Հայ-թուրքական հարաբերությունների եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Հոկտեմբերի 1-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ, Արմեն Ռուստամյանի նախագահությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան «Նախաստորագրված արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին օրենսդիր եւ գործադիր մարմինների, գիտության եւ մշակույթի ոլորտների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Բացման խոսքով նիստի մասնակիցներին դիմեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը.
«Հարգելի գործընկերներ,
տիկնայք եւ պարոնայք,
Ողջունում եմ ձեզ եւ հույս հայտնում, որ այս լսումների ընթացքում մանրամասն կքննարկենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը, ինչպես նաեւ ձեռք բերված պայմանավորվածություններն արտացոլող նախաստորագրված երկու արձանագրությունները:
Այս լսումների նպատակը` պատգամավորներին, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին հնարավորություն ընձեռելն է մասնագիտական եւ քաղաքական տեսանկյունից քննարկել հարցը, ներկայացնել մոտեցումներ ու առաջարկներ: Ազգային ժողովն այն բարձր ամբիոնն է, որից ժողովրդի տարբեր հատվածները ներկայացնող ու ժողովրդի անունից հանդես գալու բացառիկ իրավունքով օժտված պատգամավորները կարեւորագույն հարցերը բաց քննարկումներով կարող են ներկայացնել հասարակության ուշադրությանը:
Այս լսումներն առանձնահատուկ են, քանի որ առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել մանրակրկիտ քննարկել կարեւոր միջազգային փաստաթղթերը` նախքան դրանց ստորագրումը: Շատ կարեւորում եմ այս հարցում բոլորիդ ակտիվությունը: Ազգային ժողովը պետք է ակտիվ դերակատարում ստանձնի հարցի հանրային քննարկումներում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
Արձանագրությունների ուսումնասիրումը լուրջ մասնագիտական վերլուծություն է պահանջում: Սակայն, դրանք ազդարարում են դրական սկիզբ` երկու հարեւանների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատում. սկզբունք, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ինչը պետությունների անվտանգ ու բնականոն զարգացման թիվ մեկ երաշխիքն է:
Նախաստորագրված արձանագրություններով Հայաստանը եւ Թուրքիան պատրաստակամությունն են հայտնել գտնելու ընդհանուր շահերի վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների իրականացման հիմնական ուղղությունները: Իսկ փաստաթղթերի հրապարակումը նպաստել է մեր հասարակության ու համայն հայության տեղեկացվածությանը, տարբեր մակարդակներով հանրային քննարկումների կազմակերպման հնարավորության ընձեռնմանը, միջազգային հանրության ներգրավմանը եւ բոլորիս պարտավորվածության մեծացմանը:
Արձանագրությունները գործադիրի կողմից վերջնական ստորագրումից հետո, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի պահանջներին համաձայն, ենթակա են Ազգային ժողովի վավերացմանը: Դա եւս մեկ առիթ կհանդիսանա քննության առնելու հարցը:
Անկախությունից ի վեր հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նպատակով տարբեր մակարդակներով բազմաթիվ բանակցություններ են վարվել: Այսօր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված շոշափելի առաջընթացը համարում եմ բեկումնային եւ պատմական նշանակություն ունեցող իրադարձություն, ինչը կարող է քաղաքական ու տնտեսական զգալի նշանակություն ունենալ երկու երկրների համար:
Անձամբ ողջունում եւ աջակցում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնող ակտիվ արտաքին քաղաքականությունը ինչպես տարածաշրջանային հակամարտությունները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, խաղաղ ճանապարհով լուծելու, այնպես էլ հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցերում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկուստեք կարեւորություն ներկայացնող գործընթաց է, ինչը երկու շահագրգիռ պետությունների թե գործադիր եւ թե օրենսդիր մարմինների կողմից պահանջում է քաղաքական կամքի դրսեւորում:
Չեմ ասում, որ չկան խնդիրներ, բոլորս էլ ունենք մեր մտահոգությունները: Տեղյակ եմ հասարակության մի մասի մոտ տիրող դժգոհություններին ու մտահոգություններին, բայց պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր նախաձեռնության մեջ կա վտանգ, մասնավորապես պատմությունից քաղած դասերը մեզ հուշում են առավել զգոն լինել, հաշվի առնել, թե ում հետ ենք բանակցում, չմոռանալ թուրքական դիվանագիտության հնարքները եւ բանակցությունները վարել այնպես, որպեսզի հարաբերությունների կարգավորումը որեւէ առնչություն չունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կամ հայոց ցեղասպանության ճանաչման հետ, որոնք սակարկելի չեն: Երկու օր առաջ Իրան կատարած իմ այցի շրջանակներում առիթ եմ ունեցել այս մտահոգությունները քննարկել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ կազմակերպված կարեւոր եւ արդյունավետ հանդիպման ընթացքում: Միգուցե արժեր նաեւ խնդրի շուրջ հանրային քննարկումները Սփյուռքում կազմակերպել ավելի վաղ:
Ցանկանում եմ ընդգծել եւ շեշտել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բնավ չի ենթադրում ազգային շահերի ստորադասում կամ հրաժարում համազգային կարեւորության հարցերից: Խոսքը նախեւառաջ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Հայաստանի Հանրապետությունը անկախության պահից ի վեր սատար է կանգնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին, ինչը հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Դա ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բաղկացուցիչ մաս հանդիսացող 1990թ. օգոստոսի 23-ի «Հայաստանի անկախության հռչակագրով»: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունների շարքում:
Հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամբ, իմ կարծիքով, հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կթեւակոխի նոր փուլ: Հարաբերությունները պաշտոնական մակարդակի բարձրացումը հնարավորություն կընձեռի երկու երկրների միջեւ առկախված հարցերը կարգավորել պետական մակարդակով. քաղաքակիրթ ճանապարհով, երկխոսությամբ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Չեմ բացառում, որ հարաբերությունների զարգացումը ապագայում հանգեցնի Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ներկայումս մի շարք թուրք մտավորականների կողմից ստորագրահավաքների կազմակերպումն արդեն իսկ վկայում է Թուրքիայի հասարակության մեջ հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մոտեցումների լուրջ փոփոխությունների մասին:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ մեր հասարակության տարբեր շերտերի, քաղաքական կուսակցությունների, Սփյուռքի շրջանում տարակարծությունների, մտահոգությունների, տարբեր տեսակետների առկայությունը շատ բնական ու ողջունելի երեւույթ է: Սակայն դրանք չպետք է վերածվեն ազգը պառակտող անցանկալի գործընթացների:
Նոր պատմական իրողությունների պայմաններում ողջ հայությունը կրկին կանգնել է նոր մարտահրավերների առջեւ, որը պահանջում է համազգային ուժերի եւ կարողությունների համախմբում, առաջացած խնդիրները միասնաբար լուծելու, համազգային շահերին համահունչ գործելու հրամայական: Համազգային միասնությունը հայ ժողովրդի առաջընթացի գլխավոր երաշխիքն է: Համոզված եմ, որ հասարակության միասնության առկայության պայմաններում մենք ի զորու ենք լուծելու մեր բոլոր խնդիրները:
Ազգային համախմբմանը պետք է ծառայի այս բարձր ամբիոնը` նման պարբերական լսումների կազմակերպման ու համայն հայության մոտեցումները բարձրաձայնելու միջոցով:
Հույս ունեմ, որ այս լսումները կհանգեցնեն արդյունավետ եզրակացությունների, որոնք կնպաստեն այս հարցում հանրության առավել իրազեկմանը:
Շնորհակալություն»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատմամբ` այս քննարկումը հնարավորություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցերի վերաբերյալ լսելու տարբեր տեսակետներ, հասկանալու որոշակի հարցերի մասին հասարակության մեջ առկա ընկալումների, տրամադրությունների ողջ պատկերը: Մյուս կողմից` Թուրքիայի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքական այն խնդիրներից են, որոնք պահանջում են հնարավորինս համապարփակ դիտարկում:
Բանախոսը բնական համարեց, որ նախաստորագրված փաստաթղթերի հրապարակայնացումից հետո հասարակական քննարկումների ընթացքում դրանց վերաբերող տեսակետները բազմազան են ու հաճախ իրարամերժ: Բայց խնդիրն այսօր ոչ թե մոտեցումների հակադրումն է եւ տարբեր նժարների վրա դնելը, այլ դրանց համադրումն է` առաջ շարժվելու համար:
Ի պատասխան հասարակության լայն զանգվածներին հուզող առավել հնչեղություն ունեցող հարցադրումների` նա հավաստիացրեց, որ փաստաթղթում չկան նախապայմաններ. կասկածի տակ չի առնված Հայոց ցեղասպանության փաստը, ցեղասպանության միջազգային ճանաչման խոչընդոտներ չկան, նախաստորագրված փաստաթղթերում ակնարկ անգամ չկա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:
Արհեստական են այն պնդումները, որ եթե Հայաստանը երկխոսություն է ծավալում Թուրքիայի հետ, ապա ցեղասպանության հարցը կսահմանափակվի որպես երկու պետությունների միջեւ քննարկվող հարցի եւ կկորցնի իր համամարդկային նշանակությունը: Նա վստահեցրեց, որ նախաստորագրված փաստաթղթերը հիմք չեն տալիս կասկածելու, որ հայ ժողովուրդը զրկվում է պատմական արդարությանը հետամուտ լինելու իրավունքից: Բացառված է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերով: Ըստ պարոն Նալբանդյանի` դա ոչ միայն Հայաստանի իշխանությունների սկզբունքային մոտեցումն է, այլեւ միջազգային հանրության, որը բազմիցս արտահայտել է իր կարծիքը հարցի վերաբերյալ:
Նրա գնահատմամբ` հայ-թուրքական հարաբերությունը հոգեբանական, սոցիալական, իրավական, տնտեսական, քաղաքական խնդիրների բարդ հանգույց է, հետեւապես հանգուցալուծումը չի կարող դյուրին լինել: Հայաստանը ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւան պետությունների հետ, եւ կարեւոր է, թե այդ ճանապարհին մեզնից յուրաքանչյուրը ինչ ներդրում է ունենալու:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի համոզմամբ` կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, բայց ոչ ցանկացած գնով. նա հիշեցրեց, որ այդ գինը ժողովուրդն է վճարելու: Նախաստորագրված արձանագրություններում հիմքեր կան նախկինում Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների համար: Այսպես` ընդհանուր սահմանների ճանաչման մասին ձեւակերպումը հնարավորություն է տալիս Թուրքիային եւ Ադրբեջանին` խուսափելու Կարսի պայմանագրի վիճարկումից, այս փաստաթղթով նվեր ենք մատուցում Թուրքիային` Հայոց ցեղասպանության հարցը իջեցնելով երկկողմ հարաբերությունների մակարդակի, փոխարենը Հայաստանին պարտադրվում է հրաժարվել իր արդար պահանջատիրությունից: Պարոն Ռուստամյանը մտահոգություն հայտնեց, որ այս գործընթացը կարող է ազգային պառակտման, սփյուռքահայության հետ հարաբերությունների թուլացման պատճառ դառնալ:
Տիգրան Թորոսյանի կարծիքով` Հայաստանը փաստաթղթում մի քանի զիջումների է գնացել, որի պատճառը վատ աշխատանքն է եւ այդ հարցով զբաղվողների դիվանագիտական պատրաստության ցածր մակարդակը: Նա համոզված է, որ ավելի մեծ հնարավորություն կար այդ խնդիրները արժանապատիվ կարգավորելու համար:
Գալուստ Սահակյանը նկատեց, որ բոլորն էլ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտություն են տեսնում, բայց ոմանք մտահոգ են ազգային ու պատմական մի շարք խնդիրների լուծման հեռանկարով: Նրա կարծիքով` ոչ դյուրին ճանապարհ է սպասվում, բայց համոզված է, որ բարձրացված խնդիրները կարող են լուծվել սկսված գործընթացով: Նա կոչ արեց վճռական գտնվել, հետեւողական լինել այդ բարդ ու դժվարին ճանապարհը հաղթահարելու համար:
Արա Պապյանի կարծիքով` պետք է մերժել հայ ժողովրդի շահերին դեմ այս փաստաթուղթը, որի համար կան մի շարք իրավական հիմքեր, ըստ Արման Մելիքյանի` Հայաստանի եւ Թուրքիայի ստարտային պայմանները անհավասար են, Վահան Հովհաննիսյանը արձանագրություններում էլ տեսնում է նույն դիլետանտությունը, ինչ երկրի քաղաքական ու տնտեսական մյուս ոլորտներում, Անդրանիկ Թեւանյանը համոզված է, որ այս գործընթացը շաղկապված է ԼՂՀ հիմնախնդրի հետ եւ բացահայտ արտահայտում է Թուրքիայի նկրտումները, Կիրո Մանոյանի կարծիքով` Թուրքիան այս փաստաթղթով փորձում է գործող սահմանները դարձնել իրավական, Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ` փաստաթուղթը դեմ է Հայաստանի ազգային շահերին, ուստի առաջարկում է հանրաքվեի դնել այն, Տիգրան Կարապետյանի կարծիքով` սահմանների բացումը պարտադրված սցենար է, Հարություն Առաքելյանը հորդորում է ավելորդ շտապողականություն չցուցաբերել եւ հաշվի առնել Կարսի պայմանագրի դրույթները, իսկ Արամ Կարապետյանը համոզված է, որ թեեւ չգրված, բայց ենթատեքստում առկա են Թուրքիայի օգտին խոսող երեք նախապայմաններ` Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը, Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման կասեցումը եւ հարաբերությունների գործընթացը ԼՂ հիմնախնդրի լուծմամբ պայմանավորելը:
Սամվել Նիկոյանը, Վարդան Այվազյանը, Էդվարդ Շարմազանովը, Արամ Սաֆարյանը, Հեղինե Բիշարյանը, Մարտուն Գրիգորյանը, Արտակ Դավթյանը, Մկրտիչ Մինասյանը իրենց ելույթներում հիմնավորեցին հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների քաղաքական ու տնտեսական անհրաժեշտությունը` միաժամանակ չբացառելով սպասվող մարտահրավերները, որոնց հաղթահարման համար պահանջվելու է ամենօրյա, անխոնջ աշխատանք: Նրանք կարեւորեցին երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին առանց նախապայմանների արձանագրությունները եւ Թուրքիայի հետ հարաբերություններում ազգային շահի հետապնդումն ու դրանց հաջողումը պայմանավորեցին միասնական ջանքերի ներդրումով ու փոխադարձ վստահությամբ:
Պարույր Հայրիկյանն անդրադառնալով նախաստորագրված արձանագրություններին, առաջարկեց կրճատել տեքստը` հանելով ենթադրյալ նախապայմանները: Դավիթ Լոքյանը փաստաթղթերին անդրադարձավ տնտեսական տեսանկյունից: Ըստ նրա, անհրաժեշտ է, որպեսզի օրենսդրական բազմաթիվ փոփոխություններ կատարվեն ՀՀ շուրջ 70 օրենքներում: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով նախաստորագրված արձանագրությունները հնարավորություն կտան ամրապնդել մեր երկրի անվտանգությունը: Նա ուսումնասիրելով փաստաթղթերը, դրանցում չի գտել բացասական դրույթներ, որոնք կարող են վնասել հայերի ազգային խնդիրների լուծմանը: Արամ Սարգսյանն առաջարկեց փաստաթղթերը ենթարկել միջազգային իրավունքի փորձաքննության, իսկ խորհրդարանին առաջարկեց ներկայացնել հուշագիր, որտեղ նշված կլինեն Հայաստանի Հանրապետության պահանջները: Սուրեն Զոլյանի կարծիքով այսօր հասունացել է պահը, երբ Թուրքիայի առջեւ կարող է դրվել հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հայաստան-սփյուռք հարաբերություններին անդրադառնալով նա նշեց, որ այսօր անհրաժեշտ է համախմբվել: Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ նախաստորագրված արձանագրություններր որեւէ առնչություն չունեն ԼՂՀ խնդրի կարգավորման հետ եւ դա սակարկության առարկա չի կարող հանդիսանալ հայ-թուրքական հարաբերություններում: Լարիսա Ալավերդյանը անհասկանալի է համարում նախապայմանների չգոյության մասին պնդումները: Աշոտ Մելքոնյանը դիմելով խորհրդարանին առաջարկեց արձանագրություններն ընդունել վերապահումով, եւ եթե կողմերից մեկը խախտում է որեւէ դրույթ, արձանագրությունը չեղյալ է համարվում: Գեղամ Մանուկյանի կարծիքով քննարկումներն այսօր պարզունակացվել եւ դարձել են սահման բացել-չբացելու, Հայաստանի տնտեսական զարգացմանը կողմ կամ դեմ լինելու խնդրի:
Խոսրով Հարությունյանը լսումների մասնակիցներին ներկայացրեց «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության տեսակետը` ասելով, որ նախաստորագրած արձանագրությունը փաստաթուղթ է հայ-թուրքական հարաբերությունները բնականոն դարձելու մասին: Բանախոսը տեսակետ հայտնեց, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր իրավիճակում Թուրքիան հետաքրքրված է Կովկասում ազդեցություն ունենալու հեռանկարով, եւ հարաբերությունների կարգավորումը Թուրքիային պետք է ճիշտ այնքան, որքան` Հայաստանին: Կուսակցության ղեկավարը որպես մեր երկրի անվտանգությանը սպառնալիքներ մատնանշեց հայ-թուրքական լարված հարաբերությունները եւ Ադրբեջանի հետ հակամարտությունը` նշելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կմեղմի այդ սպառնալիքներից գոնե մեկը: Արիս Ղազինյանն այն կարծիքին է, որ արձանագրությունների վավերացմամբ կճանաչվի Հայաստանի եւ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, անուղղակիորեն` նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նրա գնահատմամբ` փաստթղթում չկա որեւէ պատահական բառ, եւ ահաբեկչությանը վերաբերող կետը հաստատում է հայկական վրեժխնդրությունը որպես սովորական ահաբեկչություն ճանաչելու թուրքական վարկածը:
Խորհրդարանական լսումների մասնակիցները կարճատեւ ելույթներում հնչեցրին թե նախաստորագրված արձանագրությունները պաշտպանող եւ թե քննադատող տեսակետներ: Հօգուտ փաստաթղթի արտահայտվողները կարծում են, որ երկար տարիներից հետո վերջապես ստեղծվել է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու եւ մինչ օրս չլծուծված հարցերը համատեղ քննարկելու հնարավորություն: Դեմ արտահայտվողները որպես անընդունելի մոտեցում նշեցին Ցեղասպանության իրողությունը քննարկման առարկա դարձնելը, տնտեսական եւ մշակութային հնարավոր էքսպանսիաները, ժողովրդագրական վտանգները, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապակցելու նախադրյալների ստեղծումը: Դեմ թե կողմ արտահայտվողների խոսքում միասնական էր մեկ մոտեցում. սա համազգային հարց է եւ պետք է լուծել ազգովի` առանց տարանջատելու Սփյուռքին:
Լսումների ընթացքում բարձրացված հարցերին ու հնչեցրած մտահոգություններին արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Լսումների հարգելի մասնակիցներ,
Ցավոք սրտի շատ ելույթներ ուղղված էին ոչ թե նրան, թե ինչպես մենք պետք է օգտագործենք ադ արձանագրությունները եւ ինչպես պետք է գործենք, այլ ինչ կարող է անել Թուրքիան: Դա նման է թույլի կեցվածքի:
Որոնք են մեր անելիքները այն հարցերում, որոնց շուրջ այստեղ հնչեցին մտահգություններ եւ ցավոք սրտի նաեւ շահարկումներ: Որոշ զեկուցողներ պնդում էին, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը խոչընդոտ է ցեղասպանաության միջազգային ճանաչման գործընթացի համար: Դա ամենեւին այդպես չէ: Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները եւ Ցեղասպանության միջազգային ճանաչումը, տարբեր հարթությունների խնդիրներ են: Միթե որեւէ մեկը կարծում է, որ այն պետությունները, որոնք ճանաչել են ցեղապանությունը առաջնորդվում էին, իմ կարծիքով, Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կայացած կամ չկայացած լինելու խնդրով: Նրանք առաջնորդվում էին սեփական շահերով եւ համամարդկային արժեքներով, որի կարեւորագույն մասն է կազմում ցեղասպանության` որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործության կանխարգելումը:
Միթե հասկանալի չէ ,որ Հայաստան – Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի կարող ազդել Ցեղասպանության ճանաչման եւ դրանով իսկ ապագա նման հանցագործությունների կանխարգելման համամարդկային նշանակության վրա:
Անհրաժեշտ է, ոչ թե անվստահություն սերմանել սփյուռքահայության մոտ սխալ մեկնաբանություններով, այլ նոր պայմաններում սփյուռքի հետ համատեղ նորովի եւ համախմբված գործել:
Պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի մասին: Մենք կարեւորում ենք այդ ենթահանձնաժողովը: Մենք այդ ենթահանձնաժողովում հետամուտ ենք լինելու նաեւ ցեղասպանության հետւեանքների վերացման խնդիրներին: Անկախ նրանից Թուրքիան ընդունում է հայերի դեմ իրականացված ոճրագործությունը, թե ոչ, դրա հետեւանքները ակնառու են: Դա հենց Սփյուռքի գոյությունն է, դա Թուրքիայի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն է կամ ոչնչացման եզրի գնտվելը: Թուրքիան չի կարող խուսափել այդ հարցերի քննարկումից: Իսկ հայկական կողմը երբեք թույլ չի տա ցեղասպանության իրողության, լինել-չլինելու շուրջ հարցի քննարկում:
Եղան գնահատականներ, որ առկա սահմանի վերահաստատումը նշանակում է այդ սահմանի հավերժացում: Այսօր ոչ բավարար հիմքեր կան, ոչ էլ իրատեսական է բարձրացնել գոյություն ունեցող սահմանի վերանայման հարցը: Դա հնարավոր կդառնա ցեղասպանության միջազգային ճանաչման, այդ թվում Թուրքիայի կողմից ճանաչումից հետո` որպես ցեղասպանության հետեւանքների վերացման հարց:
Անընդունելի եմ համարում Հայաստանի ներկա իշխանություններին ուղղված պատմական հայկական տարածքների հանձնելու կոպիտ մեղադրանքները: Ժամանակին տարածքներ հանձնելու մեղադրանքը կոմունիստներն հասցեագրում էին դաշնակցությանը, ոչ վաղ անցյալում նույն մեղադրանքը ՀՀՇ-ն հասցեագրում էր թե դաշնակցությանը, թե կոմունիստներին: Եղավ ժամանակ, երբ քաղաքական ուժերի մեծամասնությունը տարածքներից հրաժարվելու մեղադրանքը հասցեագրում էին անկախ Հայաստանի առաջին իշխանություններից: Կարծում եմ ժամանակն է ձերբազատվելու համազգային խնդիրները ներքաղաքական նպատակներով շահարկելու մոտեցումից, եւ երկխոսության միջոցով գնալ կարեւորագույն ազգային խնդիրների լուծման ճանապարհով:
Շատ խոսվեց արձանագրությունների եւ ԼՂ հարցի կարգավորման միջեւ, իբր գոյություն ունեցող կապի մասին: Միթե ակնհայտ չի, որ Թուրքիան ձեռնարկել է եւ դեռեւս ձեռնարկելու է քայլեր ուղղված իր դաշնակից Ադրբեջանի շահերից բխող հարցի կարգավորմանը: Այդ քայլերից է նաեւ փակված սահմանը: Իսկ ավելի ճիշտ` շրջափակման քաղաքականությունը Հայաստանի եւ ԼՂՀ նկատմամբ:
Միթե պարզ չէ այդ շրջափակման նպատակը. տնտեսապես թուլացնել երկու հայկական պետությունները եւ ստիպել գնալ զիջումների: Երբեք:
Այս արձանագրությունները ուղղված են Թուրքիայի կողմից շրջափակման վերացմանը եւ նշանակում են, որ տարիների ընթացքում շրջափակման քաղաքականությունը չհասավ իր արդյունքին: Եթե կան մարդիկ, որոնք կապ են տեսնում ղարաբաղյան խնդրի հետ, ապա կապը հենց սա է:
Կրկին հայատարարում եմ, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իշխող կառավարական կոալիցիան միանշանակորեն սատարել են Հանրապետության Նախագահի արտաքին ակտիվ, նախաձեռնողական քաղաքականությունը եւ պատրաստ են աշխատել այս նախաձեռնությունից բխող հնարավորությունները առավելագույնս իրականացնելու»:
Լսումների ավարտին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց բարձրացրած հարցերին եւ որոշ պարզաբանումներ ներկայացրեց: Նա մեկ անգամ եւս նշեց, որ իշխանությունների դիրքորոշումը հստակ է ու պարզ. Հայաստանը երբեւէ կասկածի տակ չի դնի Հայոց ցեղասպանության իրողությունը եւ ճանաչումը: Պատասխանելով արձանագրությունների պատրաստման ընթացքին վերաբերող հարցին` արտգործնախարարը տեղեկացրեց, որ բանակցությունների հիմքում դրվել է առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու սկզբունքը, որի վերաբերյալ թուրքական կողմը տվել է իր համաձայնությունը: Հետագա բանակցությունների ընթացքում կողմերից յուրաքանչյուրը պաշտպանել է իր դիրքորոշումները. հայկական կողմը առաջարկել է նախագծեր: Պատմական փաստերն ուսումասիրող ենթահանաձնաժողովի ստեղծումը, արտգործնախարարի մեկնաբանությամբ, բազմաթիվ քայլերից հետո միայն նախատեսվող գործընթաց է, եւ այնտեղ չի վիճարկվելու Ցեղասպանության փաստը, այլ ուղղակի քննարկումներ են անցկացվելու: Դրանից բացի եթնահանձնաժողովը որեւէ այլ մանդատ չի ունենա, հավաստեց արտգործնախարարը: Նա կոչ արեց համազգային կարեւոր խնդիրներ լուծելու ճանապարհին զերծ մնալ քաղաքական շահարկումներից: Ելույթի վերջում պրն. Նալբանդյանը նկատեց, որ պետք է հարգանքով վերաբերվել բոլոր կարծիքներին` շեշտելով, որ չեն կարող անտեսվել նաեւ Սփյուռքում, Արցախում առկա հանրային կարծիքները, եւ որ հանրապետության Նախագահի այցելությունը հայկական Սփյուռքի օջախներ հենց այդ նպատակն է հետապնդում:
Ամփոփելով լսումները` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը համարեց այն լուրջ քայլ եւ դիրքորոշումները հստակեցնելու մեծածավալ նյութ: Նա նշեց, որ հանրային ձեւաչափով այս քննարկումների ընթացքում հնչած առաջարկները հանձնաժողովի կուսումնասիրի եւ կփորձի համաձայնեցված եւ ընդհանուր մոտեցումներ գտնել:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն