«Մեր ցանկությունն էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել»
Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Սերժ Սարգսյանի խոսքից
Տիկին Կալմի-Ռեյի հետ մտքեր փոխանակեցինք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ: Այս առիթով, ես չեմ հոգնում լրացուցիչ անգամ երախտիքի խոսք հղելու բարեկամ Շվեյցարիային և հատկապես Նախագահ տիկին Կալմի-Ռեյին՝ որպես միջնորդ կողմ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացում իր անգնահատելի անձնական ջանքերի համար:
Մեր ցանկությունն էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել: Ցավոք, Թուրքիայի բարձրաստիճան այրերը ամեն ինչ անում են` այդ ցանկությունն օտարելու համար: Ստորագրված արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր կատարելու փոխարեն՝ Թուրքիան միջազգային բարձր ամբիոններից շարունակում է Հայաստանի ու Սփյուռքի միջև սեպ խրելու իր անհեռանկար ջանքերը: Եվ որքան շարունակվեն այդ ջանքերը, այնքան նվազելու է կարգավորման գործընթացի նկատմամբ մեր վստահության` առանց այդ էլ նվազագույնի հասած պաշարը:
Ես զարմանում եմ, որ Թուրքիայում քաջ չեն գիտակցում, որ ցեղասպանության արդյունքում ձևավորված Սփյուռքը Հայաստանի և հայ ժողովրդի անբաժան մասն է, մեր հպարտությունն է, մեր ուժն է: Սփյուռքահայերն աշխարհով մեկ սփռված Հայաստանի դեսպաններն են, ինչպես Շվեյցարիայում մեր դեսպան աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը, իսկ շատերն էլ գործում են հոգու կանչով և հասարակական հիմունքներով: Լինելով իրենց ապաստան տված երկրների արժանավոր քաղաքացիներ՝ նրանք կարողանում են իրենց ներդրումը բերել նաև մեր երկրի առաջխաղացմանն ու զարգացմանը: Հայաստանի պետականության վերականգնման առաջին իսկ օրվանից մեր հայրենակիցները ողջ աշխարհում իրենց գործով են ապացուցել, որ Հայրենիքի առաջընթացն իրենց գերագույն երազանքն է:
Այս համատեքստում ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ՝ կարևորագույն հանգամանքի վրա։ Շվեյցարիայի միջնորդական առաքելությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում լավագույնս փաստում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն այսրոպեական բացասական շղարշ է գցում Թուրքիայի և ցեղասպանությունը ճանաչած պետությունների հարաբերություններում: Ինչպես մենք համոզվեցինք՝ ցեղասպանության ճանաչումով Շվեյցարիան դատապարտել է այդ զարհուրելի ոճիրը մարդկության դեմ, և դրանով իսկ արդարության, պատմական անհերքելի փաստերի և մարդու իրավունքների գերակայության համահունչ հաղթանակ տարել աշխարհաքաղաքական և ռազմատնտեսական բոլոր նկատառումների հանդեպ։ Սակայն ամենաէականն է, որ դա բոլորովին չի խանգարել նույն Շվեյցարիային կարճ ժամանակ անց սատար կանգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործին։ Շվեյցարիայի օրինակն այս առումով, իհարկե, լավագույնն է և պետք է ուսանելի դառնա աշխարհի շատ ու շատ երկրների համար։