Վահան Հովհաննիսյան. «Ամենաճիշտ ճանապարհը արձանագրությունները չվավերացնելն է»

Երեւան (Երկիր) – Մյունխենյան հանդիպման նախօրեին Իլհամ Ալիեւի հայտարարությունը չպետք է դիտարկել որպես պարզ եւ շարքային ռազմատենչ հայտարարություն։ Այս անգամ այն վերջնագրի էր նման, եւ հայկական կողմի համար միակ ճիշտ քայլը կլիներ՝ պարզապես չգնալ Մյունխեն։

VahanHovhannesyanԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նոյեմբերի 24-ին «Արցախ» մամուլի ակումբում նաեւ նշեց, թե այդ հայտարարությունից հետո հայկական կողմը պետք է դիմեր միջնորդ պետություններին՝ ասելով, որ այս հայտարարությունների պարագայում հնարավոր չէ բանակցությունները շարունակել, կամ էլ պետք է առաջարկեր միջնորդներին՝ սանձել Ադրբեջանի նախագահին։ Քանի այդ քայլերը չեն կատարվել, հստակ է, թե մյունխենյան հանդիպումից հետո տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած իրարամերժ մեկնաբանություններն ինչ նպատակ են հետապնդում. ամեն ինչ արվում է Հայաստանից ինչ-որ զիջում կորզելու համար, որպեսզի ավելի հեշտ լինի Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը։

Նման զարգացումներից էր հենց Դաշնակցությունը զգուշացնում երկրի իշխանություններին, եւ այսօր, Վ. Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանը հայտնվել է ծուղակում։ Այդ ծուղակից մեր երկիրը պետք է դուրս գար դեռ մեկ տարի առաջ, երբ պարտադրվեց Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացը։ Այսօր դժվար է, բայց անհնար չէ։ Քաղաքական գործիչն առաջարկում է. «Ամենաճիշտ ճանապարհը արձանագրությունները չվավերացնելն է։ Դրանից որեւէ սարսափելի բան չի լինի. բանակցությունները կսկսվեն զրոյից կամ այն կետից, որը Հայաստանին հնարավորություն կտա խուսափել ներկա վտանգներից»:

Թուրքիայի իրական իշխանությունները՝ խորքային պետության ներկայացուցիչները, նկատելով, որ Թուրքիայում փոփոխություններ են լինում, օրինակ՝ բարձրաձայն քննարկվում է քրդական հարցը, ինչ-որ մարդիկ հայերից ներողություն են խնդրում, այս ամենից սկսել են անհանգստանալ։ Այս անհանգստությունը փարատելու համար թուրքերը արագացրին հայ-թուրքական հաշտեցման գործընթացը՝ հասկանալով, որ եթե այն երկար տեւի, գործընթացում կարող են Հայաստանի համար ձեռնտու տարրերն ավելանալ։

Առայժմ այս գործընթացից փորձում է շահել Ադրբեջանը, եւ Վ. Հովհաննիսյանը չի հավատում մեր իշխանությունների եւ համանախագոհողների հավաստիացումներին, թե բանակցային գործընթացում ազատագրված տարածքների վերադարձ չի քննարկվում։ «Համանախագահների հայտարարություններին չեմ հավատում։ Դադարել եմ հավատալ, որովհետեւ նրանց հայտարարություններում իրարամերժ տարրեր են երեւում, անընդհատ ասվում է, որ այս կամ այն հարցը չի քննարկվել։ Այդ դեպքում ի՞նչ է քննարկվել։ Ադրբեջանը մադրիդյան սկզբունքներից փորձում է քաղել իրեն ձեռնտու հատվածները։ Հայաստանը ժամանակին թույլ է տվել մարտավարական սխալ, որը հիմա վերածվում է ռազմավարականի. մենք սկզբում դնում էինք կարգավիճակի հարց, հետո միայն՝ այլ խնդիրներ։ Իսկ մեր հակառակորդները կարողացան հմուտ կերպով փոխել դա»,- նկատեց Վ. Հովհաննիսյանը։

Ինչո՞ւ ՀՅԴ-ն այս պահին ակտիվ գործողություններ չի ձեռնարկում։ Ցանկացած գործողության նպատակները պետք է հստակ լինեն եւ, Դաշնակցության ներկայացուցչի խոսքով, այն քաղաքական ուժերը, որոնց համար միտինգը ինքնանպատակ է, կարող են ժամանակ առ ժամանակ անցկացնել մասսայական միջոցառումներ։ Սակայն ՀՅԴ-ի նպատակը հետեւյալն է՝ թույլ չտալ արձանագրությունների՝ այս տեսքով վավերացումը։ Արձանագրություններն այսօր արդեն Սահմանադրական դատարանում են, եւ Վ. Հովհաննիսյանը վստահեցնում է, որ առաջիկայում ՀՅԴ մարտավարության մեջ փոփոխություններ կլինեն։