Հայ-թուրքական երկխոսություն. վերադարձ ապագային

BackToTheFuture-102 Հոկտեմբեր 2009

Սեպտեմբերի 30-ին Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպեց “Երկխոսություն` Հայաստան-Թուրքիա. վերադարձ ապագային” թեմայով:

Այս քննարկումը մասն է Սիվիլիթասի քննարկումների նոր շարքի, որ իրականացվում է Նորվեգիայի կառավարության հովանավորությամբ: Առաջիկա ամիսներին “Երկխոսություն” ծրագրի շրջանակներում տեղի կունենան քննարկումներ նաև “Հայաստան-Վրաստան”, “Հայաստան-Ռուսաստան” և “Հայաստան-Եվրոպական Միություն” թեմաներով:

“Հայաստան-Թուրքիա” թեմայով քննարկման հիմնական բանախոսներն էին Զաման թերթի մեկնաբան Յավուզ Բայդարը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, հասարակական գործիչ Ալեքս Սարդարը:

Բացելով քննարկումը, Ալեքս Սարդարը խոսեց այն մասին, որ լինելով ցեղասպանություն վերապրածների զավակ և երկար տարիներ ապրելով սփյուռքում, աշխատել է ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Միացյալ Նահանգներում: Սակայն վերջին 8 տարում ապրելով Հայաստանում՝ սկսել է այս խնդիրներին այլ տեսնակյունից նայել:

Հարցադրումն առավել պրագմատիկ տեսանկյունից ձևակերպելով՝ Ալեքս Սարդարը բեմում իր գործընկերներին հարց ուղղեց, թե ի՛նչ է շարքային հայը ակնկալում թուրքից, և ի՛նչ է շարքային թուրքն ակնկալում հայից:

Յավուզ Բայդարը պատմեց, թե ինչպես է տարիներ առաջ, ուսանող լինելով Շվեդիայում, առաջին անգամ լսել հայկական խնդրի մասին: Նա խոսեց այն մասին, որ թուրք հասարակության մեծ մասը պատկերացում չունի 1915 թվականի իրադարձությունների մասին, և գիտակցելն ու ընդունելը, որ Թուրքիայում նման բան կարող էր տեղի ունենալ, հասարակության համար շատ ծանր է լինելու:

Բորիս Նավասարդյանը խոսեց այն մասին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը ոչինչ չի հասկանում հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունից և հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին տեսակետ է կազմում տարատեսակ մեկնաբանություններից, որոնք միշտ չէ, որ խորքային, մասնագիտական վերլուծություններ են: Արձագանքելով, ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը հակադարձեց, որ հասարակությունը պատրաստ չէ այս կարգի հապշտապությանը, և ժամանակից առաջ ընկնելով, հարաբերությունների կարգավորման լավ գաղափարը կարող է փչանալ: Ի պատասխան Բորիս Նավասարդյանն այն տեսակետը հայտնեց, որ եթե սպասենք պատրաստ լինելուն, որևէ կարևոր հարց այդպես էլ չի լուծվի:

BackToTheFuture-2

Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը խոսեց այն մասին, որ նման բաց և անկեղծ քննարկումներն են, որ կարող են նպաստել երկու ժողովուրդների միջև փոխըմբռնմանը և բարդ հարցերի լուծմանը: Մինչդեռ կառավարություների կողմից հապճեպ մշակված արձանագրությունները, որոնք ենթադրում են նախ խնդիրների լուծում, հետո արդեն հարաբերությունների կարգավորում, ապագայում կարող են սահմանափակել կնճռոտ խնդիրներն անկեղծ քննարկելու հնարավորույթունը, քանի որ կառավարական մակարդակով ընկալվելու է, որ այդ խնդիրները արդեն լուծված կարելի է համարել ստորագրվելիք արձանագրություններով:

Քննարկումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Վարդան Օսկանյանը մեկ անգամ ևս խոսեց այն մասին, որ արձանագրությունները հստակ նախապայմաններ են պարունակում: Երկուսը` սահմանների ճանաչման և պատմաբանների մասնակցությամբ ենթահանձնաժողովի նախապայմանները, ձևակերպված են գրավոր, երրորդը՝ Ղարաբաղի խնդրի կարգավորումը, «բանավոր» է, քանի որ այդ նախապայմանը հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալու ամեն առիթով հնչեցնում է նա, ումից կախված է սահմանի բացումը` Թուրքիայի վարչապետը:

Վարդան Օսկանյանը խոսեց նաև այն մասին, որ սա այն խնդիրն է, որի լուծման համար իշխանությունները պետք է ունենան հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը: Մինչդեռ այսօր, երբ առանց արձանագրությունների էլ հասարակությունը բևեռացված է, կան լուրջ քաղաքական և տնտեսական խնդիրներ, և Հայաստանի ու սփյուռքի մեծ մասը դեմ է այս կարգի զիջումներին, այս փաստաթղթերը չի կարելի ստորագրել:

“Սա հարկային որոշում չէ, բարեփոխումների օրենք չէ, որ կարելի է ստորագրել, հետո փոշմանել ու հետո փոփոխել: Սա այն հարցն է, որ եթե նույնիսկ իշխանությունը հանրաքվե չի անցկացնում, որին միևնույն է, ոչ ոք չէր հավատալու, ապա առնվազն պետք է օդում զգա հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը, և ոչ թե այն բուռն դիմադրությունը, որ կա այսօր”, ասաց վարդան Օսկանյանը:

Սիվիլիթաս Հիմնադրամ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ