Հ.Յ.Դ. Մամլոյ Հաղորդագրութիւն

ARF-Logo-sՆոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Լիբանանի մայրաքաղաք Բէյրութում տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի հերթական լիագումար նիստը:

Օրակարգում նախորդ լիագումարների որոշում-առաջադրանքներից բխող ծրագրերի հաստատումն էր, արդէն կատարուած աշխատանքների գնահատումը, կազմակերպական, քարոզչական անելիքների ճշգրտումը, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրաւէրների քննարկումը:

Լիագումարը առանձնակի ուշադրութեամբ անդրադարձաւ Հարաւային Կովկասում ստեղծուած նոր կացութեանը, պետականութեանն աջակցելու կուսակցու-թեան, ուղեկից կառոյցների, Հայ Դատի գրասենեակների անելիքներին, Արցախի հիմնախնդրի, հայ-թուրք յարաբերութիւնների վերջին զարգացումներին, հայկական ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ կատարուելիք հրատապ քայլերին:

Կրկին շեշտուեց, որ Արցախի հիմնահարցի վերջնական կարգաւորումը հնարաւոր է միայն խաղաղ-բանակցային գործընթացով, որտեղ ԼՂՀ-ն հանդէս կը գայ իբրեւ բանակցային կողմ:

Նկատի ունենալով, որ մոսկովեան հռչակագրի ստորագրումից յետոյ էլ Ադրբեջանը չի հրաժարւում ռազմաշունչ հռետորիկայից` չափազանց կարեւոր է, որ հարցը շարունակաբար մնա համազգային օրակարգում` իբրեւ Հայաստանի ու հայութեան լինելիութեանն ու անվտանգութեանը առնչուող գերխնդիր: Բանակցային գործընթացում մեզ համար հիմք պէտք է ծառայի Արցախի ժողովրդի ինքնորոշման փաստը, որը տեղի է ունեցել երկու առիթներով, 1991թ. անկախութեան եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրութեան ընդունման հանրաքուէներով: Փոխզիջումնէրը կարող են լինել միմիայն համարժէք, հաւասարաչափ, միաժամանակեայ եւ տեղադրուել փաթեթային ամբողջական լուծման համակարգում:

Կրկին հաստատելով, որ Հայաստանն ու Թուրքիան` իբրեւ հարեւան պետութիւններ, պէտք է շարունակեն յարաբերութիւնների բնականոնացման ջանքերը, միաժամանակ ընդգծուեց, որ Թուրքիայի կողմից մինչեւ այժմ որեւէ դրական քայլ չի արուել: Ընդհակառակը` փորձ է արւում առկայ շփումները օգտագործել իբրեւ ցեղա¬սպա-նութեան ճանաչման գործընթացը կասեցնելու միջոց, իսկ երկու պետութիւնների յարաբերութիւնները պայմանաւորել երրորդ երկրի` Ադրբեջանի հետ Հայաստանի յարաբերութիւններով:

Այս համատեքստում գնահատուեց մեր երկրի բարձրագոյն ղեկավարութեան միակամութիւնը առ այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականութեան ռազմավա-րական ուղղութիւններից մէկը Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր, այդ թւում` Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է: Միւս կողմից շեշտուեց, որ Հայաստան-Թուրքիա փոխյարաբերութիւնների կարգաւորման այսրոպէական կարեւո-րութիւնը հայոց պետականութեան կողմից չպէտք է գերագնահատուի սերունդների իրաւունքներից:

Քննարկուող բոլոր հարցերի վերաբերեալ ընդունուեցին համապատասխան որոշումներ` միշտ մեկնակէտ ունենալով կուսակցութեան քաղաքական ուղեգծի այն հիմնարար դրոյթը, ըստ որի` Հ.Յ. Դաշնակցութեան գերխնդիրը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան, անվտանգութեան եւ առաւելագոյն ինքնուրոյնութեան ապահովումն է:

Հ.Յ.Դ. ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ
2 Դեկտեմբեր 2008

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ