«Թուրքիայի պահանջած գինը եթե վճարենք` սահմանի բացումը արժեք չի ունենա»

«Թուրքիայի պահանջած գինը եթե վճարենք` մեզ համար սահմանի բացումով նախատեսվող, ոմանց կողմից ակնկալվող օգուտները ոչ մի արժեք չեն ունենա», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով Հայաստան – Թուրքիա սահմանի վերաբացման հարցին, որ վրաց – հարավօսական հակամարտության ընթացքում բարձրացրեցին հայաստանյան մի շարք կազմակերպություններ, Կիրո Մանոյանը նաեւ ասաց. – «Եթե Հայաստանը Թուրքիայի ինչ-ինչ նախապայմաններ պիտի բավարարի, որպեսզի սահմանը բացվի, իսկ այդ նախապայմաններից մեկը միայն ցեղասպանություն չէ, օրինակի համար` նաեւ Արցախի հարցում կեցվածքի փոփոխություն է, արդեն անիմաստ է այդ սահմանի բացումը, չասելու համար` վնասակար, վտանգավոր»:

«Մենք երբեք դեմ չենք եղել սահմանի բացմանը, մենք դեմ եղել ենք, որ սահմանի բացումը ներկայացվի որպես մեր կյանքի փրկության միակ ճանապարհը, եւ մենք պատրաստ լինենք ամեն զիջումի գնալ դրա համար», – ընդգծեց դաշնակցական գործիչը: – «Այդպես պետք չէ անել, մինչեւ այսօր այդպես չի արել Հայաստանը, այսօրվանից հետո էլ այդպես անելու կարիք չունի»:

«Եթե մենք ներքնապես պատրաստված չլինենք եւ, վախենում եմ ասել, որ մի քիչ էլ ուշ ենք թերեւս պատրաստվելու… որովհետեւ կարող է սահմանը մեր ակնկալածից էլ շուտ բացվի: Եթե մենք ներքնապես չունենանք այդ պատրաստվածությունը, այդ սահմանի բացումը կարող է վատ հետեւանքներ ունենալ», – ասաց նա:

Կիրո Մանոյանը հնարավոր չի համարում առաջիկայում փոփոխություն Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության մեջ. – «Որովհետեւ ո’չ [Հայաստան - Թուրքիայի ֆուտբոլային հանդիպման կապակցությամբ Աբդուլա Գյուլին հղված] hրավերը նախագահի, ո’չ հրավերը ընդունելը` երկու կողմերն էլ հայտարարել են, որ դեռ փոփոխություն չի ենթադրում: Դրանից հետո առնվող քայլերն են, որ կարող են փոփոխության բերել: Իսկ այսօրվա իրավիճակով, երբ Հարավային Կովկասում ստեղծվել են այս պայմանները, ինչքան մեզ համար կոմունիկացիաների առումով աննպաստ, նաեւ, քաղաքական առումներով հատկապես` Թուրքիայի համար աննպաստ: Եվ ուրեմն, Թուրքիան կարող է անդրադառնալ, որ մինչեւ այսօր իր որդեգրած քաղաքականությունը սխալ է. այդ կեցվածքը փոխելու դեպքում ինչ-որ տեղաշարժ կարող է լինել: Հայաստանի կողմից փոփոխության տեղ չկա»:

«Իսկ եթե լինի, հնարավոր փոփոխության դեպքում դուք կոալիցիայից դուրս կգա՞ք», – այս հարցին դաշնակցական գործիչը արձագանքեց. – «Հարցը այն չէ` կմնանք թե դուրս կգանք, հարցը հայ – թուրքական հարաբերություններն են: Այսինքն, այդ այն հարցն է, որ պետք չէ քաղաքականացնել»:

Այսօր ավելի ուշ հրավիրած ասուլիսում Մանոյանը, ի պատասխան հարցի, թե «չի՞ նեղանա Սերժ Սարգսյանը Դաշնակցությունից` Գյուլի այցի ժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար», արձագանքեց. – «Իր այս այցելությունը այնպես չէ, որ եկավ եւ ուրեմն ծնկի եկանք իր այս չակերտյալ մեծ շնորհի համար, որ մեզ պարգեւում է: Քաղաքական մեր կեցվածքը պիտի արտահայտենք նորմալ, ընդունված ձեւերով, եւ, կարծում եմ, որ ե’ւ մեր նախագահը կհասկանա, ե’ւ ժողովուրդը, վստահ եմ, որ կմասնակցի»:

Անդրադառնալով Թուրքիայի առաջարկած Կովկասյան անվտանգության եւ կայունության պլատֆորտին, Մանոյանը ասաց. – «Կան գաղափարներ, որոնք կարող է վարկաբեկվեն, եթե տարբեր անձնավորություններ, տարբեր քաղաքական ուժեր ասեն: Հարավային Կովկասի կամ Կովկասի խաղաղության պլատֆորմ, անշուշտ, անհրաժեշտ է, բայց Թուրքիան չէ, որ դա պիտի անի, կամ դա պիտի նախաձեռնի, կամ դա պիտի ձեւավորի: Որովհետեւ Թուրքիան Խորհրդային միության փլուզումից ի վեր, այս վերջին տարիներին բաժանարար գծեր գծողը տարածաշրջանում»:

Աստղիկ Բեդեւյան եւ Աննա Սաղաբալյան
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2009

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ