«Քվեարկությունը լինելու է պարտադրաբար»
Հայաստանի ԱԺ նախկին նախագահ, նախկին Հանրապետական Տիգրան Թորոսյանը փետրվարի 15-ին Հայելի ակումբում «կոպիտ սխալ» որակեց Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե ինքը, իբրեւ խորհրդարանական մեծամասնության ղեկավար, երաշխավորում է, որ արձանագրությունների վավերացումը Հայաստանում չի տապալվի:
«Անկախ որեւէ բանից, խորհրդարանը անկախ մարմին է։ Ավելին, պատգամավորը ազատ է իր դիրքորոշումը արտահայտելու մեջ՝ դա Սահմանադրական նորմ է», – ընդգծեց Տիգրան Սարգսյանը։
Չնայած նախագահ Սարգսյանը վստահ է, որ Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում կվավերացնի արձանագրությունները, Տիգրան Թորոսյանը նկատեց, թե հանրապետականների ճնշող մեծամասնությունը իրականում այլ կերպ է մտածում։
Տիգրան Թորոսյանը նշում է, որ եթե բանը հասնի քվեարկության, ապա այն լինելու է պարտադրաբար: “Իշխանության մեջ եղած քաղաքական ուժերի, պատգամավորների համար քվեարկությունը լինելու է պարտադրաբար: Սա ակնհայտ է”, հայտարարել է Տիգրան Թորոսյանը: Նա ի դեպ հույս ունի, որ Հայաստանի իշխանությունը գոնե այն մասով կմնա հետեւողական, որ մինչեւ Թուրքիայի վավերացումը, Հայաստանի խորհրդարանը չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: