Քեն Խաչիկյան. Սփյուռքը կորցնում է հայոց շահերի պահապան շան կարգավիճակն ու վերածվում սենյակային շնիկի

KenHachikianՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) ատենապետ Քեն Խաչիկյանը աշխարհի բոլոր հայերին կոչ է արել կապիտուլյացիայի փոխարեն նախապատվությունը տալ գոյատեւման գաղափարին: Նա դա ասել է մեծաթիվ մարդկանց` կոալիցիայի գործընկերների եւ ԱՄՆ հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների ներկայությամբ, որ հավաքվել էին Փասադենայի Convention Center-ում` ամենամյա ճաշկերույթի:

Խաչիկյանն իր ելույթում մասնավորապես նշել է, թե «որպես հայեր` մենք շրջադարձային պահի ենք հասել: Մեր ժողովրդի համար երկու ճանապարհ կա` մեր անցյալի եւ ապագայի հետ կապված: Մի ճանապարհը կկանխորոշի մեր ազգի ճակատագիրը տասնյակ, անգամ հարյուրավոր տարիներ: Դա դեպի առաջ շարժվելու ընտրությունն է:

Դա ընտրություն է գոյատեւման եւ կապիտուլյացիայի միջեւ: Այդ ճակատագրական պահին ես կցանկանայի հիշեցնել ամերիկյան հեղափոխական Թոմաս Փեյնի խոսքերը. «Եթե կան ինչ-որ խնդիրներ, թող դրանք լինեն իմ կյանքի ընթացքում, որ իմ որդին խաղաղություն տեսնի»:

Խաչիկյանը նշել է, թե «նրանք, միջազգային հանրության ճնշման տակ, մեզ կստիպեն ընդունել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները` չնայած դրանք ակնհայտորեն սպառնում են Հայաստանի անվտանգությանը, հայերին զրկում են իրավունքներից եւ կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը:

Նրանք, որ առեւտուր են անում հայոց հողերով, մեզ կստիպեն ընդունել մադրիդյան սկզբունքները: Այդ հարցը պետք է արդար լուծում գտնի միջազգային հանրության կողմից: Դա, անխոս, կապիտուլյացիայի ճանապարհն է, որին մենք պիտի դիմագրավենք: Այստեղ Սփյուռքը կորցնում է հայոց շահերի պահապան շան կարգավիճակն ու վերածվում գերտերությունների սենյակային շնիկի»: