Հանրապետականների հակասական հայտարարությունները
Վերջին օրերին նոր երանգ է նկատվում հայ-թուրքական հարաբերությունների եւ արձանագրությունների վերլուծություններում: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այսօր երկրորդ օրն է ուշագրավ հայտարարություն են անում:
Փետրվարի 16-ին, «Փաստարկ» ակումբում, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, Հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը «անձնական տեսակետ» հայտնելով, Հանրապետական գործընկերներից տարբերվող տեսակետ է հնչեցրել: Պատաստ լինելով իրականացնել կուսակցական որոշումները` Նիկոյանն անձնապես համոզված է` նույնիսկ արձանագրությունների վավերացման հարցում նախաձեռնությունը պետք չէ զիջել Թուրքիային: Հարաբերությունների կարգավորման նախաձեռնողը Հայաստանն է եւ ճիշտ կլինի այդպես էլ շարունակել, կարծում է ԱԺ փոխնախագահը:
«Ուրիշ բան է, երբ նստում ես անընդհատ սպասում, թե ինչ պետք է անի Թուրքիան, հետո անել քայլեր, ուրիշ բան է, որ անընդհատ դու քայլեր ես կատարում եւ Թուրքիան հետեւում է դրան կամ պատասխանում է դրան, կամ սկսում է արդարանալ»:
Փետրվարի 17-ին, «Հանրապետության նախագահի լոնդոնյան ելույթը չափեց Դաշնակցության վախն ու լռեցրեց հայ-թուրքական գործընթացի բոլոր ընդդիմախոսներին»,- «Ազդակ» ակումբում հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա` նախագահն իր ելույթով հստակ նշեց մեր մոտեցումները, փարատեց ցեղասպանության հարցից հրաժարվելու եւ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու հետ կապված բոլոր մտահոգությունները:
«Ողջամիտ ժամկետը արդեն անցել է, դա էր պատճառը, որ Ազգային Ժողովում շրջանառության մեջ կլինի միջազգային պայմանագրերի եւ նման օրենքի մեջ փոփոխությունները, որտեղ տրված կլինեն նաեւ ետ կանչման մեխանիզմները: Այսինքն, եթե Թուրքիան այս կարճ ժամանակահատվածում նույն սեթեւեթող քաղաքականությունը վարի, բնականաբար, մենք մեր ստորագրությունը հետ կվերցնենք: Երկրորդ հարցադրումը այն է լինելու, թե ի՞նչ ենք անելու` նորից պայքարելու ենք, որովհետեւ այդ պայքարն է որ վերջնականապես լուծումներ կունենա խնդրում, որին այսօր մենք ձգտում ենք»:
Նույն օրը, Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը «Դե ֆակտո» ակումբում կրկնել է նույն պնդումները, որոնք երեկ ասում էր Ազգային Ժողովի հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Իսկ հայտարարությունն այն է, որ Հանրապետական կուսակցության անդամների մեծամասնությունն այսօր կողմնակից են հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել` չսպասելով Թուրքիայի քայլերին: Սակայն, այսպիսի հայտարարություններից հետո պատգամավորները միշտ պնդում են, որ սա իրենց անձնական կարծիքն է, այդպես այսօր արեց նաեւ Ռաֆիկ Պետրոսյանը:
«Իմ կարծիքով, այդ ձգձգումները տեղին չեն, եւ ճիշտ կլինի, որ ինչպես նախահարձակ է եղել Հայաստանը, այդպես էլ նախահարձակ մինչեւ վերջ գնա, շարունակի: Դա իմ անձնական կարծիքն է, եւ Հանրապետականների մեծամասնության կարծիքը: Եթե լսումները կազմակերպվեն, կհաստատվի: Եթե ձգձգվի, Հանրապետականը միշտ էլ պատրաստ է բոլոր դեպքերում Ազգային Ժողովում քննարկել եւ վավերացնել այդ համաձայնությունները: Ինչքան սառեցնենք, այնքան վատ: Եթե մենք ուզում ենք, որ այդպես լինի ուրեմն պետք է մինչեւ վերջ գնանք, մինչեւ վերջ ցույց տանք միջազգային հանրությանը, որ Հայաստանը ասում է եւ անում է, իսկ մյուս կողմը խորամանկորեն ձգձգում է կամ խոչմդոտում է գործընթացը»: