ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը «քարոզչական ճնշում է» համարում Սարգսյանի ուղերձր Գյուլին

Հրանտ Մարտգարյան

Հրանտ Մարտգարյան


Ռուզաննա Ստեփանյան

 Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլա Գյուլին Թուրքիայի վրա գործադրվող քարոզչական ճնշում է ու, թերեւս, նաեւ զգուշացում՝ «համբերությունը հատելու վերաբերյալ»:

Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա ասաց, թե Թուրքիան էլ իր հերթին է Հայաստանի վրա ճնշում գործադրում, մասնավորապես, հիմնական խնդիրը Թուրքիայի համար այս պահին Ղարաբաղի հարցն է եւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ որպեսզի Ազգային ժողովի կողմից արձանագրությունները վավերացնելու ընթացքում այդ որոշումը վերապահում չդառնա: Եվ քանի որ Թուրքիային «հաջողվում է այս առումով ճնշումներ բանեցնել», գործընթացի ձգձգումը, ըստ նրա, ի վնաս Հայաստանի է:

Ուստի, Հրանտ Մարգարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է ամենաուշը մարտին բանակցությունը ձախողված համարի՝ Թուրքիայի մեղքով:

Ընդգծելով, որ արձանագրությունները Ազգային ժողովի կողմից պետք է վերապահումով վավերացվեն՝ Մարգարյանը միաժամանակ նշեց, որ իրենք այս առումով մտահոգություն ունեն, հետեւաբար պետք է ամեն կերպ Ազգային ժողովին համոզեն, որ վերջինս հավատարիմ մնա Սահմանադրական դատարանի որդեգրած մոտեցումներին:

Հարկ է նշել, որ Դաշնակցությունը մինչեւ օրս չի բարձրացնում նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, քանի որ հույսեր ունի, թե նախագահը կփոխի իր մոտեցումը եւ չի վավերացնի արձանագրությունները գոյություն ունեցող տեսքով:

Հարցին, թե արդյո՞ք իրենց հաջողվել է համոզել նախագահին արձանագրությունները վերապահումով վավերացնելու հարցում, Մարգարյանը արձագանքեց. – «Մեր պայքարը պատճառ դարձավ, որ Սահմանադրական դատարանը այդ որոշումը կայացնի: Եվ այդ որոշման կայացման մեջ անմասն չէ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ դա ուրախացնող երեւույթ է… Չեմ կարող ասել փոփոխության մասին: Ես կարծում եմ, որ արդար է եթե ասենք, որ ինչ-որ կարծրացում կա դիրքորոշումների առումով՝ թե’ Ղարաբաղի հարցում, թե’ հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Ավելի ազգային է դարձել, ավելի դեպի ճիշտն է դիրքորոշվել Սահմանադրական դատարանի որոշումով: Բայց դա կիսատ է, դա պետք է կարողանալ մինչեւ վերջ տանել»:

Իսկ հարցին, թե արձանագրությունների՝ առանց վերապահման վավերացման դեպքում կպահանջի՞ արդյոք Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականը, Հրանտ Մարգարյանը պատասխանեց, թե անկախ այն բանից` կանի՞ թե՞ չի անի Ազգային ժողովը վերապահում, իրենք այսօր գնում են իշխանափոխության, քանի հայ-թուրքական հարաբերություններն իրենց համար իշխանությունների դեմ պայքարի միակ պատճառը չեն:

«Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու կամ չպահանջելու մեջ ոչ մի բովանդակություն գոյություն չունի: Բովանդակությունը գործն է: Եթե մենք ընդդիմություն ենք, նշանակում է, որ ուզում ենք այս իշխանությունը փոխենք», – ասաց նա՝ շարունակելով. – «Մենք ընտրությունների միջոցով ենք փորձում իշխանափոխության հասնել՝ հերթական կամ ոչ հերթական: Բայց ընտրություններից դուրս ուրիշ բան է, որին մենք այսօր չենք ձգտում»:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայան