Էրդողանի և Օբամայի հանդիպման նախաշեմին. զգուշացեք «մակերեսային և ինքնագոհ գնահատականներից»

RaffiHovhannisyan-4ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թուրքիան միշտ էլ ունեցել է լավ մարդկանց իր բաժինը:

Վկան` բարեգութ մի ընտանիք, որ 1915թ. Ցեղասպանության ու մեծ հայրենազրկման տարիներին սեփական կյանքը վտանգի ենթարկելով` առափնյա Օրդու քաղաքում իմ Խնկենի տատին փրկեց անխուսափելի մահից: Նման հազարավոր պատմություններ կան, որոնք չեն պատմվում Թուրքիայի պետական մերժողական քաղաքականության պատճառով:

Հայկական համայնքից պահպանված 50 հազար անդամներից բացի, այսօրվա Թուրքիայում առնվազն 2 մլն մարդ սերում է իր հայ տատիկ-պապիկից: Նրանք որբացել են, առևանգվել կամ փրկվել են, բայց բոլոր դեպքերում թրքացվել են օսմանյան Թուրքիայի զավթած պատմական Հայաստանի մահասփյուռ դաշտերում: Ձայնազուրկ և ինքնամերժման մեկ այլ տեսակի մեջ, խառը ամուսնությունների հետևանքով լույս աշխարհ եկած ժառանգները նոր-նոր են առաջին անվստահ քայլերն անում` գտնելու իրենց ինքնությունը:

Թուրքիայի «խորքային պետության» ու նրա ազգայնական օրենքների զոհի` Հրանտ Դինքի տակավին չբացահայտված սպանության լույսի տակ աստիճանաբար երևան եկավ թուրքերի պարկեշտ, ազատախոհ մի դաս, երբ Թուրքիայում սկսեցին ուշացումով գիտակցել, որ իրենց երկիրը երբեք չի կարող մուտք գործել քաղաքակիրթ աշխարհ, քանի դեռ դեմ-հանդիման չի ելել սեփական պատմության մութ, իր դաժանությամբ աննախադեպ էջերին: Թեև առայժմ մեծամասնություն չեն այս կարգի խիզախ նոր թուրքերը` նրանք լավ գիտեն, որ մերօրյա Թուրքիան կառուցվել է ոչ միայն միլիոնավոր հայերի, ասորիների, հույների և քրդերի դիակների վրա, այլ նաև նախնյաց բնօրրանից հայ ժողովրդի ու նրա քաղաքակրթության կազմակերպված և իսպառ բնաջնջման միջոցով: Նրանք հարգանքի ու դրվատանքի են արժանի իրենց երկիրը շուրջ 90-ամյա ստահոդությունից, կեղծ կրթությունից ու ազգային բացառիկության պատրանքներից ազատելու իրենց ձգտման համար:

***

Ուստի անհարկի է աշխարհի ուժեղների ոգևորվածությունը հայ-թուրքական արձանագրություններից, որոնք երկու երկրների խորհրդարաններում վավերացման պարագայում խոստանում են Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և նրա դեմ տևական շրջափակման վերացման հարցերում հանգել Անկարայի համաձայնությանը:

Արձանագրությունների պատմական նշանակության վերաբերյալ մակերեսային և ինքնագոհ գնահատականները` անկախ նրանից, թե որտեղից են դրանք հնչում` Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Մոսկվայից, կարծես միտումնավոր թաքցնում են հիմնարար մի քանի ճշմարտություններ:

Հայաստանի ներկայիս վարչակարգն իրավունք չունի հայ ժողովրդի անունից խոսելու դարակազմիկ այս հարցի շուրջ: 2007-2008թթ. իշխանության գալով կեղծարարության, խաբեության և տասնյակ քաղաքացիների արյան գնով, վարչակարգն այժմ փորձում է լեգիտիմության պակասը կոծկելու համար դիմել արևմտյան շահերի «քիմքին» հաճո արտաքին քաղաքական քայլերի` իրականում, սակայն, որոնելով փոխհատուցումներ ավտորիտար գործելակերպի դիմաց: Տրվելով «գեոպրագմատիզմի» ծանր հրետանու պարտադրանքին, «միջազգային հանրությունը» մեկ անգամ ևս վտանգավոր քայլ կատարեց` անտեսելով ժողովրդավարության սկզբունքները և խնդիրներն ըստ այդ սկզբունքների լուծելու պատշաճ կարգը:

Ներկայիս Թուրքիայի վարչակազմը իրավահաջորդն է Երիտթուրք կառավարության, ով անցած դարասկզբին` Առաջին աշխարհամարտի ծխածածկույթի ներքո, ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունն ու դրանից ածանցվող` հայրենիքի սպանությունը: Այն նաև իրավահաջորդն է քեմալական շարժման, որը 1920-21թթ. հանցավոր գործարքի մեջ մտնելով ռուս բոլշևիկների հետ` չեղարկեց Հայաստանի դե-յուրե սահմանների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, նորանկախ Հայաստանի Հանրապետության բռնագրավման ու մասնատման միջոցով «ճշտորոշեց» խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև դե-ֆակտո այս սահմանը, ինչը հավասարազոր էր վիրահատական ճանապարհով հայրենի ժառանգության մեծ մասի ուզուրպացիային, և խորհրդային Ադրբեջանին բռնակցեց Ղարաբաղի ու Նախիջևանի տոհմիկ հայկական տարածքները: Սա նախերգանքն էր մեկ սերունդ անց կայացված Մոլոտով-Ռիբենտրոպի մեղսապակտի:

Հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այժմ քննարկվում և արժանանում են բուռն շնորհավորանքների, պարունակում են անօրինական դե-ֆակտո սահմանի հաստատմանն առնչվող հղումներ` առանց միաժամանակ լուծելու Թուրքիայի կողմից` որպես մարդկության դեմ ոճրագործություն (Ցեղասպանությունն ու դրան հաջորդած թուրք-ռուսական դավադրությունը) կատարած երկրի, ապաշխարանքի ու հատուցման, վերականգնման ու վերադարձի իրավախնդիրները: Հետևապես` խնդրո առարկա փաստաթղթերն ի սկզբանե անվավեր են, անբարո ու մեռելածին:

Դժբախտաբար, որքան էլ բարի նպատակներ հետապնդեն սեղանին դրված փաստաթղթերը, որքան էլ ոմանք փորձեն դրական լույսով ներկայացնել կամ, երբեմն էլ, PR «միավորներ» հավաքել, միևնույն է` դրանք հուսալի հիմք չեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ամբողջական ու հարատևող կարգավորման, ինչպեսև երկու երկրների ժողովուրդների միջև հիրավի պատմական հաշտության համար: Դրանք ընդամենն ախորժալուր, բայց խաբուսիկ ցուցափեղկ են, և ուրիշ ոչինչ:

***
Երբ Թուրքիան, Հայաստանը և միջնորդ պետությունները գիտակցեն առանցքային այս մարտահրավերի լրջությունը, թերևս փոխեն իրենց «արագությունները», առաջնորդվեն ժողովրդավարության թելադրանքով և իրավունքի իշխանությամբ, դիմագրավեն ու սրբագրեն պատմությունն ու անարդարությունների նրա ժառանգությունը: Նույն ոգով` թուրք-հայկական փոխառնչությունների բնականոնացումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմամբ պայմանավորելու փոխարեն շահագրգիռ կողմերն ի վերջո կճանաչեն Արցախի` հետստալինյան ապագաղութացման, ազատության ու ինքնիշխան պետականության ի վերուստ տրված օրինական իրավունքը:

Միայն այսկերպ մենք կկարողանանք դարբնել, ապաև ականատեսը լինել տարածաշրջանի առաջին հետեղեռնյան գործընկերության:

Այժմ ճիշտ ժամանակն է նաև, որ Թուրքիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը, ում նա պատրաստվում է շուտով այցելել Վաշինգտոնում, ըմբռնեն, որ սա է վերջնական լուծումը: Ոչ թե էն մյուսը:

Րաֆֆի Հովհաննիսյանը, ով խորհրդարանում ներկայացնում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը, նորանկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարն էր:

«ԱրմենիաՆաու»