Էրդողանը դարձյալ շահարկում է Ղարաբաղի հարցը
Առանց Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման` հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից կբարդանա. ըստ «Զաման»-ի` հայտարարել է Իսպանիայում այցով գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արդարացի լուծում տա հարցին, եւ այդ դեպքում կհաղթահարվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա մի մեծ խնդիր:
«Թուրքիայում բնակվող 170 հազար հայերից 100 հազարը մեր երկրի քաղաքացիներ չեն: Նրանք հայտնվել են դժվար կացության մեջ, այդ պատճառով էլ մենք չեն արտաքսում նրանց եւ թույլ ենք տալիս մնալ մեր երկրում: Դա մեր կողմից բարի կամքի ամենավառ դրսեւորումն է»,- հայտարարել է Էրդողանը:
Ի դեպ, Էրդողանը Իսպանիայում հարձակման է ենթարկվել. մի տղամարդ կոշիկ է շպրտել նրա վրա` բացականչելով. «Կեցցե՛ ազատ Քրդստանը»: Միջադեպը տեղի է ունեցել Սեւիլիա քաղաքում` Nodo հիմնադրամի մրցանակների հանձնման արարողության ժամանակ:
Կոշիկը Էրդողանին չի հասել, իսկ հարձակվողին, որը Սիրիայի` ազգությամբ քուրդ քաղաքացի է, ձերբակալել են անվտանգության ծառայության աշխատակիցները:
Մահմեդական աշխարհում ինչ-որ մեկի վրա կոշիկ շրպտելը համարվում է ծայրահեղ անբարեհաճ վերաբերմունքի արտահայտություն: Հիշենք իրաքցի լրագրող Մունթազեր ալ Զայդիին, որն իր կոշիկներով փորձում էր «վրեժ լուծել» ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշից: