ԲԱՑ ՆԱՄԱԿ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործոց նախարար պրն. Ահմեդ Դավութօղլուին

Մեծարգո պարոն նախարար,

Հետաքրքրությամբ կարդացի ս.թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայի Հանրապետության խորհրդարանում Ձեր արտասանած ելույթի տեքստը: Տպավորությունները խառն էին: Սակայն հիմնական զգացումն այն էր, որ Դուք ուզում եք ցանկալին ներկայացնել իրականի տեղ:

Նախ զամանալի էր, որ «բռնազավթման» (occupation) մասին է խոսում մի երկրի արտգործնախարար, որն արդեն ավելի քան երեք տասնամյակ բռնազավթված է պահում Կիպրոսի տարածքի 37%-ը, և գրեթե ինը տասնամյակ իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, տարածքի երեք-քառորդը: Ուզում եմ շեշտել, որ խոսքը չի գնում ինչ-որ վերացական «հայկական հողերի» մասին, այլ միայն միջազգային օրինական փաստաթղթով, այն է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով [arbitral award] (22 նոյեմբերի, 1920թ.) Հայաստանի Հանրապետությանը հատկացված տարածքի: Իրավարար վճռին ես կանդրադառնամ ավելի ուշ, պարզապես առայժմ ուզում եմ նշել, որ համաձայն միջազգային իրավունքի իրավարար վճիռները «վերջնական են և անբեկանելի» (definitive and without appeal):(1)

Մեծարգո պարոն նախարար,

Մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության հինգերորդ պարբերությունը,(2) Դուք հետևություն եք անում, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է «գոյություն ունեցող սահմանը» ըստ Մոսկվայի (16 մարտի, 1921թ.) և Կարսի (13 հոկտեմբերի, 1921թ.) պայմանագրերի:

Խիստ կամայական մեկնաբանություն: Փաստաթուղթը չի վկայակոչում վերոհիշյալ, այսպես ասած, պայմանագրերը: Արձանագրությունը հիշատակում է միայն «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերը» (the relevant treaties of international law): Այսինքն, հստակ է, որ վկայակոչյալ պայմանագրերը պետք է կառավարվեն միջազգային իրավունքով (governed by international law), այսինքն՝ գոնե չհակասեն միջազգային իրավունքին: Միևնույն ժամանակ, արձանագրությունը, վկայակոչելով «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերը» (the relevant treaties of international law) և ոչ թե պարզապես «միջազգային պայմանագրերը» (international treaties), տալիս է ավելի ընդգրկուն սահմանում (inclusive definition), այսինքն ներառում է «միջազգային իրավունքի գործիքներն» (the instruments of international law) ընդհանրապես, անկախ անվանումից: Ինչպես ներկա դեպքում ունենք «արձանագրություն» կոչվող փաստաթղթերի պարագային: Ըստ այդմ, «պայմանագիր» հասկացությունը պետք է մեկնաբանել անկախ փաստաթղթի անվանումից, որպես զուտ միջպետական օրինական գրավոր համաձայնություն: [“Treaty” means an international agreement concluded between States in written form and governed by international law. Article 2.1(a), Vienna Convention on the Law of Treaties, 1969].

Ակնհայտ է, որ արձանագրության մեջ հիշատակվող «գոյություն ունեցող սահմանը» դա բոլշևիկա-քեմալական գործարքի հետևանքով առաջացած անօրինական բաժանարար գիծը չէ: Անօրինականությունը չի կարող առաջացնել օրինական հետևանք՝ ex injuria non oritur jus: «Գոյություն ունեցող սահման» նշանակում է միջազգային իրավունքի մեջ գոյություն ունեցող և միջազգային իրավունքին համապատասխանող սահման: Իսկ նման միայն մի սահման կա Հայաստանի և Թուրքիայի միջև՝ դա ԱՄն նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով որոշված սահմանն է:

Ձեր ելույթում վկայակոչված Մոսկվայի և Կարսի պայմանագրերն, միջազգային իրավունքի տեսան­կյունից, ընդհանրապես պայմանագրեր էլ չեն: Որպեսզի նշյալ գործարքները պայմանագիր համարվեն, նրանք պետք է կնքված լինեին ճանաչված պետությունների օրինական իշխանությունների լիազոր ներկայացուցիչների կողմից: Ո՜չ քեմալականները և ո՜չ էլ բոլշևիկները, առավել ևս Հայաստանում իշխանության բերված հայ բոլշևիկները, 1921թ. չեն եղել այդպիսին: Այսինքն, պայմանագրերը կնքելու բուն գործողությունը կնքելու իսկ պահին հակասել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի՝ jus cogens-ների: Իսկ համաձայն Ձեր իսկ ելույթում վկայակոչված Վիեննայի Պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի (Vienna Convention on the Law of Treaties, 1969) 53 հոդվածի «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքման պահին այն հակասել է միջազգային ընդհանուր իրավունքի հիմնարար նորմի» (A treaty is void if, at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm of general international law):

Արդյո՞ք Դուք իսկապես կարծում եք, որ երկու չճանաչված, հետևաբար անօրինական վարչախմբեր, ինչպիսիք էին բոլշևիկներն ու քեմալականները 1921թ.-ին, կարող էին երկկողմ պայմանագրով (Մոսկվայի պայմանագիր) չեղյալ հայտարարել օրինապես բանակցված և 18 ճանաչված պետությունների կողմից ստորագրված միջազգային փաստաթուղթը (Սևրի պայմանագիրը): Միթե՞ Դուք կարծում եք, որ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն օրինական փաստաթուղթ է: Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև երկու երկիր՝ տվյալ դեպքում ՍՍՀՄ և Գերմանիան, չէին կարող որոշել երրորդ երկրների սահմանները: Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ երկու խռովարարական շարժում, ինչպիսիք էին, կրկնում եմ, բոլշևիկներն ու քեմալականները 1921թ., իրավասու էին Մոսկվայում որոշելու մեկ այլ երկրի՝ թեկուզև բռնազավթված Հայաստանի Հանրապետության, սահմանի հարցը:

Միթե՞ Դուք կարծում եք, որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունները, երբևէ, ըստ միջազգային իրավունքի, ունեցել են պայմանագիր կնքելու կարողություն (capacity to make treaties under international law): Իհարկե ոչ: 1920թ. ապրիլից (Ադրբեջան), 1920թ. դեկտեմբերից (Հայաստան) և 1921թ. փետրվարից (Վրաստան) ի վեր այս երկրները եղել են պարզապես տարբեր վարչատարածքային միավորների տեսքով ռուսական բոլշևիզմի կողմից բռնազավթված տարածքներ: Հայաստանի պարագայում Միացյալ Նահանգների Սենատը 1924թ. հունիսի 3-ին իր ընդունած #245 բանաձևով միանշանակորեն արձանագրել է դա. «Հայկական պետությունը կործանվել է Սովետական Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ գործունեության արդյունքում»: ( Turkey joined with Soviet Russia in the destruction of the Armenian State):(3) Եթե 1920թ. դեկտեմբերի 2-ից չկար Հայաստանի Հանրապետությունը, ինչպե՞ս էր այն կարող 1921թ. հոկտեմբերին Կարսում միջազգային պայմանագիր կնքել:

Միջազգային իրավունքի անվիճելի նորմ է, որ զավթիչների գործողությունները իրավական հետևանք չեն ստեղծում նվաճված երկրների համար. «բռնազավթման ժամանակ երկրի տարածքի որևէ մասի զիջում հետևանազուրկ է» (a cession of territory during occupation is not effective):(4) Սրա մասին երկու կարծիք լինել չի կարող:

Այն որ արձանագրությունները չեն օրինականացնում Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած իրավիճակը և չեն ճանաչում որևէ սահման միանշանակորեն արձանագրված է Հայաստանի Հանրապետության նախագահ պրն. Սերժ Սարգսյանի 2009թ. հոկտեմբերի 10-ի ուղերձի մեջ: Նա հստակորեն հայտարարում է. ՙՑանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը», ինչպես նաև. ՙՀայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման գերակա միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»:

Պարզ և հստակ:

Հիմա տեսնենք, թե ո՞րն է այն ՙգերակա միջազգային իրավունքը», որի համաձայն «Հայաստանի և Թուքիայի սահմանների հարցը ենթակա է լուծման»:

Սա հասկանալու համար պետք է վերադառնանք ոչ վաղ անցյալի այն կարճատև ժամանակահատվածին, երբ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն միջազգային հանրության կողմից ձեռք էր բերում իր ճանաչումը: Երբ Փարիզի խաղաղության վեհաժողովի Գերագույն խորհուրդը (Supreme Council) 1920թ. հունվարի 19-ին, հանձինս Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի և Իտալիայի, ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, դա արեց որոշակի պայմանով՝ Հայաստանի Հանրապետության սահմանները պետք է որոշվեին հետագայում: Նույն պայմանով 1920թ. ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց նաև ԱՄՆ:

Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ, բնականաբար, կարևորագույնը հայ-թուրքական սահմանի հարցն էր: Ուստի, Փարիզի վեհաժողովի Սան Ռեմոյի նիստը, ի շարս այլ հարցերի, 1920թ. ապրիլի 24-27-ին քննության առավ այդ հարցը և ապրիլի 26-ին պաշտոնապես դիմեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին որպեսզի Միացյալ Նահանգների նախագահը իրավարարությամբ վճռի Հայաստանի սահմանները (to arbitrate the frontiers of Armenia):(5) 1920թ. մայիսի 17-ին նախագահ Վիլսոնը տվեց իր դրական պատասխանը և ստանձնեց Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի պարտականություններն ու լիազորությունը: Հատուկ ուզում եմ շեշտել, որ սա Սևրի պայմանագիրը ստորագրելուց (10 օգոստոսի, 1920թ.) գրեթե երեք ամիս առաջ էր: Կլիներ Սևրի պայմանագիրը, թե ոչ, իրավարարության օրինական հայցադիմումը (compromis) կար, հետևաբար Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարար վճիռը կայացվելու էր: Ուրիշ բան, որ Սևրի պայմանագիրը պարունակում է ևս մեկ՝ լրացուցիչ, հայցադիմում: Հարկ եմ համարում նշել, որ հայցադիմումների (compromis) վավերականության (validity) համար բավարար է միայն լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները, և հայցադիմումները վավերացման (ratification) կարիք չունեն:

Ըստ այդմ, Սան Ռեմոյի (26 ապրիլի, 1920թ.), ինչպես նաև Սևրի (10 օգոստոսի, 1920թ.) հայցադիմումների (compromis) հիման վրա, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920թ. նոյեմբերի 22-ին կայացրեց Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր իրավարար վճիռը (Arbitral Award), որն ըստ պայմանավորվածության ուժի մեջ մտավ անմիջապես (thereupon) և անվերապահորեն:

Երկու օր հետո՝ նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է Փարիզ՝ Խաղաղության վեհաժողովի և Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունվում է ի գիտություն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն՝ Հայաստանի Հանրապետությունը, 1920թ. դեկտեմբերի 2-ին դադարում է գոյություն ունենալուց:

Վիլսոնի իրավարար վճռի ներկա կարգավիճակի հարցը.

Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրավարար վճիռ անվեհապահորեն պարտադիր է կատարման համար (binding document): Ավելին, իրավարար վճիռները «վերջնական են և անբեկանելի» (final and without appeal) : (6) «Իրավարար վճիռն իրավարարի վերջնական և կատարման համար պարտադիր որոշում է» (The arbitral award is the final and binding decision by an arbitrator):(7)

Իրավարար վճիռների վերջնական և անբեկանելի լինելը ամրագրված է (codified) միջազգային իրավունքի մեջ: Ի մասնավորի՝ Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes), 1899թ. խմբագրման #54 և 1907թ. խմբագրման #81 հոդվածներում: Ըստ այդմ, Միացյալ Նահագների նախագահ Վուդրո Վիլսոնը իր Իրավարար վճռով մեկընդմիշտ որոշել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այն ուժի մեջ է առ այսօր և ենթակա չէ բեկանման:

Հետևաբար, երբ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 5-րդ պարբերությունը արձանագրում է «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը», ապա այն միանշանակորեն նկատի ունի առ այսօր գոյություն ունեցող միակ օրինական փաստաթղթով՝ ԱՄՆ նաագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով, որոշված (defined) սահմանը: Ուրիշ մեկ այլ օրինական, ինչպես արձանագրության տեքստում է՝ «միջազգային իրավունքի», փաստաթուղթ չկա:

Այստեղ կարևոր է անդրադառնալ մի կարևոր հարցի ևս. Իսկ ԱՄՆ իշխանական և հանրային կառույցները երբևէ՞, որևէ՞ դիրքորոշում արտահայտել են նախագահ Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող իրավարար վճռի նկատմամբ:

Գործադիր իշխանության դիրքորոշումը.

ԱՄՆ-ի բարձրագույն գործադիր իշխանությունը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրավարար վճիռը, այլև վավերացրել է այն և, ըստ այդմ, այն դարձրել ԱՄՆ ներքին օրենսդրության մաս (the law of the land): ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին (Bainbridge Colby) իրենց ստորագրություններով և Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության Մեծ կնիքով (The Great Seal of the United States) վավերացրել են իրավարար (Arbitrator) Վուդրո Վիլսոնի վճիռը: Ըստ միջազգային իրավունքի, իրավարարի անձնական ստորագրությունը և կնիքը, եթե կա այդպիսին, միանգամայն բավարար է Իրավարար վճռի վավերականության համար: Վուդրո Վիլսոնը կարող էր բավարարվել միայն իր ստորագրությամբ կամ նաև իր՝ նախագահական, կնիքով: Այդ դեպքում վճիռը կլիներ անհատական, թեկուզև նախագահական, պարտավորություն: Սակայն Իրավարար վճիռը վավերացված է պետության մեծ կնիքով և ամրագրված է այդ կնիքի պահապան (keeper) պետքարտուղարի կողմից: Ըստ այդմ, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Միացյալ Նահանգներ պետության անվերապահ պարտավորությունն է:

Օրենսդիր իշխանության դիրքորոշումը.

Իրավարար վճիռները ենթակա չեն որևէ օրենսդրական հավանության կամ վավերացման: Նրանք ղեկավարվում են միջազգային հանրային իրավունքով: Հետևաբար, ԱՄՆ Սենատը, որին ըստ ԱՄՆ սահմանադրության վերապահված է արտաքին քաղաքականության հարցերին անդրադառնալու իրավունքը, երբևէ ուղղակիորեն քննության չի առել հայ-թուրքական սահմանը որոշող իրավարար վճիռը: Այսուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատը միանշանակորեն, առնվազն մեկ անգամ, արտահայտել է իր վերաբերմունքը նշյալ վճռի նկատմամբ:

Երբ 1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ Սենատը մերժեց 1923թ. օգոստոսի 6-ի թուրք-ամերիկյան պայմանագրին հավանություն տալը, դա արեց երեք պատճառով: Պատճառներից մեկն այն էր, որ «Թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդեպ» (failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia):(8) Այդ առիթով սենատոր Ուիլյամ Քինգը պաշտոնական հայտարարության մեջ շատ ավելի հստակ է արտահայտվել. «Ակնհայտորեն Միացյալ Նահանգների կողմից ոչ ճիշտ և անհիմն կլիներ հավատ և հարգանք ընծայել Քեմալի պնդումներին ու հավաստիացումներին, քանի դեռ նա շարունակում է իր վերահսկողության ու ինքնիշխանության տակ պահել Վիլսոնյան Հայաստանը» (Obviously it would be unfair and unreasonable for the United States to recognize and respect the claims and professions of Kemal so long as he persist in holding control and sovereignty over Wilson Armenia):(9) 1927թ. Սենատի քվեարկությունը միանշանակորեն վկայում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը 1927թ.-ին վավերական և իրավական ուժ ունեցող վճիռ էր: Դրանից հետո իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվել, հետևաբար, այն շարունակում է ուժի մեջ մնալ առ այսօր:

Հանրային կառույցների դիրքորոշումը.

Միացյալ Նահանգներում ամենակարևոր հանրային կառույցները կուսակցություններն են: Դրանց ծրագրային հիմնադրույթներն ամփոփվում են Կուսակցությունների հիմնածրագրի (Party Platform) մեջ, որոնք հաստատվում են կուսակցությունների համագումարների կողմից:
Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը (ներկա նախագահ Օբամայի և պետքարտուղար Քլինթոնի կուսակցությունը) երկու անգամ՝ 1924թ. և 1928թ., պաշտոնական դիրքորոշում է արտահայտել Վիլսոնի իրավարար վճռի նկատմամբ:

Դեմոկրատական կուսակցությունը 1924թ. իր ծրագրի մեջ առանձին տողով, որպես հիմնադրույթ-նպատակ, ամրագրել է «Հայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրականացումը» (“Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia”):(10)

Դեմոկրատական կուսակցության 1928թ. ծրագիրը գնում է մի քայլ առաջ և խոսում է ԱՄՆ որպես պետության և Դաշնակից պետությունների «խոստումների և պարտավորությունների» մասին. «Մենք զորակցություն ենք հայտնում Միացյալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղված են Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդող տարիներին Միացյալ Նահանգների և դաշնակից ուժերի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին տված խոստումների և պարտավորությունների իրականացումն ապահովելուն»: (“We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people”):(11) Հայաստանի Հանրապետությանը տված Միացյալ Նահանգների միակ անկատար ՙխոստումն ու պարտավորությունը՚ եղել և մնում է նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ:

Մեծարգո պարոն նախարար,

Ի տարբերություն ամերիկացիների և եվրոպացիների ներկա սերնդի, մենք թուրքերին լավ ենք ճանաչում, ուստի պատրանքներ չունենք: Կարծում եմ, դուք էլ մեզ եք լավ ճանաչում, հետևաբար պատրանքներ պիտի չունենաք: Եթե դուք՝ թուրքերդ, կարծում եք, որ Հայաստանի ձեռքերն ոլորելով հայ ժողովրդին ինչ-որ բան կարելի է պարտադրել, չարաչար սխալվում եք: Մեր պատմությունը դրա հակառակի ապացույցն է:

Մենք՝ հայերս և թուրքերը, դատապարտված ենք միասնաբար, երկուստեք ընդունելի լուծումներ գտնելու: Լուծումները կարող են տարբեր դրսևորումներ ունենալ, բայց մի բան հստակ պիտի լինի՝ այն պիտի նպաստի ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, տնտեսության բազմակողմանի զարգացմանը, գործակցական մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանն ու նրանց տարածաշրջանի հարցերի մեջ ավելի լայն ներգրավվմանը: Ընդսմին, այդ ձևը պիտի լինի այնպիսին, որ փարատի հայկական կողմի անվտանգության մտահոգությունները, հնարավորություն ընձեռի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը հարաճուն և շարունակական զարգանալու համար, ինչպես նաև երաշխավորի հայկական մշակութային արժեքների պահպանումը: Միևնույն ժամանակ, հարցի լուծումը չպիտի էականորեն ոտնահարի Թուրքիայի շահերը և թուրքական կողմին պետք է հնարավորություն տա զգալու, որ հարցի առաջարկվող լուծումը արժանապատիվ ելք է ստեղծված իրավիճակից:

Մեծարգո պարոն նախարար,

Մենք պատրաստ ենք համագործակցության, սակայն մի ընկալեք դա որպես թուլության նշան և մի փորձեք մեզ ստիպել, որ սպիտակ դրոշ պարզենք: Դա երբեք չի լինի:

Ընդունեցեք, պարոն նախարար, հարգանացս խորին հավաստիքը:

Արա Պապյան
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար
Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, 2000-2006թթ.
23 հոկտեմբերի, 2009թ.

Հղումներ

(1) The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes, 1899, # 54; 1907, # 81.

(2) «Հաստատելով միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը», “Confirming the mutual recognition of the existing border between the two countries as defined by the relevant treaties of international law.”

(3) The Armenian Review, vol. 30, No. 3-119, 1977, p. 286.

(4) W. Fiedler, Continuity, Encyclopedia of Public International Law, v. 1, Amsterdam, 1992, p. 808.

(5) Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, Appendix I, Number 10. (The National Archives, Washington, 760J.6715-760J.90C/7).

(6) Hans-Jurgen Schlochauer, Arbitration, Encyclopedia of Public International Law, v. I, 1992, Amsterdam, p. 226.

(7) A Dictionary of Arbitration and its Terms (ed. by Katherine Seide), New York, 1970, p. 32.

(8) Lausanne Treaty is Defeated, The Davenport Democrat, 19 January 1927, 1.

(9) The New York Times, January 19, 1927, 1.

(10) National Party Platforms, 1840-1968, (compl. By Kirk and Donald Johnson), Urbana-Chicago-London, 1972, p. 277.

(11) National Party Platforms, 1840-1968, (compl. By Kirk and Donald Johnson), Urbana-Chicago-London, 1972, p. 277.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ