Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում Թուրքիան կարծիքներ է փոխանակում Ադրբեջանի հետ

Հրաչ Մելքումյան, Պրահա

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հայտնել է, որ հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում կանոնավոր կերպով կարծիքների փոխանակում է կատարվում Ադրբեջանի հետ:

«Բոլորին հայտնի է, թե Թուրքիան ինչ նշանակություն է տալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Վարչապետ Ռեջեփ Էրդողանը, փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը եւ խորհրդարանում թուրք – ադրբեջանական բարեկամության խմբի ղեկավար Մուսթաֆա Քաբաքչին իրենց ելույթներում հրապարակավ ընդգծել են Անկարայի դիրքորոշումը Lեռնային Ղարաբաղի հարցում», – ըստ APA գործակալության` նշել է դեսպանատունը իր տարածած հաղորդագրությունում եւ հավելել, թե երկկողմ կապերը կարգավորելու հարցով Թուրքիայի ու Հայաստանի միջեւ բանակցությունները նույնպես ընթանում են այդ շրջանակներում:

«Մյուս կողմից, երկխոսություն կա Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ` Lեռնային Ղարաբաղի հարցը լուծելու համար: Մենք կարող ենք ակնկալել, որ այդ գործընթացներից մեկի դրական արդյունքը կարող է ազդեցություն ունենալ մյուսի վրա: Այս համատեքստում Թուրքիայի լիազորված ներկայացուցիչների ու եղբայրական Ադրբեջանի միջեւ կարծիքների կանոնավոր փոխանակում է կատարվում Անկարայի ու Երեւանի միջեւ ընթացող բանակցությունների մասին», – հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունը` ամփոփելով. – «Ժամանակ առ ժամանակ այս թեմայով մամուլի հրապարակումների մասին կարծիք հայտնելը ճիշտ չի լինի, քանի որ երկու գործընթացներում էլ առաջընթաց է արձանագրվել»:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ