Սերժ Սարգսյան. Որևէ բան չի խանգարում Թուրքիային բացել իր կողմից փակված սահմանը
Կիևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից: Ի թիվս այլ հրավիրյալների, Ահմեդ Դավութօղլուն նույնպես մասնակցել է Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, որտեղ մոտեցել է ՀՀ նախագահին եւ կարծիքներ փոխանակել նրա հետ:
Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և Հայաստանը համարում է, որ առկա գործընթացը պետք է տրամաբանական ավարտին հասցվի ամենկարճ ժամանակահատվածում, այլապես, ինչպես հայտարարվել էր նախապես, Հայաստանի Հանրապետությունը ետ կկանչի իր ստորագրությունը արձանագրություններից: ՀՀ նախագահը կրկնել է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում Թուրքիայի ներգրավվածությունը անհնար է, քանի որ դա մի երկիր է, որը միակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերում հակամարտող կողմերից մեկին` Ադրբեջանին և մշտապես կողմնակալ հայտարարություններ է անում հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Առանց սահմանների տարածաշրջանի մասին երազող երկիրը, պետք է առաջինը քայլը սկսի իրենից և վերացնի Հայաստանի սահմանի շրջափակումը, ինչը հնարավորություն կընձեռի բացել տարածաշրջանում առկա կոմունիկացիոն և տրասնպորտային ենթակառուցվածքները: Եթե ադրբեջանական ճնշումը թույլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վավերացնել արձանագրութունները, ապա որևէ բան չի խանգարում Թուրքիայի գործադիր իշխանությանը, անգամ մինչև արձանագրությունների վավերացումը, բացել իր կողմից փակած սահմանը երկու պետությունների միջև»,- իր զրուցակցին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Կիեւ է մեկնել մասնակցելու համար Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը: