Թուրքիայի նախապայմանները` նման վերջնագրերի

Հուլիսի 18-20-ը Վանաձորում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննարկեց շրջանավարտ Գերագույն Մարմնի գործունեությունը, հաստատեց առաջիկա շրջանում քաղաքական, քարոզչական եւ կազմակերպական ոլորտներում իրականացվելիք ծրագրերը:

Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին` մեկ անգամ եւս ամրագրվեց, որ անընդունելի են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման` Թուրքիայի նախապայմանները, իսկ Ցեղասպանության փաստը չպետք է դառնա քննարկումների եւ սակարկությունների առարկա:

Գերագույն ժողովի ավարտին ընտրվեց նոր Գերագույն Մարմին:

Նորընտիր Գերագույն Մարմինն իր առաջին նիստում Գերագույն Մարմնի ներկայացուցիչ ընտրեց Արմեն Ռուստամյանին:

Արմեն Ռուստամյանը հուլիսի 23-ին Մամուլի ազգային ակումբում հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն ունի հասարակական ճգնաժամի տարրեր:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մասնավորապես` Թուրքիայի հետ հարաբերություններին, Ա. Ռուստամյանի կարծիքով, Թուրքիայի հետ այսօր չհայտարարված հակամարտության իրավիճակ է:

Հայաստանի Հանրապետության եւ նաեւ ՀՅԴ-ի համար անընդունելի են այն նախապայմանները, որ դնում է Թուրքիան, իսկ դրանց բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ դրանք վերջնագրեր են: Եվ շատ վտանգավոր է, որ այս համատեքստում Ցեղասպանությունը դառնա սակարկությունների առարկա: Բանախոսի կարծիքով, սա ոչ թե անցյալի, այլ ապագայի հարց է եւ անմիջապես առնչվում է մեր երկրի ազգային անվտանգությանը: Հայաստանը պետք է կարողանա ձեւավորել տարածաշրջանային անվտանգության նոր համակարգ կամ նպաստել դրա ձեւավորմանը, որպեսզի բոլոր պետություններն անվտանգ լինեն:

«Մենք չպետք է թույլ տանք, որ Թուրքիան պատրանք ստեղծի հարաբերությունների առկայության մասին, իբր` Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ջատագովն է, ինչը հիմա այդ երկրին անհրաժեշտ է: Այդ պատրանքից շահելու է միայն Թուրքիան, եւ մենք մեր հայտարարություններով չպետք է նպաստենք դրան: Եթե անգամ Թուրքիայի նախագահը գա Հայաստան, Դաշնակցությունը հիշեցնելու է, թե որոնք են առկա խնդիրները, ասելու ենք, որ հարեւանը հարեւանի հետ ուլտիմատումներով չի խոսում: Եթե ուզում եք հարաբերություններ նորմալացնել, ապա միջազգային չափանիշներին համապատասխան քայլեր ձեռնարկեք»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Նա նկատում է, որ երբեք դեմ չէ երկխոսությանը, բայց դա ոչ թե պետք է լինի խնդիրները շրջանցելով, ինչը կնմանվի սեղանի շուրջ քեֆ անելուն, այլ այդ սեղանի շուրջ պետք է խոսել հստակ խնդիրների մասին: «Եվ եթե պետք է ինչ-որ հանձնաժողով, դա պետք է լինի միջպետական հանձնաժողով, ինչի մասին հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ պատմաբանների հանձնաժողովը ոչինչ չի տա այդ հարաբերությունների զարգացմանը»,- վստահեցնում է Ա. Ռուստամյանը:

«ԵՐԿԻՐ»

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ