ՀՅԴ Բյուրո. Կոալիցիայից դուրս գալը միակ ճիշտ քայլն էր

ARF-Logo-sՕրերս Փարիզում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի հերթական լիագումար նիստը։

Օրակարգում Հայաստանի նոր քաղաքական իրավիճակում այլեւս ընդդիմադիր կարգավիճակով հանդես եկող ՀՅ Դաշնակցության անելիքների հարցն էր` ե’ւ ներքին, ե’ւ արտաքին քաղաքականության մեջ։

Քննարկելով վերջին զարգացումները` Բյուրոն հաստատեց, որ ստեղծված կացության մեջ կոալիցիայից դուրս գալը միակ ճիշտ քայլն էր։ Ընդդիմություն դառնալը հնարավորություն է` սթափեցնելու իշխանություններին եւ կանխելու վտանգավոր զարգացումները հայ-թուրքական հարաբերություններում։ Դաշնակցությունը ծայրահեղություններից զերծ է մնալու` իր կեցվածքների փոփոխությունը պայմանավորելով իշխանության քայլերով։

Այսուհետ հայրենիքում ՀՅԴ առաջնահերթ խնդիրներն են` կուսակցության կազմակերպական հզորացումը, լայն շերտերի շրջանում ազգային-պետական մտածողության դաստիարակությունն ու արմատավորումը, ժողովրդավարական եւ սոցիալական արդարության ՀՅԴ ծրագրային մոտեցումները կյանքի կոչելը, գիտակից, պատասխանատու, հայկական շահերով առաջնորդվող քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային ազդեցիկ խավի ձեւավորմանն աջակցելը։ Այս առումով հատուկ կարեւորվեց երիտասարդության շրջանում կատարվելիք աշխատանքը։

Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում զգոնության պահպանումը, թուրքական միջամտության բացառումը, միջազգային ասպարեզում հայկական տեսակետների ներկայացումն ու պաշտպանությունը Դաշնակցության ամենօրյա գործը պետք է դառնան։

Որոշվեց Հայ Դատի գրասենյակների համաշխարհային ցանցի միջոցով նոր թափ հաղորդել Ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի դատապարտման եւ հատուցման աշխատանքներին։

Հայաստանի պետական շահերի պաշտպանությունը, տնտեսական կարողականության բարձրացումը շարունակելու են մնալ արտաքին ճակատում մեր հիմնական գերակայությունները։

Ընդգծվեց, որ կոալիցիայից ՀՅ Դաշնակցության դուրս գալը որեւէ կերպ չպետք է բացասաբար անդրադառնա Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա։ Ընդհակառակը, մենք պետք է գիտակցենք, որ միայն համազգային համախմբմամբ, նյութական, մտավոր եւ հոգեւոր ուժերի մեկտեղմամբ կարող ենք ու պարտավոր ենք հաղթահարել մեր երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ