Հայ-թուրքական արձանագրություններն այս պահին գտնվում են Սահմանադրական դատարանում

AMconcourtՀայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները արդեն երեք օր է` գտնվում են Սահմանադրական դատարանում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը:

Նրա խոսքով, առաջիկա քսան օրերի ընթացքում պետք է գումարվի լիագումար նիստ, որի ընթացքում որոշվելու է արձանագրությունների` քննության ընդունելու ժամկետը:

«Եթե այդ պահին դատարանի անդամները ընդհանուր համաձայնության չեն գալիս, ապա դատարանը կարող է տասն օր երկարացնել: Որից հետո, ամիսը լրանալու պարագայում, դատարանը պարտավոր է կամ հետ վերադարձնել, կամ քննություն նշանակել», – հավելեց Առուշան Հակոբյանը` նկատելով, որ նույն լիագումար նիստում որոշվելու է նաև այդ արձանագրությունենրի սահմանադրականությունը:

Դատարանը նաև պետք է որոշի` քննարկումները բա՞ց են լինելու, թե՞ փակ: ՍԴ աշխատակազմի ղեկավարը դժվարացավ ասել` ինչպիսի որոշում կկայացվի:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը հետևյալն է։ Արտգործնախարարությունը նախաձեռնում է ստորագրված փաստաթղթերի միջգերատեսչական ընթացակարգ, ինչից հետո փաստաթղթերն ուղարկվում են Հայաստանի նախագահին: Երկրի ղեկավարը ստորագրված արձանագրություններն ուղարկում է Սահմանադրական դատարան: Այնտեղ քննարկելուց հետո որոշում է կայացվում արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ, իսկ որոշումն ուղարկվում է նախագահին:

Համապատասխանության մասին որոշում կայացվելու պարագայում ՀՀ նախագահը, իր հերթին, փաստաթղթերն ուղարկում է Ազգային ժողով՝ քննարկման և վավերացման: Ազգային ժողովում սահմանված կարգով վավերացվելուց հետո Արտաքին գործերի նախարարությունը արձանագրությունների վերաբերյալ վավերագիր է կազմում և ներկայացնում նախագահի uտորագրմանը:

Վավերագիրն ամրագրվում է Հայաստանի Հանրապետության կնիքով և արտգործնախարարի ստորագրությամբ: Ավարտական փուլում տեղի է ունենում վավերագրերի փոխանակում, որից հետո դրանք մտնում են ուժի մեջ:

Panorama.am