ՀՀ Նախագահ. «Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ»

19291_ss

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում

Հարգելի՛ պարոն նախագահ,

Վերջին անգամ այս նույն բարձր ամբիոնից խոսելիս՝ անդրադարձա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և պարտքս համարեցի մեկ առ մեկ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել էին իմ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված այդ հրեշավոր ոճիրը:

Պատվո ու Պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտություն հայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից:

Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով են իրերը կոչում: Դա իսկապես կարևոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար:

Այս կապակցությամբ պետք է հիշենք, որ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, և մենք բոլորին հրավիրում ենք մեզ միանալ և պաշտպանել այդ նախաձեռնությունը:

Այսուհանդերձ, մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:

Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից:

Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:

Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:

Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով:

Հատված