ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնությունը լրջագույն քայլ էր եւ պետք է դառնար միակ զիջումը, որ կատարում է Ցեղասպանություն վերապրած, շրջափակման ենթարկված կողմը:

Հրապարակված արձանագրությունների բովանդակությանը չեն համապատասխանում եւ մեր ժողովրդի զգոնությունը թուլացնելուն են կոչված այն պնդումները, թե, իբր, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման վերացման գործընթացն իրականացվում է առանց թուրքական նախապայմանների բավարարման:

Ակնհայտ իրողություն է, որ.
– Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանները ամրագրող այլ պայմանագիր, բացի Մոսկվա-Կարս փոխկապակցված եւ ապօրինի պայմանագրերից, գոյություն չունի: Ուստի ճանաչելով այդ սահմանները` մենք առաջին անգամ, որպես անկախ պետություն, վավերացնում ենք այդ պայմանագրի` Թուրքիայի համար ամենաանհրաժեշտ հատվածը: Այդպիսով` բավարարվում է նրա գլխավոր նախապայմաններից մեկը` այսօրվա սահմանների ճանաչումը:

– Հնարավորություն տալով ձեւավորել պատմական հարթության վրա քննարկումներ իրականացնող ենթահանձնաժողով, չստեղծելով անհրաժեշտ որեւէ նախադրյալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, կասեցվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, նոր հնարավորություններ են առաջանում Թուրքիայի կողմից իրականացվող ուրացման քաղաքականության ակտիվացման համար: Այդպիսով` բավարարվում է Թուրքիայի հաջորդ պահանջը` կասեցնել Ցեղասպանության ճանաչման` վերջին ժամանակներում թափ առած միջազգային գործընթացը:

– Հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների ժամանակային առումով փաստացի փոխպայմանավորումը, տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրմանը զուգահեռ ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման պարտավորության բացակայությունը լայն ճանապարհ են հարթում վերոնշյալ գործընթացների փոխկապակցման եւ դրանց հանգուցալուծման գործում Թուրքիայի դերակատարության մեծացման համար: Այսպիսով` Թուրքիան հնարավորություն է ձեռք բերում հասնել իր հաջորդ նախապայմանի բավարարմանը` պահանջելով Հայաստանից եւ միջնորդներից` իրեն ձեռնտու զարգացումներ ապահովել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

– Վերջապես` միակողմանիորեն փակելով սահմանները եւ այն բացելու երկկողմ որոշում արձանագրելով` Թուրքիան սահմանների` մինչ օրս փակ լինելու պատասխանատվությունը փաստորեն կիսում է Հայաստանի հետ:

Մենք` ներքոստորագրյալ քաղաքական ուժերս, պահանջում ենք չստորագրել հրապարակված արձանագրություններն այս տեսքով եւ իրականացնել վերոնշյալ վտանգները չեզոքացնող փոփոխություններ:

Հայտարարությունը ստորագրել են`
ՀՅ Դաշնակցություն – Ա. Ռուստամյան
Ժողովրդական Կուսակցություն – Տ. Կարապետյան
ՀՌԱԿ – Հ. Առաքելյան
«Նոր Ժամանակներ» – Ա. Կարապետյան
«Ժառանգություն» – Ա. Մարտիրոսյան
«Գոյամարտ» – Ս. Ղազարյան
«Մայր Հայրենիք» – Կ. Թումանյան
ՀԱՍԿ – Մ. Շահվերդյան
«Միավորված Հայեր» – Ռ. Ավագյան
«Ազգային միասնության Ուխտ» – Ռ. Համբարձումյան
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն – Ա. Սարգսյան
Հայ Արիական Միաբանություն – Ա. Ավետիսյան

2009թ. հոկտեմբերի 7