Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւն ընդունվեց Կոնգրեսի հանձնաժողովում

Կեսգիշերն անց, Երեւանի ժամանակով 1-ն անց 30-ին ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել է Հայերի Ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձեւը: Քվեարկության ողջ ընթացքում դեմ ձայները գերակշռում էին, բայց վերջին րոպեներին բացակա կոնգրեսմենները ներկայացան քվեարկության եւ քվեների հավասարակշռությունը փոխվեց հոգուտ բանաձեւի: Քվեարկությանը չմասնակցեց միայն մեկ կոնգրեսական:

Քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամները հանդես են եկել ամփոփիչ ելույթներով: Նկատենք, որ Կոնգրեսում քվեարկությանը նախորդած քննարկումների ընթացքում, կոնգրեսականներից ոչ ոք չի ժխտել Հայերի ցեղասպանության փաստը:

Հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների ու նաեւ թուրք-ամերիկյան ռազմատնտեսական շահերի վտանգում. սրանք Հայոց Ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձեւի ընդդիմախոսների հիմնական պնդումներն էին: Կողմնակիցներն էլ ընդգծում էին պատմական արդարությունը վերականգնելու, ինչպես նաեւ հետագա ցեղասպանությունները կանխելու` բանաձեւի ընդունման կարեւորությունը: Իսկ բանաձեւն ընդունվեց 23 “կողմ”, 22 “դեմ” հարաբերակցությամբ: Կոնգրեսականներից միայն մեկը չներկայացավ քվեարկությանը:

Դեն Բըրթոն. “Մենք կարեկցում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր տուժել են այդ ժամանակ: Սակայն Թուրքիայում կարեւոր ռազմական ծրագրերը ձախողելու մեծ ռիսկի ենք դիմում, ինչը կենսական է Մերձավոր Արեւելքի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների անվտանգության համար”:

Բրեդ Շերման, Կարլիֆորնիայից կոնգրեսական ներկայացուցիչ. “Թուրքիան պետք է վերջապես ընդունի, որ մենք 23 միլիարդ դոլար օգնություն ենք տալիս նրանց, մենք նրանց փրկեցինք կոմունիզմից, մենք օգնեցինք` կառուցել նավթատար խողովակ, ինչի արդյունքում նավթ են ստանում հիմա, մենք կանխեցինք Թուրքիայի տարածքում քուրդիստանի անկախ պետության ստեղծումը, եւ վերջապես մերն է ամենանշանակալի խոսքը` այդ երկրի համար Եվրամիություն մուտք գործելու հարցում: Այս ամենի հետ միասին, այսօր Թուրքիան պահանջում է, որ վախկոտի նման գործենք ու չճանաչենք ճշմարտությունը”:

Քննարկումների ժամանակ դեմոկրատ Դայան Վաթսոնը հայտարարել է, որ պահն է եկել, երբ ԱՄՆ-ը պետք է պարզ ճակատով ընդունի ճշմարտությունը: Մինչդեռ հակադարձողներ եղան, որ վստահ էին` հակառակը, նման բանաձեւը ընդունելու հարմար պահ չէ:

Դեն Բըրթոն, Ինդիանայից կոնգրեսական ներկայացուցիչ. “Կասկած չկա, որ այս դեպքերը տեղի են ունեցել, սակայն հարցը նրանում է` արդյոք ճիշտ որոշում է ընդունել նման բանաձեւ հիմա: Ինչ է տալու դա, չեմ կարծում` որեւէ լավ բան”:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էլ բացատրել է.

Հովարդ Բերման, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ. “Կոնգրեսում իմ պրակտիկայի 27 տարիների ընթացքում չեմ հիշում որեւէ ժամանակաշրջան, երբ հարմար լիներ, ընդունել այս բանաձեւը”:

Նիստերի դահլիճում բանաձեւի քննարկմանը հետեւել են Միացյալ Նահանգներում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանները, նաեւ երկու երկրների պատգամավորական պատվիրակներ:

Քեն Հաչիկյան, ՀՅԴ Հայ Դատի ԱՄՆ-ի հանձնախմբի ատենապետ. “Գոհ ենք, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընտրեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա Թուրքիայի կողմից ճնշում գործադրելու փորձերը կանխելու տարբերակը եւ սատարեց արդարությունը: Ակնհայտ էր, որ Թուրքիայի կառավարությունը խիստ ճնշումներ էր գործադրում հանձնաժողովի անդամների նկատմամբ: Նույնիսկ երեկ ուշ երեկոյան ամերիկյան վաչակազմն էր պահանջել չհաստատել բանաձեւը: Մենք ողջունում ենք երկու կուսակցություններից կոնգրեսականների որոշումը եւ պատրաստվում ենք առաջ շարժվել` արդեն Կոնգրեսի Լիագումար նիստում բանաձեւը քվեարկության դնելու համար”:

Լսումներին մասնակցում էին նաեւ ցեղասպանությունը վերապրած 109, 98, 97 տարեկան ամերիկաբնակ հայեր: