ՀՀ Նախագահ. «Մենք երբեք որևէ նախապայման չենք կարող ընդունել»

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին

Պրն Թուրքեշ, Թուրքիա, Եվրոպայի պահպանողականների խմբի անունից.
-Պարո՛ն նախագահ, չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև կան ստորագրված արձանագրություններ, կարծում եմ, որ դա որևէ մեկի օրակարգում չէ: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հայ-թուրքական հարաբերություններում լճացումը շարունակվելու է տեսանելի ապագայում: Արդյոք հնարավո՞ր է՝ Ձեր երկրում մարտին կայանալիք նախագահական ընտրություններից հետո Հայաստանը որևէ քայլ կատարի, որը ցույց կտա նրա մտադրությունը՝ կարգավորելու հարաբերությունները տարածաշրջանում:

29022_ss– Գիտեք, մենք լավ չենք հասկանում թուրքական կողմի պահանջը՝ որևէ քայլ կատարելու: 2008 թվականին՝ իմ ընտրվելուց հետո, ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում, և արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահի և իմ միջև, բանակցություններն ինտենսիվ շարունակվեցին, և մենք Շվեյցարիայում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ստորագրեցինք երկու փաստաթուղթ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին: Մինչ բանակցություններ սկսելը և հենց բանակցությունների արդյունք հանդիսացող այդ փաստաթղթերում շատ հստակ ամրագրված է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների, բայց, ցավոք սրտի, արձանագրությունները ստորագրելուց հետո թուրքական կողմը մշտապես փորձում է, և հիմա էլ՝ մինչև այսօր էլ, այդ փորձերը շարունակվում են, նախապայմաններ առաջադրել: Մենք միջազգային պրակտիկայում այդպիսի օրինակի չենք հանդիպել. բոլոր պայմանները բանակցվում են մինչև փաստաթուղթ ստորագրելը, իսկ փաստաթուղթ ստորագրելուց հետո էլեմենտար բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները: Մենք հիմա արդեն ինը տարի անց նորից լսում ենք թուրքական կողմից ինչ-որ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն: Արդյոք երկրների միջև հարաբերություններ հաստատելը պե՞տք է ուղեկցվի ինչ-որ ժեստերով, ինչ-որ զիջումներով: Փաստաթղթում շատ հստակ ամրագրված է, որ հաստատել հարաբերություններ, այնուհետև անդրադառնալ երկու երկրների միջև եղած բոլոր կնճռոտ հարցերին, իսկ թուրքական կողմը, նորից եմ կրկնում, նախապայմաններ է առաջադրում:

Մենք երբեք որևէ նախապայման չենք կարող ընդունել: Այո՛, Թուրքիան հզոր պետություն է, Թուրքիան հսկայական պոտենցիալ ունի, և Հայաստանի պոտենցիալը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի: Եթե այդպես լինի, ապա Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան բնակչության և տնտեսական առումով, և այդ հզոր երկրներն էլ Թուրքիայի հետ պետք է խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով: Կարծում եմ, որ թուրքական իշխանություններն ու թուրք ժողովուրդն այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի: Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումներ: Ուղղակի շատ ցանկալի կլինի, անկախ նրանից, որ այդ արձանագրությունները Հայաստանի կողմից մոտ ժամանակներս՝ մինչև գարուն, առ ոչինչ են հայտարարվելու, որովհետև անիմաստ են դրանք:

Կարծում եմ ճիշտ կլինի, որ թուրքական կողմը տարածաշրջանում կայունությունը՝ այս փխրուն կայունությունը պահպանելու համար հրաժարվի իր կողմնակալ դիրքորոշումից և միանշանակ Ադրբեջանին սատարելու քաղաքականությունից: Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիան միակ պետությունն էր աշխարհի, ով սատարեց այդ ռազմական գործողությունները, և նախագահի ու վարչապետի մակարդակով չորս օրում հինգ հայտարարություն ընդունվեց՝ ի պաշտպանություն Ադրբեջանի: Այդպիսի պարագաներում ի՞նչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել: Դա մեր ժողովրդի համար վիրավորական կլինի: Հարաբերություներ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների: