ԴԻՄՈՒՄ – ՊԱՀԱՆՋ
Պարոն նախագահ
Մենք` 2009թ. հոկտեմբերի 9-ի բազմահազարանոց բողոքի երթի մասնակիցներս, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը շեղվել է Հայաստան – Թուրքիա հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու ուղեգծից:
Նախաստորագրված արձանագրություններում առկա են մեր պետության եւ ժողովրդի համար խիստ վտանգավոր դրույթներ, որոնք սպառնալիք են մեր ազգային, պետական շահերին եւ միասնությանը:
Ներքաղաքական քննարկումների համար սահմանված վեց շաբաթն ապացուցեց, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը` թե՜ Հայաստանում, թե՜ Սփյուռքում, դեմ է այս տեսքով փաստաթղթերի ստորագրմանը:
Միայն մեկ վայրում` Հանրապետության հրապարակում, ստորագրահավաքին միացել են 50 հազարից ավելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: 12 կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Փաստաթղթերին բացասաբար են արձագանքել 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ:
Եվ սա այն դեպքում, երբ երկրում գործող հեռուստաընկերությունները, մասնակի բացառությամբ, արձանագրություններին դեմ արտահայտվողներին փաստացի զրկել էին մարդկանց բացատրելու, իրազեկելու հնարավորությունից:
Դեմ չլինելով առանց նախապայմանների սահմանը բացելու եւ հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը` մենք վճռական ՙոչ՚ ենք ասում սերունդների իրավունքը ոտնահարող, մեր պետության եւ ժողովրդի անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող այս արձանագրություններին եւ Ձեզանից պահանջում ենք չստորագրել դրանք:
Հակառակ պարագայում Դուք եք պատասխանատու լինելու այս գործընթացի անկանխատեսելի հետեւանքների համար:
09 հոկտեմբեր, 2009թ.
Երեւան