Փակ խորհրդակցություն` բազմաթիվ հարցականներով

20091209-AM-NA

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ՀՀ կառավարությանը 23 հարցից բաղկացած հարցապնդում էր ուղարկել, որով կառավարությունից պահանջել էր ներկայացնել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախապատմությունը:

ԱԺ դեկտեմբերի 9-ի նիստում ներկայացնելով հարցապնդումը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ որեւէ նախապաշարում այս հարցապնդումը` ներկայացնելիս չի եղել, եւ նպատակը մեկն է` հանրությանը, Ազգային ժողովին, նաեւ ՍԴ-ին տեղյակ պահել, թե ընթացակարգային ի՞նչ խախտումներ կարող էին տեղ գտնել նախապատրաստական փուլում: Բնականաբար, այս հարցապնդմանը պատասխան է ուղարկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Պատասխանից Վ. Հովհաննիսյանը գոհ չէ: Խմբակցությունը լիարժեք պատասխան չի ստացել, քանի որ չեն ներկայացվել խմբակցության կողմից պահանջված համապատասխան փաստաթղթերը:

Հարցապնդման առաջին 11 հարցադրումների վերաբերյալ, որոնք առնչվում են ընթացակարգի պահպանմանը, ասվում է, որ այդ ընթացակարգերը պահպանելու անհրաժեշտություն չի եղել, որովհետեւ ՀՀ նախագահի մոտ կայացած փակ խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահի կողմից տրվել է հանձնարարական` արձանագրությունների կնքման գործընթացն իրականացնել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

Իսկ այդ կարգով նախագահն իրավունք ունի նախաձեռնել որեւէ երկրի, այս դեպքում` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, եւ արդեն երկկողմ հարաբերությունների կարգավորումն արձանագրությունների ստորագրման տեսքով ձեւակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՀ արտգործնախարարը:

Վ. Հովհաննիսյանը նախ նկատեց, թե հայության եւ Թուրքիայի միջեւ չափազանց սրված հարաբերությունների կարգավորմանը գնալիս կարելի էր եւ ավելի բաց ընթացակարգով առաջնորդվել, ապա ավելացրեց, թե պատասխանում նաեւ հստակ ամսաթիվ չկա, թե երբ է տեղի ունեցել այդ խորհրդակցությունը: Չկա նաեւ խորհրդակցության արձանագրության տեքստը: «Ըստ էության, սա ամենակարեւորն է:

Անհայտ, գաղտնի խորհրդակցության ժամանակ նախագահի հայտնած միտքը, գաղափարը, ցանկությունը կամ բանավոր հրահանգը չէր կարող դիտարկվել հանձնարարական: Օրենքի համաձայն` այն պետք է լինի գրավոր: Մենք խնդրել էինք մեզ տրամադրել գրավոր հանձնարարականը. դա չկա»,- հայտարարեց Վ. Հովհաննիսյանը:

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է դրանք եւ բոլոր փաստաթղթերի պատճենները, իր կարծիքի հետ ներկայացնում է ՀՀ նախագահին: Ե՞րբ եւ ի՞նչ բովանդակությամբ կարծիք է փոխանցել արտաքին գործերի նախարարությունը նախագահին: ՀՅԴ խմբակցության պատգամավորները նաեւ ակնկալել են ստանալ այդ կարծիքի պատճենը:

«Դա չէր կարող SMS հաղորդագրություն կամ հեռախոսային զրույց լիներ, գրավոր փաստաթուղթ է եղել, եւ մենք այդ փաստաթղթերն ենք պահանջել: Դրանք չկան»,-ասաց Վ. Հովհաննիսյանը` նշելով, որ նաեւ առանձին գերատեսչությունների կարծիքներ նույնպես չեն ներկայացվել, ինչը պահանջում է օրենքը:

Արձանագրությունում վկայակոչվում է Հելսինկյան եզրափակիչ ակտը, սակայն նշված չեն Հելսինկյան եզրափակիչ ակտում թվարկվող ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալու, ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքորոշման եւ այլ հիմնարար սկզբունքները: Այս հարցադրմանը ԱԳ նախարարը պատասխանել է, թե դա կորոշի ՍԴ-ն: «Այս հարցն ի՞նչ կապ ունի ՍԴ-ի հետ»,-զարմացավ Վ. Հովհաննիսյանը:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով պատասխանում անհրաժեշտ տեղեկանքների եւ փաստաթղթերի բացակայությանը, հայտարարեց. «Եթե որեւէ լրացուցիչ հարցեր կան, գիտեք, որ ԱԳ-ը միշտ հանդիպել է եւ այսօր էլ պատրաստ է հանդիպել ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ, եւ պատրաստակամ ենք լրացուցիչ պատասխաններ տալ, իսկ եթե կարիք կա` փաստաթղթեր ներկայացնել»: Նախարարը վստահեցրեց, որ գաղտնի խորհրդակցության արձանագրություն կա, բայց նաեւ ասաց, թե կճշտի` եթե կա արձանագրություն, բնականաբար, կներկայացնի:

ԱԳ նախարարի պատասխանում նշվում է, որ «ՀՀ նախագահի ուղերձը հանդիսանում է հայկական կողմի մոտեցումների պաշտոնական արձանագրում»: Վ. Հովհաննիսյանի այն հարցին, թե այն կարո՞ղ է վերապահում համարվել եւ հաշվի առնվել խորհրդարանում վավերացման ժամանակ, Է. Նալբանդյանը պատասխանեց. «Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները գնացել են այս հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների: Ստորագրված արձանագրություններում նախապայմաններ չկա: Եթե մենք վերադառնանք նախապայմանների տեսքով հայտարարություններին եւ նախապայմաններ ներկայացնենք, ապա մենք կվերադառնանք փակ շրջանի: Եվ այն կողմը, որ կանի նման փորձեր, իր վրա կվերցնի ամբողջ պատասխանատվությունը` համապատասխան հետեւանքներով»:

Քննարկման ավարտին Վ. Հովհաննիսյանը խմբակցության անունից ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է կառավարությանը, այսինքն` ԱԳ նախարարությանը, լրացնել պատասխանը, ինչպես նաեւ յուրաքանչյուր պատասխանի վերաբերյալ, առկայության դեպքում, ներկայացնել դրա համար հիմք հանդիսացող փաստաթղթեր: Ցանկանո՞ւմ են մեր բոլոր պատգամավորները ավելի տեղեկացվեն հայ-թուրքական գործընթացի մանրամասներից` պարզ կդառնա վաղվա քվեարկությամբ:


ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈւՆԻՑ ԱՆՀԻՄՆ Է, ԹԵԵՎ «ԴՈւՐԵԿԱՆ Է»

VahanHovhannesyan-2

Ի պատասխան հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստմանն ու կազմմանը վերաբերող ՀՅԴ խմբակցության ղեկավարի` 23 հարցից բաղկացած հարցապնդմանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գրավոր նշել էր, որ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած փակ նիստում Սերժ Սարգսյանի կողմից իրեն հանձնարարվել էր արձանագրությունների կնքման գործընթացն իրականացնել «Միջազգային պայմանագրերի մասին օրենքի» 18-րդ հոդվածով սահմանված կարգով: «Եվ հետևաբար Ձեր հարցապանդման մեջ ներառված ընթացակարգերը պահպանելու անհրաժեշտություն չի եղել»,- ի պատասխան հարցադրման` պատասխանել էր արտաքին գերատեսչության ղեկավարը:

Այսօր Վահան Հովհաննիսյանի և Էդվարդ Նալբանդյանի ելույթների ընթացքում եղած հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ կա այդ նիստի ոչ միայն արձանագրությունը, այլև համապատասխան գերատեսչությունների հանձնարարականներ, ինչից Վահան Հովհաննիսյանը եզրակացրեց, որ կա նաև նախագահի գրավոր հանձնարարականը: «Մի կո’ղմ թողնենք, որ նկատի ունենալով Հայաստանի և Թուրքիայի միջև 800 և վերջին 80 տարիների հարցը` կարելի՞ էր առանց ընթացակարգերը պահպանելու դարձնել այն քննարկման առարկա»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Նրա խոսքով` Նալբանդյանի պատասխանի մեջ ուղղակիորեն սահմանազատված է «երկու հանգամանք. առաջինը՝ նախագահի կողմից ընթացքը սկսելու կարգադրությունը, որով հանձնարարվել է սկսել կարգավորման պրոցեսը, բայց հետո եղել է երկրորդ նախաձեռնությունը` արդեն արտգործնախարարի կողմից` կնքել արձանագրությունները»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Ինչից հետո Էդվարդ Նալբանդյանն ամբիոնից հայտարարեց, որ զույգ արձանագրությունների ստորագրման նախաձեռնությունը պատկանում է ՀՀ նախագահին և «նախագահի հանձնարարությամբ և պարբերական ցուցումների հիման վրա ՀՀ արտգործնախարարությունը վարել է բանակցություններ»: Որպես հիմք էլ հանդիսացել են Սահմանադրությունը և Հայաստանի «Ազգային ռազմավարության» համապատասխան դրույթները: Նալբանդյանն ավելացրեց, որ ՀՀ կողմից միջազգային պայմանագիր կարող է նախաստորագրվել 8-12-րդ, 14-15-րդ հոդվածներով, եթե այլ բան նախատեսված չէ այդպիսի պայմանագիր կնքելու վերաբերյալ ՀՀ նախագահի, կառավարության, վարչապետի տված հանձնարարականով: «Արձանագրությունների տեքստի մշակումը և փոխհամաձայնեցումը հանդիսացել է համաժամանակյա բանակցությունների արդյունք»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը, որի խոսքով՝ օրենքում չկա որևէ հատուկ պայման, որի առկայության դեպքում պետք է ընտրվի պայմանագրի փոխհամաձայնեցման այս կամ այն եղանակը: Նախաստորագրված տեքստում փոփոփոխություններ, ըստ Նալբանդյանի, կարելի է կատարել միայն փոխադարձ պայմանավորվածության դեպքում, ինչը, արտգործնախարարի խոսքով, չի եղել:

ՀՅԴ մյուս հարցադրմանը` արձանագրությունների ստորագրման ժամանակ կայի՞ն վերապահումներ, թե ոչ, արտգործնախարարությունը բացասական պատասխան էր տվել` նշելով, որ Սերժ Սարգսյանի` հոկտեմբերի 10-ի ուղերձը «հանդիսանում է հայկական կողմի մոտեցումների պաշտոնական արձանագրում»: ՀՅԴ խմբակցության ղեկավարի գնահատմամբ, այս ձևակերպումն իրավական տեսանկյունից անհիմն է, թեև «դուրեկան է»: «Եթե ուղերձը դիտարկվում է որպես վերապահում, ապա այդ վերապահումը պիտի արվեր ստորագրելու ժամանակ, և նախագահի ուղերձը հենց այդ պահին պետք է դիտարկվեր որպես վերապահում, բայց դա արվել է ժամեր առաջ, բոլորովին այլ վայրում և այս առումով չի կարող դիտվել որպես վերապահում: Այն ուղղված չէ թուրքական կողմին, որովհետև վերնագրված է «Սիրելի’ հայրենակիցներ», կարծում եմ` դեռևս դա թուրքերին չի վերաբերվում»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը, որի խոսքով՝ այն իրավական հիմք կստանա մեր խորհրդարանի կողմից արձանագրությունները վավերացնելու «կամ չվավերացնելու ժամանակ»:

Իր եզրափակիչ ելույթում Վահան Հովհաննիսյանը ավելացրեց, որ ճիշտ է էդվարդ Նալբանդյանը` ասելով, որ այս կամ այն ձևը կամ ընթացակարգն ընտրելու հարցում չկա պարտադրանք: Պատգամավորը պարզաբանեց, որ իրենց պահանջը ոչ թե առարկություն էր սրան, այլ ընդամենը այն, որ խնդրել էին հիմնավորել, թե ինչու է ընտրության ազատության մեջ ա՛յս ձևն ընտրվել: Այդ պարզաբանումը այդպես էլ չեն ստացել: «Մենք ունենք մի վիճակ, երբ ՀՀ նախագահը, օգտագործելով սահմանադրական իր իրավունքը, կարգավորման հանձնարարություն է տալիս: Գրավոր չենք տեսել, բայց, հուսով ենք, կտեսնենք: Սա առաջին նախաձեռնությունն էր, բայց կար նաև երկրորդը` «Կարգավորումը իրականացնել արձանագրությունների ձևով», որը պատկանում է արտաքին գործերի նախարարությանը»:

Ըստ Վահան Հովհաննիսյանի, եթե արդեն հանդես են եկել այս երկրորդ նախաձեռնությամբ, ապա պետք է գործեր վերոնշյալ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը, որն ասում է. «ՀՀ միջազգային պայմանագրի նախագիծը և դրան առնչվող մյուս փաստաթղթերը ստանալով` տվյալ պայմանագրի կնքմանը համաձայնություն տալու կամ կնքումը մերժելու վերաբերյալ ՀՀ նախագահն իր դիրքորոշումը արտահայտում է արտաքին գործերի նախարարության գրության պատասխան նամակով: «Նամակը SMS չէ, հեռախոսային խոսակցություն չէ, գրավոր փաստաթուղթ է»,- նշեց Վահան Հովհաննիսյանը: Դաշնակցական պատգամավորն ասաց, որ բոլորովին այլ բան էին հարցրել կառավարությունից, որը նշել էր, որ արձանագրությունների սահմանադրականության հարցը որոշվում է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից: Հարցը, մասնավորապես, շարադրվել էր այսպես. «Ինչո՞ւ Արձանագրություններում նշված չեն Հելսինկյան եզրափակիչ ակտով ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալու, ժողովուրդների ինքնորոշման և այլ հիմնարար սկզբունքները»: «Սա ի՞նչ Սահմանադրական դատարան դիմելու հարց է, պարոնա’յք, սա պետք է մեկնաբանի համապատասխան գերատեսչությունը»: Այնպես որ, ՀՅԴ-ն համարում է, որ այս առումով էլ լիարժեք պատասխան չի ստացել:

ԱՆՈւՇ ԴԱՇՏԵՆՑ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ