Րաֆֆի Հովհաննիսյանի բաց նամակը հայ ազգին
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԱԶԳԻՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Հայ ազգի պատմությունը մղձավանջ է եղել` լի տառապանքով, ողբերգությամբ ու ցեղասպանությամբ: Սակայն հազարամյակի այդ արհավիրքների շղթայում հայ ազգը երբեւիցե կամովին չի գնացել փորձություններին ընդառաջ:
Այժմ հայությունն ազգովի կանգնած է վիհի եզրին, եւ անպատշաճ կերպով ընտրված ղեկավարներն ակնհայտորեն մրցում են մեր ե՛ւ ինքնության, ե՛ւ շահերի լքման համար:
Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը գրչի մի հարվածով հատեցին վտանգի եւ արժանապատվության գիծն ու 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում (Շվեյցարիա) հրաժարվեցին հինավուրց երկրի եւ նրա բնիկ ժառանգների հիմնարար իրավունքների, անվտանգության ու ամբողջականության տեւական պահպանման ազգային որոնումից:
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական զույգ «արձանագրությունների» ստորագրումն իրոք կարող է դառնալ հայ ազգի դեմ կատարված եւ քողարկված ոճրագործությունների հաշվեմատյանի ամենավերջին գրառումը:
Հիմնարար արժեքներն առքուվաճառքի առարկա չեն
Որպես հայ ազգի ծառա` անդրադարձ կատարելով իմ նախկին պաշտոններին ու ներկա ընդդիմադիր կեցվածքին, ես ապշահար եմ այս վերջին ոճիրից: Իբրեւ Հայաստանի քաղաքացի, ով տարիներ շարունակ այդ պատվից զրկվել էր իրար հաջորդող իշխանությունների կողմից, ցավում եմ, քանի որ մեր ազգի հոգին վաճառվում է Թուրքիայի հետ «բարի կամքի» եւ «բաց սահմանների» կեղծ խոստումով:
Մեր կենսական արժեքները` սկսած Ցեղասպանության ժառանգների մեր հավաքական պատասխանատվությունից մինչեւ ազատության եւ պատկանելիության անհատական արտահայտում, առքուվաճառքի առարկաներ չեն: 1915թ. անպատասխան մնացած այդ կորստաբեր հայեցակարգը, որը հայ ժողովրդի, հայոց բնօրրանի, ուստիեւ հայ ազգի ոչնչացմանն ուղղված սկզբնաղբյուր ծրագիր է, արդի մեր ինքնության գլխավոր ակունքներից մեկն է, իսկ այդ հայեցակարգի արդար հանգուցալուծումը` մեր ապագա ազգային անվտանգության խարիսխը:
Սա կեղծիք է եւ ոչ թե դիվանագիտություն
Հայերի համար ի՞նչ գին է ունենալու «բաց սահմանը», որը բոլոր քաղաքակիրթ ազգերին ընդհանրապես անվճար տրվող շնորհ է:
Իհարկե` յուրաքանչյուր հայ խաղաղություն, բարգավաճում եւ բարիդրացիական հարաբերություններ է ցանկանում: Սակայն այս արձանագրություններում առկա է դրանց սոսկ շատ բարձր գին ունեցող պատրանքը:
Նպատակներն ընդհանուր առմամբ ճիշտ են. հարեւանների միջեւ բաց սահմաններ եւ բնականոն դիվանագիտական հարաբերություններ ունենալը մաքուր ու ողջամիտ մղումներ են: Սակայն մեր օգտագործած միջոցները պետք է լինեն մեր ցանկալի նպատակների հետ նույնքան մաքուր ու ողջամիտ: Դժբախտաբար, հայ եւ թուրք իշխանությունների սկիզբ դրած գաղտնի դիվանագիտական գործընթացն իր հիմքում արատավոր էր, եւ այդ հիմքը դրվեց արյունոտ մի հողում, որտեղ ուժերի ակնհայտ անհամաչափությունը հարատեւում է ցայսօր:
Առաջին` արձանագրությունները Հայաստանից պահանջում են հրաժարվել իր օրինական պատմական իրավունքներից եւ «դե յուրե» ճանաչել Թուրքիայի «դե ֆակտո» սահմանները, որոնք գծվել եւ նախասահմանվել էին հայ ժողովրդին իր բնօրրանում ոչնչացնելու եւ հայրենի օջախից բռնի կերպով զրկելու հիման վրա: Սա անելով հանդերձ` նրանք պահանջեցին եւ, փաստորեն, ստացան հայկական նախագահականի հավանությունը մարդկության դեմ այդ աներեւակայելի ոճիրի հանդեպ, որը հայ սերունդներին զրկել է իր քաղաքակրթությունից, ժառանգությունից եւ հայրենիքից:
Երկրորդ` այս արձանագրությունները ներառում են ահաբեկչության երկուստեք դատապարտման խնդիրը` շրջանցելով, սակայն, ավելի մեծածավալ ու եղկելի ոճրագործության` Ցեղասպանության դատապարտումը:
Երրորդ` արձանագրությունները պահանջում են հարաբերությունների «պատմական հարթության երկխոսություն»: Այս քայլով, որը Հայոց ցեղասպանությունը «դատարկ արձագանքի սրահի» ներսում բանտելու կողմնակալ փորձ է, ոչ միայն ձեռնոց է նետվում Ցեղասպանության անառարկելի իրողության վրա, այլեւ ապահովվում է հայկական պետության մեղսակցությունը` Թուրքիային ազատելու իր ցեղասպան գործողությունների համար որեւէ պատասխանատվությունից:
Այս պայմանների կենսակոչման պարագայում շատ քիչ բան է մնալու Թուրքիայի եւ աշխարհի կողմից Ցեղասպանության վերահաստատման ու դատապարտման օրինական ակնկալիքից: Երկխոսության հարատեւ եւ անորոշ բնույթը օգտագործելով որպես հակակշիռ` Թուրքիան մշտապես կշրջանցի եւ կհետաձգի իր անմարդկային արարքների պատասխանատվությունը:
Կլինի՞ հարաբերությունների բնականոնացում, թե ոչ` տակավին մշուշապատ անհայտություն է, սակայն միանշանակ է, որ այս արձանագրությունները մեզ դույզն իսկ չեն տանում հաշտեցման այն անաղարտ ու ամբողջական դաշնությանը, որը հիմնված է ճշմարտության վրա, եւ թուրք-հայկական ընդհանուր պատմության բոլոր դրվագների խիզախ ճանաչմանը` ներառյալ Մեծ եղեռնը եւ հայ ժողովրդի ազգային Հայրենազրկումը:
Արձանագրությունները բուն հեռանկարում
Դիվանագիտական «բեկումների» բոլոր արարողությունների եւ պայմանների լույսի ներքո մենք չենք կարող մոռանալ, որ հարաբերությունների «բնականոնացման» բեռը միշտ եղել է ու կա Թուրքական հանրապետության ուսերին: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակելու եւ բնականոն դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելու որոշումները, որոնք բոլոր գործող միջազգային նորմերի խախտում են, կայացրեց եւ ի կատար ածեց բացառապես միակողմանի կերպով: Հետեւապես, արձանագրություններում արտացոլված թուրքական «զիջումներից» յուրաքանչյուրը սովորական եւ քաղաքակիրթ երկրի ամենատարրական նվազագույն պարտավորությունն է:
Ուրեմն` սահմանի բացման եւ հարաբերությունների բնականոնացման վերաբերյալ Թուրքիայի դատարկ ու մերկախոս պատրաստակամությունը, որ արձանագրությունների շրջանակում իր իսկ պարտավորությունների սահմանն է, անհարկի ցուցամոլություն է: Այս քայլերի համար որեւէ միջազգային նախաձեռնություն հարկավոր չէր: Եվ փաստը, որ Թուրքիան այդ որոշումը հիմա է կայացրել` ամբողջ մի ազգի զոհաբերությունը ընդունելուց հետո միայն, արժանի է ոչ թե գովասանքի, այլ նրա դիվանագիտական հավելումների հետեւում գտնվող էության հանդեպ շարունակվող թերահավատության, թե արդյո՞ք այդ հավելումներն աղերս ունեն Եվրամիության կամ էլ ավելի մեծ աշխարհաքաղաքական նպատակների հետ:
Արձանագրություններից դեպի խորհրդարաններ
Քանի որ հայկական եւ թուրքական կողմերն արդեն ստորագրել են խնդրո առարկա արձանագրությունները, երկրորդ փուլը` դրանց վավերացումը, տեղի կունենա պաշտոնական Երեւանի եւ Անկարայի խորհրդարաններում:
Ցավոք, խորհրդարանի` պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ խորհուրդ եւ թույլտվություն տալու ավանդական դերակատարությունը վերացնելով` գործադիրներն այս արձանագրություններում որեւէ փոփոխություն կամ նրա մշակում կատարելն արգելեցին: Սա ոչ միայն ակնբախորեն հակասում է ժողովրդավարական չափանիշներին ու փորձին, այլեւ մերժում է յուրաքանչյուր երկրի հասարակության եւ նրա անդամների իրավունքը` այս գործընթացում իրագործելու կամ պաշտպանելու սեփական տեսակետները: Տարօրինակ այս գործելաոճը դեմ է նաեւ սովորական դիվանագիտական պրակտիկային, ըստ որի` պաշտոնական հարաբերությունների հաստատմանը հավանություն է տրվում համապատասխան փաստաթղթերի պարզ փոխանցմամբ:
Այստեղ ծրագիրը պարզ է եւ շատ հարմար «կարված». այն նպատակ ունի մեկընդմիշտ թաղելու պատմության անպատասխան մնացած հարցերը: Շուտով հայոց Ազգային ժողովից պիտի պահանջվի, որ օրենսդրական հավանություն տալով` նույնպես պատասխանատվություն կրի մոտավորապես 90 տարի առաջ կատարված այն փաստի համար, որով քեմալա-բոլշեւիկյան անօրինական համաձայնությունները պսակեցին ցեղասպանական գործընթացը` ջանալով վերջնականապես որոշել հայ ազգի ճակատագիրը` նրա թիկունքում:
Ավելին` բավարարված չլինելով Թուրքիայի կողմից հայոց բնօրրանի երկարատեւ բռնազավթման այս պաշտոնական ընդունման հետապնդմամբ, այդ երկրի ղեկավարները համառորեն շարունակելու են ամենուրեք խախտել հավանություն տալու գործընթացը, որպեսզի շրջանցել տան իրենց մեղքը: Սա կիրականացվի հետեւյալ կերպ. արձանագրությունների կատարումը եւ թուրքական շրջափակման վերացումը նրանք կշաղկապեն «Ադրբեջանի բռնազավթված տարածքների» հետ: Սույն բառակապակցությունն ակներեւաբար կեղծ ու անպատշաճ հղում է Լեռնային Ղարաբաղի ազատասեր ժողովրդի եւ Ղարաբաղի` անհավանական թվացող ազատության, թուրք-ստալինական ժառանգությունից սահմանադրորեն ապագաղութացման եւ, որպես դրա հետեւանք, տարածքային ամբողջականության հանդեպ:
Եզրափակիչ վերլուծությամբ` Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիները զրկվել են իրենց ե՛ւ ձայնը, ե՛ւ ընտրությունն արտահայտելուց, որպեսզի որոշեն հույժ կարեւոր եւ էականորեն լուրջ գործընթացի արդյունքը: Գործընթաց, որը պիտի դարբնի երկու երկրների ապագա ճանապարհը: Սա հատկապես մտահոգիչ է, որովհետեւ գալիք շաբաթներին եւ ամիսներին կայացնելիք որոշումները կոչված են ճշտորոշելու ապագա սերունդների ճակատագիրը, պատմության հետ առերեսվելու շանսերը, հավաքական հիշողությունը չփոշիացնելու, թուրք-հայկական վիթխարի ջրբաժանը անկեղծորեն վերացնելու հրամայականը:
12 հոկտեմբերի 2009թ.
Երեւան