Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին
Հոկտեմբերի 10-ին, Երեւանի ժամանակով ժամը 23.15-ին` 3 ժամ ուշացումով, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» նախաստորագրված արձանագրությունները:
Ստորագրման արարողությանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:
Արարողակարգով նախատեսված էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հանդես են գալու հայտարարություններով, սակայն դա տեղի չունեցավ: Իսկ փաստաթղթերի ստորագրման 3-ժամյա ուշացման պատճառը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանի պատվիրակության անհամաձայնությունն էր Թուրքիայի արտգործնախարարի հայտարարության տեքստի հետ, որում տեղ էին գտել հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումներ: