Նախագահը կրկին ժամանակ է տալիս Թուրքիային, միանգամայն անօգուտ ժամանակ…

Երեւան – ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը անհասկանալի է համարում նախագահի լոնդոնյան ելույթի այն հատվածը, որով նա Թուրքիային դարձյալ ժամանակ է տալիս: Բնականաբար, այդ ժամանակը Թուրքիան կօգտագործի արձանագրությունների վավերացումը ձգձգելու համար:

«Չի բացառվում, որ նախագահի մտքում եղած խելամիտ ժամկետի սահմաններում Թուրքիան նախաձեռնի ինչ-որ հնարք, օրինակ` Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկի արձանագրությունները»,- «Փաստարկ» մամուլի ակումբում փետրվարի 12-ին ասաց ՀՅԴ անդամը` հավելելով, որ դրանով Թուրքիան ընդամենը բանակցությունների տպավորություն է ցանկանում ստեղծել: Ուստի Հայաստանը օր առաջ պետք է դուրս գա գործընթացից, մանավանդ որ դրա առիթը Թուրքիան մշտապես տվել է: Իսկ եթե գործընթացը շարունակվի, ապա, ըստ Կ. Մանոյանի, մենք ընդամենը կբավարարենք Թուրքիայի նախապայմանը:

Բայց քանի որ նախագահը հանձնարարել է արձանագրությունները տանել խորհրդարան, ուստի ընդդիմության հիմնական անելիքը խորհրդարանի վրա ճնշում բանեցնելն է: Կ. Մանոյանը միանգամայն հնարավոր է համարում այս տեսքով արձանագրությունների վավերացման տապալումը: «Պատգամավորները ցույց են տվել, որ, երբ հարցը վերաբերում է իրենց անձնական քսակին, կարող են կոալիցիայի օրինագծին դեմ գնալ: Հիմա էլ, եթե իրենց անձնական արժանապատվությունը բարձր դասեն, հասկանալով, որ իրենց ողջ գերդաստանը պատմության մեջ մտնելու է որպես մեր իրավունքները ծախած պատգամավորի գերդաստան, կարծում եմ` մի շարք պատգամավորների հնարավոր է համոզել»,- նշեց Կ. Մանոյանը:

Ինչ վերաբերում է նախագահի լոնդոնյան ելույթի` Ղարաբաղին վերաբերող հատվածին, Կ. Մանոյանը որեւէ նոր բան չի նկատել: «Նախագահի խոսքում շեշտադրումները տարբեր էին, բայց նոր բան չկար: Լավ էր, որ պատասխան տրվեց ադրբեջանական թեզերին, բայց նոր բան չասվեց: Օրինակ` չասվեց, որ մենք ազատագրված տարածքները չենք վերադարձնելու»:

Ադրբեջանը, ըստ բանախոսի, փորձում է թուլացնել Հայաստանը, որպեսզի պատերազմ սկսի, ինչը Ադրբեջանի համար իսկապես իրավիճակ փոխելու այլընտրանք է: Անդրադառնալով մարտի 4-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քննարկման դնելուն` Կ. Մանոյանը կարծիք հայտնեց, որ եզրակացությունը դրական կլինի մեզ համար: Մանավանդ որ հիշյալ հանձնաժողովը նույն բովանդակությամբ բանաձեւին վերջին տարիներին մշտապես համաձայնություն է տվել: Իսկ Հայ Դատի գրասենյակներն այս ընթացքում ակտիվ աշխատանքներ են իրականացնելու` հաղթանակ ապահովելու համար:

«ԵՐԿԻՐ»