Պերճ Զեյթունցյան. Խելքներդ գլուխներդ հավաքեք

Սահմանները պետք է բացվեն, այդ առումով առարկություն չի կարող լինել: 21-րդ դարում սահմանները չպետք է փակ լինեն: Դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն` սա էլ է անհրաժեշտ: Բայց կան մի քանի կետեր այդ արձանագրություններում, որոնք ինձ անհանգստացնում են: Սահմանների ճանաչման խնդիրը: Դա նշանակում է ճանաչել 1921 թվականի Կարսի պայմանագիրը: Դա ակնհայտ է այդ արձանագրություններում: Կարծում եմ, որ կարելի է ընդհանրապես չնշել այդ մասին: Ինչո՞ւ ենք մենք ուզում այդ քայլով մեր հաջորդ սերունդներին զրկել Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու իրավունքից:

Դեմ եմ նաեւ միջկառավարական պատմական ենթահանձնաժողովի ստեղծմանը: Ասում են, թե դա պատմաբանների հանձնաժողով չէ, բայց, կներեք, այդ դեպքում ի՞նչ է: Մեծ տարբերություն չեմ տեսնում: Ի՞նչ պետք է քննարկենք` Ցեղասպանության խնդիրը, քննարկենք` եղե՞լ է Ցեղասպանություն, թե` ոչ: Այսպիսի հարց քննելը մեր կողմից պարզապես աբսուրդ է: Աբսուրդ է, քանի որ աշխարհի շուրջ 20 պետություն ճանաչել է Ցեղասպանությունը, երբ ԱՄՆ շուրջ 40 նահանգներ ճանաչել են, դա այստեղ քննարկելով, կնշանակի` մենք մեզ ձեռ ենք առնում: Մի քանի անգամ ասել եմ եւ հիմա էլ եմ ասում: Ի՞նչ պետք է քննարկեն պատմաբանները, կամ ինչպե՞ս պետք է բացատրեն, թե ինչո՞ւ ես եւ իմ նման միլիոնավոր հայեր չենք ծնվել Հայաստանում, այլ` օտար երկրում: Պատմաբաններն ինչպե՞ս պետք է բացատրեն, թե ինչպե՞ս է առաջացել Սփյուռքը:

Կարո՞ղ են ինձ բացատրել, թե ես ինչո՞ւ եմ առանց տատիկի եւ պապիկի մեծացել, ինչո՞ւ եմ ես մենակ մեծացել Հայաստանում եւ միակ հարազատս հորաքույրս է եղել: Մեր երկու մեծ` Զեյթունցյան եւ Մանուկյան գերդաստանից ոչ մեկի հետ չեմ ապրել: Սա իմ ողբերգությունն է:

Ես չգիտեմ, մենք հնարավորություն ունե՞նք այդ փաստաթղթերում ինչ-որ բան փոխելու, որովհետեւ այս երկու կետերի վերաբերյալ մեծ խելք պետք չէ ունենալ, հասկանալու, որ դրանք վտանգավոր են հայության համար:

Միայն մի բան եմ ուզում ասել` խելքներդ գլուխներդ հավաքեք:

«ԵՐԿԻՐ»