Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու սկզբունքին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի` Կիեւում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ներկայացրել է պաշտոնական Երեւանի մոտեցումները գործընթացի ներկա փուլի վերաբերյալ եւ նշել, որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու սկզբունքին:

Ֆիլիպ Գորդոնը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն այս գործընթացին: Բարձր գնահատելով Հայաստանի կառուցողական դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման բոլոր փուլերում` նա ընդգծել է, որ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, առանց դրանք այլ խնդիրների հետ փոխկապակցելու, կարեւոր է հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար:

«ԵՐԿԻՐ»