Շվեյցարիան ցանկանում է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը վերսկսվի
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի համատեղ մամուլի ասուլիսից
ՀՀ Նախագահ ֊֊ Անդրադարձ կատարեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի զարգացման դինամիկան Շվեյցարիային քաջ հայտնի է: Հատուկ երախտիքի խոսք ասացի մեծարգո տիկին Նախագահին` Շվեյցարիայի իշխանությունների և անձամբ իր անգնահատելի միջնորդական առաքելության ու ներդրած ջանքերի համար: Ափսոսանքով նշեցի, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից և նման գործելաոճով արժեզրկում թե՛ մեր նախաձեռնությունը, և թե՛ գործընթացում ներգրավված կողմերի ջանքերը:
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ ֊֊ Կարծում եմ, որ մեր շփումների ակտիվացումը, փոխադարձ այցելությունները, հանդիպումները նույնպես նպաստել են մեր հարաբերությունների սերտացմանը: Այդ հարաբերությունները, անշուշտ, ավելի ամրապնդվեցին այն սերտ համագործակցության շրջանակներում, որ մենք միասին իրականացնում ենք ձեր երկրի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավելու առումով: Անշուշտ, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց կարծում եմ, որ այն քաղաքական արիությունը և պատասխանատվությունը, որ հանդես բերվեց 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս, հնարավորություն է տալիս հուսալ, որ ձեռք կբերենք ակնկալվող արդյունքները
[…]
Մեկական հարց նախագահներին` տիկին Կալմի-Ռեյ, հայ-թուրքական հարաբերությունների սառեցումից հետո, Դուք մի քանի անգամ հորդորել եք կողմերին նոր քայլ ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այդուհանդերձ, կուզենայի ճշտել, արդյո՞ք Դուք շարունակում եք միջնորդական գործունեությունը, թե՞ պատկերավոր ասած, լվացել եք ձեռքերը: Եւ հարց Հայաստանի Նախագահին` մոտենում է Հայոց ցեղասպանության տարելիցը, ի՞նչ կարող է Հայաստանն ակնկալել ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձից: Արդյո՞ք այս տարի Բարաք Օբաման իր ուղերձում կնշի ցեղասպանություն բառը, թե կրկին կխուսափի` պատճառաբանելով, թե չի ուզում վնասել հայ-թուրքական հարաբերություններին:
Միշելին Կալմի-Ռեյ – Պետք է ասել, որ Շվեյցարիայի միջնորդությունը փաստացի ավարտվել է 2009թ. հոկտեմբեր ամսին արձանագրության կնքմամբ: Այնուամենայնիվ, չեմ ասի, թե մենք ձեռքներս լվացել ենք և անտարբեր ենք վերաբերում նրան, ինչ կատարվում է Հայաստանի և Թուրքիայի միջև կամ չի կատարվում: Շվեյցարիան ցանկանում է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը վերսկսվի և մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, անել այն ամենը, ինչ կարող է քաջալերել երկու կողմերին:
Սերժ Սարգսյան – Եթե հարցնում եք մեր ցանկության մասին, ապա, բնականաբար, մեր ցանկությունը միշտ էլ եղել է և մնում է այն, որպեսզի ԱՄՆ նախագահն ամենամյա իր ուղերձում շատ հստակ գնահատականներ տա և, իհարկե, արտաբերի ցեղասպանություն բառը: Այս մասին ես մեկ անգամ չէ, որ արտահայտվել եմ և հիմա կարող եմ ասել, որ ժամանակին անձամբ եմ խնդրել Միացյալ Նահանգների նախագահին, որպեսզի արտաբերի այս բառը: Բայց ցանկությունն ու իրականությունը տարբեր բաներ են և ամենից լավ այն է, երբ քո ցանկությունը համընկնում է իրականության հետ: Ցանկանանք, որպեսզի այս անգամ այդպես լինի: Բայց եթե այդպես չլինի, մենք վհատվելու հիմք չպետք է ունենանք և մշտապես դրա համար պետք է պայքարենք: Ես կառաջարկեի, որ ձեր խմբագրությունն էլ` շատ ազդու լրատվամիջոցը, այդ գործում որոշակի դերակատարություն ունենա: