խմբագրական խորհուրդ

«ԵՐԿԻՐ»