Ըստ Արծվիկ Մինասյանի, փորձ է արվում պառակտել ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համագործակցությունը

Իրինա Հովհաննիսյան

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը երկուշաբթի հայտարարեց, թե որոշ քաղաքական ուժեր, առաջնորդվելով նեղ քաղաքական կամ անձնական շահերով, փորձում են պառակտել հայ-թուրքական արձանագրությունների դեմ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) նախաձեռնած շարժումը։

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) վերջին զարգացումներից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը զրկվեց Հայաստանի պատվիրակության մանդատից, իսկ որպես ընդդիմադիր հաստատվեց դաշնակցական Արմեն Ռուստամյանի մանդատը, սկսեցին լուրեր շրջանառվել երկու քաղաքական ուժերի պառակտման հավանականության մասին։

«Պարզ է, որ այս մեր նպատակին [հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու] հարվածում են թե՛ իշխանությունները, եւ թե՛ նաեւ արտախորհրդարանական ընդդիմախոսները», – լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մինասյանը։

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ փաստեր չունի նման կերպ արտահայտվելու համար։

«Տվյալ պարագայում ես կարծում եմ ամեն ինչ կախված է «Ժառանգությունից» եւ Հայ հեղափոխական դաշնակցությունից», – ասաց Սաֆարյանը, հավելելով, թե երկու ուժերի միջեւ «ջրբաժան» կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե Դաշնակցությունը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում փոխի իր դիրքորոշումը եւ համաձայնի, որ դրանք վերապահումներով վավերացվեն խորհրդարանի կողմից։

Հարցին, թե ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում Զարուհի Փոստանջյանին մանդատից զրկելը ինչպե՞ս է անդրադարձել երկու քաղաքական ուժերի համագործակցության վրա, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ կատարվածը հավելյալ լարվածություն է ստեղծել։

«Բայց քանի որ «Ժառանգությունը» Դաշնակցության հետ համագործակցում է միայն հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչման դեմ, ապա, անկախ ամեն ինչից, համագործակցությունը կարող է դադարել միայն արձանագրությունների վավերացման շուրջ դիրքորոշումների անջատման պարագայում», – հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայան