«Բիրտ ուժի կիրառմամբ իշխանափոխութիւնը համարում ենք վտանգաւոր եւ քանդիչ»՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեան

«ԱԼԻՔ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ ՃԱՐՏԱՐԱԳԷՏ ՎԻԳԷՆ ԲԱՂՈՒՄԵԱՆԻ ՀԵՏ

«ԱԼԻՔ».- Պրն. Բաղումեան, աշխարհի երեք գլխաւոր մայր ցամաքներում աւարտւել են արդէն ՀՅԴի կազմակերպած Ռայոնական ժողովները: Կարելի՞ է խնդրել, որպէսզի արտայայտուէք ժողովների բովից անցած հիմնախնդրի քննարկումների մասին եւ որ դրանք ինչպիսի՞ գործընթացներով են շարունակուելու ապագայում:

ՎԻԳԷՆ ԲԱՂՈՒՄԵԱՆ.- Հասկանալի պատճառներով այդ ժողովների գլխաւոր հարցերը Հայաստան-Թուրքիա շփումներն ու դրանցից բխած արձանագրութիւններն էին: Երեք Ռայոնական (տարածաշրջանային) ժողովները՝ Ամերիկեան ցամաքամասի, Եւրոպայի եւ Միջին Արեւելքի կուսակցական կառոյցների համար էին հրաւիրուել, որպէսզի ՀՅԴ Բիւրոն զեկուցէր մինչ այդ կատարուածի մասին, տեսակէտներ ու վերլուծութիւններ լսէր մեր Կենտրոնական կոմիտէութիւններից, ապա՝ հանրագումարի բերէր յետագայ քայլերի ծրագրերը:

Երեք ժողովներում էլ ընդհանուր պատկերը միեւնոյնն էր: Եթէ մի պահ մոռանանք երանգներն ու շեշտադրումները, ապա արտայայտուած տրամադրութիւնները համընկնում էին ՀՅԴի կողմից մինչ այժմ ձեռնարկուած քայլերին՝ տուեալ հարցի շրջանակներում:

Մեր դիրքը սկզբից յստակ է եղել: Ասել ենք՝ համաձայն ենք երկու երկրների միջեւ յարաբերութիւնների հաստատմանն ու Թուրքիայի կողմից փակուած սահմանի բացմանը, սակայն դէմ ենք դրանց հասնելու համար թրքական նախապայմանների ընդունմանը: Ցաւօք՝ արձանագրութիւններում տեղ են գտել խիստ մտահոգիչ եւ անընդունելի պայմաններ:

Քաղաքական այս գործընթացը կանխելու եւ այն ճիշդ հունի մէջ դնելու համար՝ արդէն ամիսներ է, որ բազմաթիւ քայլերի ենք դիմել: Որոշել ենք նաեւ յետագայ քայլերի ծրագիրը:

Ծրագրերը, որոնց մէջ հաշուի են առնուել Ռայոնական ժողովներում արտայայտուած առաջադրանքները, հիմնականում երկու գլխաւոր մասից են բաղկացած.

Առաջինը կենտրոնացած է Հայաստանում եւ Սփիւռքում ժողովրդական զանգուածների իրազեկման աշխատանքների եւ իշխանութիւնների պատուէրով տարուող կեղծ քարոզչութիւնը (երբեմն պրոթրքական) չէզոքացնելու վրայ:

Երկրորդը ձգտում է ՀՀ Սահմանադրական դատարանին, Ազգային ժողովին ու պետական այլ առնչակից հաստատութիւններին մղել, որպէսզի դիրքորոշուեն ներկայ գործընթացի դէմ:
Սրանց զուգահեռ‘ որոշուել է առաւել թափ հաղորդել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը ուղղուած Հայ Դատի յանձնախմբերի գործունէութեանը:

«ԱԼԻՔ».- Թուրքիայի պետական պաշտօնատարները դեռեւս շարունակում են նախապայմանի ոճով խօսել հայկական հիմնախնդիրների մասին: Որ՞ն է այդ ընթացքի ելքը, ըստ Ձեզ՝ դա նպաստելու՞ է, թէ խոչընդոտելու է հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացմանը:

ՎԻԳԷՆ ԲԱՂՈՒՄԵԱՆ.- Թրքական կողմը նախապայմանները կրկնելով՝ փորձում է միաժամանակ իր օգտին լուծել մի քանի հարցեր: Նախ՝ հանգստացնում է ներքին դժգոհ տարրերին, ինչպէս եւ իր կրտսեր եղբայր Ադրբեջանին: Երկրորդ՝ հայ ժողովրդի մէջ փորձում է փշրել դիմադրողականութիւնը, խափանել կարմիր գծերը եւ համակերպուողներ գտնել: Եւ երրորդ՝ համաշխարհային հանրութեան մէջ եւ քաղաքական շրջանակներում թրքական մօտեցումները դրոշմել:

Դժբախտաբար, հայկական կողմի՝ ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի ձայնը հազիւ թէ լսելի է: Եթէ հազուադէպ մի բան էլ ասում են, ապա ուղղուած է միայն ներհայկական լսարանին, ոճը մեղմ է, բովանդակութիւնը՝ պարտուողական: Ոչ թէ պատասխանում են թրքական կողմին, ոչ թէ լուսաբանում են միջազգային շրջանակներին, այլ փորձում են փարատել հայկական մտահոգութիւնները: Մեր կարծիքով՝ այս վիճակից ձերբազատուելու ելքը ներկայ բանակցութիւնների մերժումն ու Հայաստանի Հանրապետութեան կողմից արձանագրութիւնների անվաւեր յայտարարուելն է՝ պատճառաբանելով թրքական կողմի դրսեւորած ապակառուցողական վարքագիծը, որից յետոյ կարելի է գործընթացը վերսկսել՝ առանց նման անթոյլատրելի շեղումների:

«ԱԼԻՔ».- Ի հակառակ Հայաստանի Հանրապետութիւնում ծայրայեղական ընդդիմութեան (կոնգրէս- ԼՏՊ.)՝ ՀՅԴն բազմիցս յայտարարել է, որ իշխանափոխութիւնն ու նախագահի հրաժարականը ինքնանպատակ չի համարւում:

Ըստ Ձեզ՝ եթէ այսպէս թէ այնպէս՝ վաւերացուեն հայ-թրքական արձանագրութիւնները, Դաշնակցութիւնը որդեգրելու՞ է իշխանափոխութեան մարտավարութիւնը:

ՎԻԳԷՆ ԲԱՂՈՒՄԵԱՆ.- Դաշնակցութիւնը այսօր իշխանութեան մաս չի կազմում եւ ընդդիմութիւն է: Սկզբունքով որեւէ ընդդիմութիւն իր էութէամբ իսկ ձգտում է իշխանափոխութեան, թէկուզ չյայտարարուած: Այդպէս է նաեւ Դաշնակցութեան մօտ: Իշխանափոխութիւնը մեր խնդիրն է: Սակայն, իշխանափոխութեան կարելի է ձգտել երկու ճամբով՝ օրէնքի կամ փողոցի միջոցով: Մենք հակուած ենք գնալ առաջին ուղիով: ԼՏ Պետրոսեանը՝ երկրորդով: Մենք փողոցի միջոցով, այսինքն՝ բիրտ ուժի կիրառմամբ իշխանափոխութիւն իրականացնելը համարում ենք վտանգաւոր եւ քանդիչ: Մեր քաղաքական ուժերը, ի վերջոյ, պէտք է հասկանան, որ ժամանակակից քաղաքակիրթ երկրներում իշխանափոխութիւնը իրագործւում է օրինաւոր՝ խորհրդարանի, դատարանի, իսկ յաճախ ընտրութիւնների միջոցով: Սրանք են ճիշտ ուղիները: Փողոցով իշխանափոխութեան տիրացածը յաճախ փողոցի միջոցով էլ հեռանում է: Իսկ դա ապակայունացնող ազդակ է, խանգարում է բնականոն զարգացումը, չի նպաստում օրէնքի գերիշխանութեան հաստատմանը եւ չի երաշխաւորում արդարութեան կենսագործումը: Առաւել եւս՝ Հայաստանի պայմաններում գտնուող երկրի համար, որի աշխարհաքաղաքական իրավիճակը չի կարելի բնութագրել որպէս բարենպաստ:

Անկախութեան պայմաններում ժողովրդական զանգուածների գերակտիւացումը քաղաքական գործընթացներում ընդունելի եւ երբեմն անփոխարինելի է, սակայն այն պէտք է հունաւորուի դէպի օրինաւոր իշխանափոխութիւն:

«ԱԼԻՔ»

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ