Տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ

HillaryClintonԴեկտեմբերի 10-ի երեկոյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հիլարի Քլինթոնը Նախագահ Սարգսյանին տեղեկացրել է Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Վաշինգտոնում կայացած հանդիպման մանրամասների մասին: Հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քլինթոնը մեկ անգամ ևս շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է իր հետևողական աջակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների և շուտափույթ կարգավորման ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը Հիլարի Քլինթոնին խնդրել է իր երախտագիտությունը հայտնել Նախագահ Օբամային` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ցուցաբերվող հաստատուն աջակցության համար: Հայաստանի Հանրապետության Նախագահը մեկ անգամ ևս վերահաստատել է գործընթացի հետ կապված հայկական կողմի պատրաստակամությունը` հարգելու իր միջազգային պարտավորությունները և առաջ շարժվելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հույս հայտնելով, որ նույնպիսի պատրաստակամություն և պատասխանատվություն կդրսևորի նաև թուրքական կողմը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ԱՄՆ-ի պետքարտուղարը մեկ անգամ ևս վերահաստատել է իր երկրի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանը, միաժամանակ շեշտելով, որ ամերիկյան վարչակազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դիտում է որպես միմյանցից անջատ գործընթացներ, որոնցից առանձին վերցրած յուրաքանչյուրի ուղղությամբ առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:

President.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ