Արմեն Ռուստամյան. «ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը կսատարի հայ – թուրքական լիարժեք երկխոսությանը»
Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե կարող է խոչընդոտել, այլ հակառակը` սատարելու է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ լիարժեք երկխոսության կայացմանը: Այսպիսի համոզմունք է հայտնում Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հաուըրդ Բերմանին հղած նամակում:
«Միացյալ Նահանգների սկզբունքային կեցվածքը միմիայն կարող է նպաստել այն գիտակցության ամրապնդմանը, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ամենեւին հակաթուրք կեցվածքի արտահայտություն չէ, այլ բխում է Ցեղասպանության` որպես մարդկության դեմ գործած հանցագործության դատապարտման անհրաժեշտությունից: Ավելին` Հայաստան – Թուրքիա հարաբերությունների կայուն բարելավումը պետք է հիմնված լինի ճշմարտության եւ արդարության հանդեպ համակողմանի հարգանքի վրա», – գրում է Արմեն Ռուստամյանը իր նամակում, որը տեղադրված է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում:
Ողջունելով Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի շրջանառության մեջ դրվելը` Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հավաստիացնում է, որ նման բանաձեւը «կհաստատի Միացյալ Նահանգների հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ»:
«Վստահ եմ, որ այս գործընթացի ջատագովները իրավացիորեն համոզված են, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելը ըստ էության մինչ օրս նպաստել է Թուրքիայի դիրքերի կոշտացմանը հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Գնահատում ենք այս ջանքերը եւ հատկապես այս տարի ոգեւորված ենք այս ուղղությամբ նախագահ Բարաք Օբամայի եւ իր վարչակազմի բարձրաստիճան անդամների կատարած նախընտրական հստակ հայտարարություններով», – գրում է Արմեն Ռուստամյանը:
«Հայաստանը, հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը եւ դատապարտմանը, այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ երկու հարեւան երկրների միջեւ եւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում», – ընդգծում է Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը ներկայացրել է անցած շաբաթ:
Ընդդիմանալով Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը` պաշտոնական Անկարան, մասնավորապես, պնդում է, թե դա կվտանգի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայումս ընթացող երկխոսությունը, որի նպատակն է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը: