ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ARF-Logo-sՀայ Յեղափոխական Դաշնակցության Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերջին ամիսներին եղել է Հայաստանի պետական-քաղաքական օրակարգի առանցքային հարցը։

ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն։ Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել։

Մեզ համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների՝ ազգային-պետական իրավունքների հաշվին։

Հաստատակամ այս սկզբունքներին՝ մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը։

Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած՝ Արցախյան հիմնախնդրի եւ ընդհանրապես բացահայտ հակահայկական հայտարարությունների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում, այդ փաստաթղթի ի հայտ գալը հարվածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին։

Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին։

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
23 ապրիլի 2009թ.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ