Գործադիրը մերժել է ՀՅԴ-ի առաջարկները

Ձայների 70 կողմ եւ 4 դեմ հարաբերակցությամբ պատգամավորներն այսօր ընդունել են “Միջազգային պայմանագրերի մասին” օրենքում լրացում կատարելու կառավարության նախագիծը: Դրա վերաբերյալ Դաշնակցության ներկայացրած առաջարկությունները գործադիրը չի ընդունել, բայց չի էլ մերժել: Համարժեք է եղել խմբակցության կեցվածքը. նախագծի քվեարկությանը ՀՅԴ-ն չի մասնակցել:

Առաջին ընթերցմամբ` երեկ, երկրորդ ընթերցմամբ` այսօր, պատգամավորները քննարկեցին եւ ընդունեցին “Միջազգային պայմանագրերի մասին” օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծը: Արտգործնախարարն ասաց` հարցը հրատապ է, որովհետեւ նախագահի հանձնարարականը կա: Իրեն ներկայացված առաջարկությունները, սակայն, գործադիրը նույն հրատապությամբ քննարկել չէր հասցրել.

Լիլիթ Գալստյան, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ. “Դուք էլ մոբիլիզացնեիք ձեր ռեսուրսները եւ մեր 9 առաջարկությունները հրատապության կարգով քննարկեիք ու պատասխան տայիք”:

Կառավարության ամփոփաթերթիկում նշվում է, որ ՀՅԴ-ի առաջարկությունները չեն ընդունվել, որովհետեւ պատգամավորների նույնաբովանդակ օրենքի նախագիծը կառավարությունում է, քննարկման փուլում, ու դրանից հետո եզրակացությունը կներկայացվի Ազգային Ժողովին:

Արմեն Ռուստամյան, ԱԺ արտաքին հարաբերություններրի մշտական հանձնաժողովի նախագահ. “Կառավարության եզրակցության համար կողմնորոշիչ է լինելու Ձեր մոտեցումը` գաղափարի, օրենքի նախագծի հետ կապված: ԱԳՆ-ի դիրքորոշումը որն է”:

Էդվարդ Նալբանդյան, ՀՀ Արտգործնախարար. “Մանրամասնորեն ուսումնասիրում ենք, այսօր հայտարարություն անել չեմ կարող, դա բարդ իրավաբանական խնդիր է”:

Մինչ խնդրի մանրամասն ուսումնասիրությունը, սակայն, ՀՅԴ-ի հիմնական առաջարկություններից` պայմանագիրը ԱԺ-ի կողմից վերապահումներով վավերացնելու մասին, նախարարն ասաց, որ երկկողմ պայմանագրի պարագայում դա կնշանակի պայմանագրի դադարեցում, ու վկայակոչեց միջազգային փորձը.

Էդվարդ Նալբանդյան, ՀՀ Արտգործնախարար. “Վերապահում անելն էլ նախաձեռնություն է: Միջազգային պրակտիկայում չի կարող նախաձեռնողը իր առաջարկի վավերացնողը լինել: Դրանք պետք է տարբեր մարմիններ լինեն”:

Դաշնակցության առաջարկություններին արտգործնախարարը դիվանագիտական մոտեցում ցույց տվեց, ինչպիսին կլինի կառավարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ` դժվար չէ ենթադրել: ՀՅԴ-ն նախագծի քվեարկությանը չմասնակցեց:

Արտաշես Շահբազյան, ԱԺ ՀՅԴ խմբակցույան քարտուղար. “Մենք ստացանք մի պատասխան, որը ըստ էության պատասխան չէր, անհայտ է մնում մեր առաջարկությունների ճակատագիրը: Այդ իսկ պատճառով չենք մասնակցի քվեարկությանը”:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»