Տարաձայնության պատճառը միայն բանավոր հայտարարությունը չի եղել

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում տեղի ունեցած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ձգձգման պատճառը ներկայացնելիս մեր արտգործնախարարության ներկայացուցիչները մեկնաբանեցին, թե արձանագրությունների ստորագրմանը հաջորդելիք Ահմեդ Դավութօղլուի բանավոր խոսքում եղել են Հայաստանի համար անընդունելի կետեր, որ վերաբերել են ԼՂ հիմնախնդրին: Հոկտեմբերի 12-ին «Դե ֆակտո» մամուլի ակումբում ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ առաջացած տարաձայնության պատճառը միայն բանավոր հայտարարությունը չի եղել:

«Խնդիրը վերաբերել է Թուրքիայի կողմից արձանագրություններում փոփոխություն կատարելու առաջարկին կամ իրավական լեզվով ասած` վերապահությանը: Վերապահությամբ այդ փաստաթուղթը թուրքական կողմը նախապես հանձնել է մեր պատվիրակությանը, իսկ այն պատճառ է դարձել, որպեսզի հայկական կողմը ձգձգի ստորագրման արարողությանը մեկնելը»,- ասաց Կ. Մանոյանը:

Կացությունը փրկել են միջնորդ երկրների ղեկավարները, ինչը, ըստ էության, միջազգային հանրության ճնշման հերթական դրսեւորումն էր, իսկ հայտարարություններից հրաժարվելը պարզապես հնարավորություն տվեց այդ հանրության դեմքը փրկել: «Սուգի նման անցավ ամեն ինչ: Տեսանք մեր արտգործնախարարի դեմքը եւ Թուրքիայի արտգործնախարարի ժպիտը, ու շատ բան հասկանալի դարձավ:

Տխուր իրադարձություն էր մեզ համար, եւ կարծում եմ, մեր իշխանությունները չեն ձգձգի այս հարցը եւ վայրկյան առաջ կհաստատեն, որ չեն վավերացնելու արձանագրությունները:
Թուրքիայի քաղաքականությունը մնացել է նույնը, ու մի քիչ անհասկանալի է, որ մեր նախագահն ասում է, թե արձանագրությունների ստորագրումից հետո արված հայտարարությունները ներքին սպառման համար են կամ ասվում են Ադրբեջանի համար»,- ասաց Կ. Մանոյանը:

Այն հարցին ի պատասխան, թե` կարո՞ղ ենք հայկական կողմի հաղթանակը համարել հայտարարություններից հրաժարումը, Կ. Մանոյանը նկատեց, թե նաեւ Հայաստանի պահվածքի արդյունք է, որ հայտարարություններ չեղան, բայց թուրքերի փոփոխության առաջարկը բավարար հիմք կարող էր հանդիսանալ այդ արձանագրությունները չստորագրվելու համար: Թուրքերն իրականում ոչինչ էլ չզիջեցին հայկական կողմին, այլապես հաջորդ օրը այդ երկրի բարձրաստիճան այրերը հակահայկական հերթական հայտարարությունները չէին անի:

Ի դեպ, քաղաքական գործիչը նկատում է, որ այսօր կարելի կլիներ խոսել հաղթանակի կամ Հայաստանի վճռականության մասին, եթե նախագահի վերջին ուղերձում արված հայտարարությունները, որոնք, ըստ էության, ոչ թե իրավական, այլ քաղաքական արժեք ունեն միայն, որպես վերապահություն, ինչպես թուրքերը փորձեցին անել, ներկայացվեին թուրքական կողմին: «Վճռականության պակաս կա, բայց դրական շարժ տեսնում ենք: Եթե հասարակությունը պահանջի, ինչպես պահանջեց հոկտեմբերի 9-ի երթով, եւ դա լինի շարունակական, իշխանությունները մի քիչ վճռականություն կցուցաբերեն այս արձանագրությունները չվավերացնելու համար»,- ասաց Կ. Մանոյանը:

Նրա կարծիքով, նախագահը չպետք է մեկնի Թուրքիա, քանի որ նախապես ասել էր, թե կգնա Թուրքիա, եթե գտնվենք ապաշրջափակման վիճակում կամ դրա նախաշեմին: «Մենք այդտեղ չենք, որովհետեւ արձանագրությունների ստորագրությունը չի ենթադրում, որ մենք այլեւս ապաշրջափակված ենք»,- ասաց Կ. Մանոյանը:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ինքը պատասխանատու է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրում մինչեւ արձանագրությունների ստորագրումը, դրանից հետո մնացածը խորհրդարանի որոշելիքն է: Նույնն է ասել նաեւ ԹՀ նախագահը:

Թուրքիայի խորհրդարանում իշխանությունը բացարձակ մեծամասնություն ունի, ինչպես եւ մեզ մոտ, սակայն նրանց խորհրդարանում այս հարցի քվեարկությունը փակ գաղտնի է լինելու: «Եթե իշխանությունը որոշի, որ պետք է կողմ քվեարկել` կվավերացնեն: Դա մի կողմից սպառնալիք է, մյուս կողմից` գաղտնի քվեարկությունը առիթ է, որպեսզի այս արձանագրությունների վավերացումը ձգձգեն: Եթե մեզ մոտ էլ գաղտնի քվեարկություն լինի, այնքան էլ վստահ չեմ, որ արձանագրությունները կվավերացվեն»,- ասաց Կ. Մանոյանը` նկատելով, որ այն կարծիքը, թե պետք է սպասել ինչ կանեն թուրքերը, նոր մենք հարցը մտցնենք խորհրդարանի օրակարգ, կնշանակի պատանդ մնալ Թուրքիայի ձեռքին:

Իսկ Թուրքիան կարող է անընդհատ ձգձգել այդ հարցը, որովհետեւ այդ երկրի համար Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը առաջնային չի համարվում: Թուրքիան այսօր բակական մեծ ուժ է կենտրոնացրել քրդական խնդրի, ինչպես նաեւ Կիպրոսի եւ Իրաքի հարցերի լուծման համար: Իսկ մեզ հետ հարաբերություններում Թուրքիան փորձում է գործընթացը պահել, եւ չպետք է դժգոհի, եթե վավերացումը ձգձվի:

«Բայց մենք սպասելու պատճառ չունենք: Մեր շարունակելու ենք արձանագրությունների դեմ աշխատանքները»,- ասաց Կ. Մանոյանը: Հաջորդ հանրահավաքը լինելու հոկտեմբերի 16-ին` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Դաշնակցական գործիչը նկատում է, որ հանրահավաքի վայրի ընտրությունը կապ չունի Շ. Ազնավուրի դիրքորոշման հետ:

Կարինե ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
«ԵՐԿԻՐ»