Ամերիկացի դիվանագետը բացահայտում է Կարսի պայմանագրի գոյությունը
Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչը, Թուրքիայում օրերս խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին հաստատել է, որ դրանցում պարունակվում են այն վտանգները, որոնց մասին բարձրաձայնում էին Հայաստանում: Այդ մասին Հայաստանում լռում են: Իսկ ինչ է ասել ԱՄՆ դեսպանը Անկարայում:
Հայ-թուրքական արձանագրություններով վերահաստատվում է Կարսի պայմանագիրը եւ պատմաբանների հանձնաժողովը քննարկելու է Հայոց Ցեղասպանության հարցը, այս մասին Թուրքիայում միացյալ նահանգների դեսպանը` “Սաբահ” թերթին տված հարցազրույցում:
Կարելի էր, կասկածել այս հայտարարության իսկությանը, եթե այն անգլերեն լեզվով տեղադրված չլիներ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության պաշտոնական կայքում, նույնն է, թե ԱՄՆ պետքարտուղարության կայքում:
Փետրվարի 3-ին “Սաբահին” տված խիստ ծավալուն հարցազրույցում, որը երեք մասով տեղադրված է կայքում Ջեֆրին խոսել է Թուրքիային եւ Միացյալ Նահանգներին առնչվող բազում հարցերի շուրջ: Հարցազրույցի երրորդ մասը նվիրված է հայ-թուրքական արձանագրություններին:
“Հայաստանի Սահմանադրական դատարանը կանաչ լույս է վառել հայ-թուրքական արձանագրությունների ընդունման հարցում”,-հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Ջեֆրին` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ստեղծված ներկայիս փուլում արդյոք կարելի է արձանագրությունները մեռած համարել: Պաշտոնյան նշել է, որ, աշխատանքներ են տարվում, եւ որ ոչինչ մեռած չէ, իրենք անընդհատ աշխատում են թուրքերի հետ ու փորձում են լուծում տալ ղարաբաղյան խնդրին:
“Թուրքիան այս երկու կոնֆլիկտները կապում է միմյանց հետ, սակայն դրանք առանձին խնդիրներ են”,- ասել է Ջեֆրին ու հավելել, թե Հայաստանի ՍԴ որոշման որոշ արտահայտություններ անհանգստություններ են առաջացրել Թուրքիայում, բայց մենք կարծում ենք` կայացվել է դրական որոշում:
“Հայ-թուրքական արձանագրությունները հստակ պարտավորություններ են պարունակում գոյություն ունեցող սահմանները ըստ Կարսի պայմանագրի փոխադարձաբար ճանաչելու մասին: Անդրադարձ չկա ցեղասպանություն համարվող Արեւմտյան Հայաստանում հայերի նկատմամբ իրականացված դեպքերին, Արձանագրությունները ցեղասպանության հարցին չեն անդրադառնում: Միայն նշվում է պատմաբանների հանձնաժողովի մասին, որը կարող է ստեղծվել` 1915 թվականի դեպքերը ուսումնասիրելու համար”,- եզրափակել է ամերիկացի պաշտոնյան:
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ այս հայտարարության շուրջ նաեւ Հայաստանի արտգործնախարարությունից:
“Հայոց Ցեղասպանության հարցը, ինչպես բազմիցս հայտարարել է հայկական կողմը քննարկման առարկա չի կարող դառնալ”: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարեց Արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Կարսի պայմանագրին առնչվող հարցին ի պատասխան` նա նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սամանների վերաբերյալ դրույթը ամրագրված է արձանագրություններում: