Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում

SerzhSargsyan6
Հարգելի՛ գործընկերներ,

Համոզված եմ` Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսությունը և դրա ներկա ընթացքը ձեր հետաքրքրությունների շրջանակում է: Ընդհանրապես նկատել եմ, որ փորձագիտական շրջանակներն ամենուր առավել աչալրջությամբ են հետևում ու վերլուծում այս գործընթացը: Հիշեցնեմ, որ Նախագահ Գյուլին Հայաստան հրավիրելու և Հայաստան-Թուրքիա երկխոսությունը սկսելու իմ նախաձեռնությունն առաջին անգամ ես հնչեցրել եմ հենց փորձագետների այսօրինակ հավաքի ժամանակ` Մոսկվայում, ինչը մեծ արձագանք գտավ ուղղակի րոպեներ անց:

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բավական առաջ ենք շարժվել Թուրքիայի հետ առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մենք դիտում ենք շատ ավելի լայն` տարածաշրջանային և միջազգային համատեքստում: Վստահ եմ, որ անցել է փակ սահմանների և վերջնագրերի ժամանակը: Այսօրվա աշխարհի գունապնակը շատ ավելի ընդարձակ է, քան պարզապես սևն ու սպիտակը: Մենք պետք է բոլորս գիտակցենք դա և ստեղծենք հնարավորություններ բնականոն շփումների, գործակցության, երկխոսության համար: Եվ դա անհրաժեշտ է անել ոչ միայն այն պատճառով, որ դրանից կշահեն Թուրքիան ու Հայաստանը, այլ որովհետև դրանից կշահի ողջ տարածաշրջանը, հետևաբար և` Եվրոպան:

Մենք իրոք մոտեցել ենք մի հանգրվանի, երբ հնարավորություն կա հասնելու առկա իրավիճակի լուրջ փոփոխության: Դա առանց նախապայմանների, առանց երրորդ երկրների հարցերով երկկողմ հարաբերությունները պայմանավորելու համագործակցության ուղին է: Այս պահին մենք ունենք Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ ստորագրված արձանագրություններ, որոնք այժմ սպասում են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը:

Հայաստանում վավերացման գործընթացն ընթանում է սահմանված կարգով և առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայությունն է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը` սահմանված ժամկետից առավել քան մեկ ամիս շուտ: Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Սահմանադրական դատարանը որոշումը կայացրել է միաձայն, առանց որևէ հատուկ կարծիքի. մի բան, որ իսկապես շատ խոսուն է: Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ արձանագրությունները չեն պարունակում որևէ դրույթ, որը կարող է մեկնաբանվել որպես հակասող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին: Այդ որոշումն այս պահին ՀՀ Նախագահի նստավայրում է, և փաստաթղթերի ողջ փաթեթը պատրաստ է խորհրդարան ուղարկելու համար: “Չեթթըմ Հաուս”-ի այս հանդիպումից անմիջապես հետո ես պատրաստվում եմ հրահանգել իմ աշխատակիցներին Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն ուղարկել Ազգային ժողով` վավերացման գործընթացն սկսելու համար:

Այսօր, այս հեղինակավոր ամբիոնից ես վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության հետևողական նվիրվածությունն այս գործընթացին: Վերահաստատում եմ, որ որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ բացառում եմ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն` առանց նախապայմանների վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը:

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անընդհատ խոսում են իրենց խորհրդարանի քաղաքական անկախության և դրա որոշման անկանխատեսելիության մասին: Ավելին, նրանք փորձում են ստանալ ոչ կուսակցական վավերացում` ապահովելով նաև ընդդիմադիր կուսակցությունների հնարավոր սատարումը: Դա հասկանալի է: Բայց պետք է նաև հիշեն, որ ի դեմս Հայաստանի` գործ ունեն մի երկրի հետ, որն իր հետևողականության ճանապարհին կանգ չառավ անգամ իշխող կոալիցիայի կարևոր դերակատարներից մեկին կորցնելու իրողության առջև: Վստահ եմ, որ Նախագահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը, քաղաքական կամքի դրսևորման պարագայում, կգտնեն բավականաչափ աջակցություն Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող իրենց կուսակիցների շարքերում:

Մենք վստահ ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ վերջին տասնամյակների խոշորագույն ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: Այդ տեսլականով առաջնորդվելով` մենք համաձայնել ենք ընթանալ առաջ առանց նախապայմանների` չպայմանավորելով մեր հարաբերությունները Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքով: Բայց եթե հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է և ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա ստիպված ենք լինելու դադարեցնել այս գործընթացը:

Չեմ կարող ասել, թե գործընթացը մինչ այս պահը հեշտ է ընթացել: Գաղտնիք չէ, որ Թուրքիայից անընդհատ հնչել են նախապայմաններ` կապված ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ: Մինչդեռ ակնհայտ է, որ երկու գործընթացները կապելու փորձերը կվնասեն թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, թե՛ ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացին: Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ որպես գործելու և լուծումներ գտնելու ուղեցույց, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների արագ կարգավորումը կարող է դրական լիցքեր տալ և ուղեցույց հանդիսանալ ղարաբաղյան կարգավորման գործընթացին:

Ավելին ասեմ, ես ինքս եմ պատրաստվում հրավիրել Նախագահ Ալիևին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը: Դա, իմ կարծիքով, կարող է լինել տարածաշրջանի համար շատ կարևոր և ինչ-որ տեղ նաև օրինակելի միջոցառում, որն ակնառու կերպով ցույց կտա, թե ինչպես պետք է լուծվեն առկա խնդիրները, որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենակարծրացած հակամարտություններն ունեն լուծման ուղի, և այդ ուղին միայն բանակցություններն են ու իրականությունը բաց աչքերով տեսնել կարողանալը: Վստահ եմ` ԼՂ հիմնախնդրի լուծմանն օժանդակելու լավագույն հնարավորությունը սեփական երկրի օրինակով ցույց տալն է, որ խնդիրները կարո՛ղ են լուծվել և հսկայական օգուտներ բերել ողջ տարածաշրջանին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայերս, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, բարոյական պարտք ունենք մարդկության և պատմության առջև ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Մենք արել և անելու ենք ամեն ինչ` աջակցելու համար Ցեղասպանության կոնվենցիայի շարունակական ոգեկոչմանն ու հետևողական իրագործմանը: Ցեղասպանությունը չի կարող հուզել միայն մեկ ժողովրդի, քանի որ այն հանցագործություն է ողջ մարդկության դեմ:

Երեկ ինձ հարցնում էին, թե ինչպես պետք է ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը Մեծ Բրիտանիային, և արդյոք ճանաչելով ցեղասպանությունը` Մեծ Բրիտանիան չի՞ վնասի Կովկասի անվտանգությանը: Ես պատասխանեցի, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեն սեփական հսկայական արխիվներ: Այստեղ այլ աշխատանքի կարիք կա:

Հայ-բրիտանական հարաբերությունների սկիզբը ԽՍՀՄ փլուզումը չէր: Այդ հարաբերությունների ակունքները գալիս են դարերի խորքից: Փոխադարձ հետաքրքրության ու փոխգործակցության բացառիկ դրսևորում էր հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունների ու նրա հետագա ճակատագրի հանդեպ բրիտանական հասարակության անշահախնդիր հետաքրքրությունը: Դրա վառ վկայությունն են բրիտանական հայասիրական հուժկու շարժումն ու այն բրիտանացիների հիացմունքի արժանի մարդասիրական գործունեությունը, ովքեր առաջինն արձագանքեցին ու իրենց բողոքի ձայնն ու օգնության ձեռքը մեկնեցին ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդին: Հայոց ցեղասպանության մասին բրիտանացիները իրազեկվեցին Ջեյմս Բրայսի, Առնոլդ Թոյնբիի, Ուիլյամ Գլադստոնի, Լլոյդ Ջորջի հայտնի աշխատություններից և հայտարարություններից:

Լոնդոնի քաղաքապետն ու Քենթերբերիի արքեպիսկոպոսը, բազում այլ նշանավոր բրիտանացիներ ցեղասպանության տարիներին հիմնեցին Հայ գաղթականների հիմնադրամը (Armenian Refugees /Lord Mayor’s/ fund), որն իր գործունեությամբ կոչված էր թեթևացնելու հայ տարագիրների վիճակը: Այս անվանացանկը կարելի է շարունակել:

Եվ վերջապես Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համահեղինակությամբ էր, որ 1915թ. մայիսին ընդունվեց համատեղ մի հայտարարություն, որում հայերի դեմ իրագործված բռնություններն ու կոտորածները որակվեցին որպես “հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության”:

Ինչ վերաբերում է ցեղասպանությունը ճանաչելով անվտանգությանը վնասելու մտավախությանը, իմ զրուցակցին ես հակադարձեցի, որ դա նույնն է, ինչ ընտրություն առաջարկել անվտանգության և արժեքային համակարգի միջև: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տևական անվտանգությունը հնարավոր է միայն, եթե կառուցված է խորապես գիտակցված արժեքային համակարգի վրա:

(Հատված)

President.am