Թուրքիայի նպատակն է փոխել տարածաշրջանում հաստատված դրությունը

TURKEY ARMENIA Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում Թուրքիայի նպատակն է ընդհանուր սահմանի երկկողմանի ճանաչումը՝ խորհրդարանում, պետբյուջեի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

«Արձանագրությունները հստակորեն որոշում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող սահմանները, եւ այդ փաստաթղթերում Թուրքիայի շահերին հակասող որեւէ դրույթ չկա», – ըստ «Անադոլու» գործակալության` ընդգծել է թուրք արտգործնախարարը։

«Պաշտոնական Անկարան հսկայական կարեւորություն է տալիս Ադրբեջանի տարածքների պաշտպանությանը», – հավաստիացրել է Ահմեդ Դավութօղլուն եւ հերթական անգամ հիշատակել. – «Ադրբեջանը կորցրել է իր տարածքների 20 տոկոսը։ Այս ստատուս-քվոն չի փոխվել վերջին 17 տարիների ընթացքում, եւ եթե մենք եւս 10 տարի չփորձենք փոխել գոյություն ունեցող իրավիճակը, այն կդառնա մշտական»։

Ընդգծելով, որ Թուրքիայի վերջնական նպատակն է փոխել տարածաշրջանում հաստատված դրությունը՝ դիվանագիտական ճանապարհով, Դավութօղլուն ասել է. – «Հայ – թուրքական արձանագրություններով մենք կարող ենք ոչ միայն կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այլեւ խաղաղ մթնոլորտ ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչը կարող է ճանապարհ հարթել՝ ադրբեջանական տարածքները ազատագրելու համար»։

Անդրադառնալով քննադատություններին, թե Թուրքիան փոխել է արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Դավութօղլուն հայտարարել է. – «Թուրքիան միաբեւեռ երկիր չէ, մեր աշխարհագրությունը մեզ նման բան թույլ չի տալիս, եւ մենք մշտապես կհետաքրքրվենք այն ամենով, ինչ զարգանում է մեր շուրջը. սա ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն»։

«Մենք տանուլ կտանք, եթե քայլեր չձեռնարկենք արտաքին քաղաքականության ոլորտում», – Թուրքիայի խորհրդարանում վստահեցրել է Ահմեդ Դավութօղլուն։

Հեղինե Բունիաթյան

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2009