Հայոց ցեղասպանության ճանաչման նոր նախաձեռնություն` ամերիկյան Կոնգրեսում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը երեկ շրջանառության մեջ են դրել մի նամակ` գործընկերներին կոչ անելով միանալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման նոր նախաձեռնությանը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` չորս կոնգրեսականները իրենց նամակում, մասնավորապես, գրում են. – «Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչմամբ մենք վերահաստատում ենք ցեղասպանության մասին հստակ խոսելու` Միացյալ Նահանգների պատրաստակամությունը, ինչպես նաեւ մեր նվիրվածությունը մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետագա դրսեւորումների կանխմանը»:

Միացյալ Նահանգների նախորդ` 110-րդ գումարման Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագիծը արժանացավ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի հավանությանը, սակայն, չնայած վայելում էր 200-ից ավելի կոնգրեսականների աջակցությունը, չներկայացվեց Պալատի լիագումար նիստին` Ջորջ Բուշի վարչակազմի խիստ հակազդեցության պատճառով:

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման ընտրարշավի ժամանակ քանիցս խոստացել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքական լրատվամիջոցները կանխատեսում են, որ Օբաման կարող է օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ուղերձում, կամ էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւի նախագիծ կներկայացվի Կոնգրեսում, ինչը պաշտոնական Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններում ճգնաժամի պատճառ կդառնա:

Թուրք վերլուծաբանների համոզմամբ` Օբամայի վարչակազմը ամենահայամետն է Միացյալ Նահանգների պատմության մեջ, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ են նաեւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»