Թուրքիան դիվանագետ է գործուղում ԱՄՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ֆիրուդին Սինիրլիօղլուն կմեկնի ԱՄՆ: Ըստ CNN-Turk-ի, նա խիստ կարևոր հանդիպումներ կունենա Պետդեպարտամենտում, ուր ամերիկյան կողմին կներկայացնի Անկարայի անհանգստությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում սպասվող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին ուղղված քննարկումների վերաբերյալ:

Հանդիպումները կսկսվեն փետրվարի 13-ի և կշարունակվեն մի քանի օր: Սպասվում է, որ Վաշինգտոնից Թուրքիայի փոխարտգործնախարարը կմեկնի Փարիզ և Մոսկվա: Հիշեցնենք, որ մինչ այդ նա հանդիպումներ էր ունեցել Շվեյցարիայում:

Report.am