Մոնրեալի եւ Տորոնտոյի հայերն իրենց մտահոգությունն են փոխանցում ՀՀ Սահմանադրական դատարանին

Երեւան (Երկիր) – Հայ ավանդական կուսակցությունները 2010 թվականի հունվարի 8-ին Մոնրեալում անցկացրել են բողոքի հանրահավաք ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Ընդունվել է համատեղ դիմում` ուղղված Հայաստանի Սահմանադրական դատարանին:

Դիմում-նամակում ասվում է. «ՀՅ Դաշնակցություն, ՍԴՀ եւ ՌԱ կուսակցությունների կողմից 2010 թ. հունվարի 8-ին Մոնրեալի Հայ կենտրոնում կազմակերպված ժողովրդական հավաքի մասնակիցների անունից մեր մտահոգություններն ու դժգոհությունն ենք փոխանցում ՀՀ Սահմանադրական դատարանին եւ միահամուռ հայտնում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ու նրան պարտադրված նախապայմանները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին, հատկապես՝ երեք հիմնական հարցերին, որոնց միջոցով Հայաստանին պարտադրվում է՝

1. Որպես իրավական սահման ընդունել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող այժմյան սահմանները։

2. Հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից եւ նախաձեռնել այն շրջանցող՝ պատմական ճշգրտությունները սահմանող ուսումնասիրող խմբերի ստեղծում։

3. Միջոցների դիմել Արցախի հանգուցալուծումը ի նպաստ Ադրբեջանի կարգավորելու համար։

Հանրահավաքի մասնակիցների անունից անընդունելի ենք համարում հայությանը պարտադրված վերոհիշյալ կետերը եւ դիմում ենք հայրենի ղեկավարությանն ու Սահմանադրական դատարանին՝ իրավական ու բարոյական հախուռն կեցվածքով դիմագրավելու պատմական մեր իրավունքներին հարվածող բոլոր քայլերին։

Կոչ ենք ուղղում ՀՀ Սահմանադրական դատարանին՝ անվավեր հայտարարել Հայաստանի գոյությունն իսկ վտանգող եւ ՀՀ սահմանադրական օրենքի ոգուն անհարիր՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները։

Այլապես արձանագրությունների վավերացումը նպաստավոր կլինի միայն Թուրքիայի հետապնդած նպատակներին եւ ի վնաս համայն հայության»։

Իսկ Տորոնտոյում անցկացված հավաքի ժամանակ ընդունվել է հայտարարություն, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ:

Միացյալ հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի պատվարժան դատավորներ,

Արդեն երեք ամիս է անցել այն օրից« երբ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կայացավ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրությունը:

Մենք՝ Կանադայի Տորոնտո քաղաքի համայն հայությունը, այսօր հավաքվել ենք՝ մտահոգված Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած ներկայիս ազգավնաս քաղաքականությամբ եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի արձանագրությունների վավերացման նախօրյակին:

Մտահոգ ենք, որ եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը վավերացնի Հայաստան-Թուրքիա արձանագրությունները եւ Ազգային ժողովն ընդունի այն, հայ ժողովրդի ու մեր սփյուռքահայության՝ մարդու եւ իրավական պահանջատիրական իրավունքները կոտնահարվեն, Հայ Դատը կկորցնի իր այժմեականությունը, եւ կվտանգվի Արցախի գոյությունը:

Մենք համաձայն ենք Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների վերաբացմանը« բայց Ո’Չ երբեք Ցեղասպանությն քննարկման, Ո’Չ ներկայիս սահմանների ճանաչման գնով եւ Ո’Չ ի վնաս Արցախի ամբողջականության:

Այո’, Հայաստանի իշխանությունը ստորագրեց արձանագրությունները, բայց այն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմքը կազմող՝ Հայաստանի անկախության հռչակագրին, այնտեղ հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին, համազգային նպատակներին ու հատկապես հետեւյալ տրամադրություններին.

1. Գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման ու պատմական արդարության վերականգման գործում,

2. Հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի համատեղ որոշման վրա,

3. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում կատարված Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

Արդ, Կանադայի Տորոնտո քաղաքի Միջկուսակցական մարմինը, հանուն տորոնտոհայության, հիմք ունենալով վերոհիշյալ տրամադրությունները, դիմում է ձեզ, որպեսզի ընթացք տաք ձեզ հղված նկատողություններին եւ լինեք արդար պահապանն ու պաշտպանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Անկախության հռչակագրի եւ դրանցից բխած՝ Հայաստանի ու հայ ժողովրդի արդար եւ անժամանցելի իրավունքներին ու շահերին:

Ցեղասպանության մեր միլիոնավոր նահատակները, Հայ Դատի ու Արցախի անկախության ու ազատագրության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած մարտիկները թող մեր պահանջատիրության վկաները լինեն:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Ռամկավար Ազատական կուսակցություն

Տորոնտո, Կանադա
8 հունվար, 2010