Արձանագրությունները սահմանադրական դատարանում են։ Ո՞րն է հաջորդ քայլը

HarutSassounianՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216
26-11-2009

Թարգմ. Հ. Ծ.

Ստորեւ թարգմանաբար Հարութ Սասունյանի («Կալիֆոռնիա կուրիեր») դիտարկումներն այդ հարցի վերաբերյալ

Նոյեմբերի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առանց հրապարակային հայտարարության Սահմանադրական դատարան ներկայացրեց հայ-թուրքական արձանագրությունները:

Հայաստանի օրենքները պահանջում են, որ բոլոր միջազգային համաձայնությունները ներկայացվեն Սահմանադրական դատարան, նախքան խորհրդարանի քննարկումներն ու դրանց վավերացումները: Արձանագրությունները ստորագրվել էին երկու երկրների արտգործնախարարների կողմից հոկտեմբերի 10-ին, այն բանից հետո, երբ երկու կողմերը հրապարակայնորեն պարտավորվեցին ամեն ջանք գործադրել, որպեսզի դրանք վավերացվեն «խելամիտ ժամկետում»:

Հաշվի առնելով, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 21-ին արդեն թուրքական խորհրդարանին էր ներկայացրել արձանագրությունները, նախագահ Սարգսյանի քայլը հավանաբար բխում էր անհարկի ձգձգումների մեջ չմեղադրվելու մտահոգությունից: Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը այցելելու է Վաշինգտոն: Բացի դրանից, անցյալ շաբաթավերջին մի թուրք պաշտոնյա արդեն իսկ մեղադրում էր Հայաստանին «վավերացման ուղղությամբ դեռեւս ոչ մի քայլ չկատարելու» համար: «Հյուրիեթ» թերթում ավագ սերնդի մի թուրք դիվանագետ նշում էր, որ առայժմ Թուրքիայի վրա ճնշումներ չեն կարող բանեցնել, «քանի որ Հայաստանը վավերացման համար դեռեւս խորհրդարան չի ներկայացրել արձանագրությունները»:

Սահմանադրական դատարան ուղարկելն, այդուհանդերձ, դեռ չի նշանակում, որ հայկական կողմը նպատակ ունի դրանք անհապաղ վավերացնելու, քանի որ Հայաստանի պաշտոնյաները նախապես հայտարարել են, որ կսպասեն մինչեւ առաջինը Թուրքիան վավերացնի: Ավելին, հաշվի առնելով, որ Թուրքիայի առաջնորդները արձանագրությունների վավերացումը անընդհատ կապում են Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հետ, հարց է առաջանում, թե արդյոք դրանք ընդհանրապես կվավերացվե՞ն, թե՞ ոչ:

Սահմանադրական դատարանի կայքում նշված է, որ որեւէ գործի դատարան ներկայացնելուց հետո առաջին քայլը հանձնարարելն է դատարանի անդամներից որեւէ մեկինՙ կատարել դիմումի նախնական ուսումնասիրություն 15-օրյա ժամկետում, որը կարելի է երկարաձգել եւս 10 օրով:

Ընդհանուր առմամբ դատարանը պետք է ավարտի քննությունը որեւէ դիմում մուտքագրելուց հետո 3 ամսվա ընթացքում: Դատարանի որոշումը հիմնվելու է ոչ թե ընդհանրապես արձանագրությունների, այլ դրանցում ընդգրկված պարտավորությունների համապատասխանությանը Հայաստանի սահմանադրությանը:

Հաշվի առնելով Հայաստանի դատարանների նկատմամբ անվստահությունը, հայերից շատերը, հատկապես նրանք, ովքեր դեմ են արձանագրություններին, վստահ են, որ Սահմանադրական դատարանը դեմ չի գնալու կառավարության դիրքորոշմանը այս հարցում: Լրագրողներից ոմանք նույնիսկ հարցականի տակ դրեցին այն, թե ինչքանով էր հարմար, որ Գագիկ Հարությունյանը ընկերակցեր նախագահինՙ վերջինիս սփյուռքյան շրջագայության ժամանակ:

Նկատի առնելով արձանագրությունների երկարաժամկետ ազդեցությունները Հայաստանի ազգային շահերի վրա, ակնկալվում է, որ Սահմանադրական դատարանը այս հարցին կմոտենա ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ: Չնայած շատերը երեւի պիտի նախընտրեին, որ արձանագրություններին հավանություն չտար Սահմանադրական դատարանը, սակայն շատ հավանական է, որ հավանություն տա, գուցե ավելացնելով մի քանի պարզաբանումներ եւ մեկնաբանություններ նախքան արձանագրությունները վերջնական տեսքով խորհրդարան ներկայացնելը: Նման պարզաբանումները, հուսով ենք, նվազագույնի կհասցնեն արձանագրությունների վնասաբեր արդյունքները եւ թույլ չեն տա Թուրքիային սխալ մեկնաբանություններ կատարելու հատկապես միջազգային պայմանագրերի հարցումՙ խոչընդոտելով ապագայում հայերի պահանջատիրական իրավունքները, եւ նաեւ պատմական ենթահանձնաժողովի հարցում, որը կասկածի տակ դներ հայերի ցեղասպանության փաստը:

Մեկ այլ շատ կարեւոր կետ կարող է Սահմանադրական դատարանը ավելացնել, իրավունք տալով հայկական կողմին չեղյալ համարելու արձանագրությունները, եթե Թուրքիան վավերացումից հետո խախտի դրանում նշված կետերից որեւէ մեկը:

Հոկտեմբերի 4-ին Լոս Անջելեսում հայ համայնքի վաթսունից ավելի ներկայացուցիչների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ ես առաջարկեցի, որ հայկական կողմը նման վերապահում ավելացնի արձանագրություններին եւ դրանք համարի չեղյալ, եթե Թուրքիան, օրինակ, վավերացումից հետո 60 օրերի ընթացքում չբացի սահմանը Հայաստանի հետ, եւ կամ բացելուց հետո դարձյալ փակի այն: Այդ ժամանակ նախագահը հրապարակայնորեն համաձայնեց իմ առաջարկի հետ, եւ խոստացավ հետեւել, որ նման կետ կամրապնդվի արձանագրություններում:

Քանի որ Հայաստանի կառավարությունը մտադիր է, հակառակ առարկություններին, առաջ գնալ արձանագրությունների հարցում, ապա Սահմանդրական դատարանն ու հետագայում նաեւ Հայաստանի խորհրդարանը պարտավոր են փորձել նվազագույնի հասցնել երկրին սպառնացող հետագա վնասներըՙ նման վերապահումներ եւ պարզաբանումներ ամրագրելով արձանագրություններին նախքան դրանց վերջնական վավերացումը:

ԱԶԳ